Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացուհիների ու թրքուհիների գերադասելի հայերը

Մայիս 11,2011 00:00

\"\"
Տիգրան Գ. Մարտիրոսյան
եւ Արա Խաչատրյան:

\"\"
Աղասի Աղասյան:

ՈՐ հայ տղաները տարբերվում են այլազգիներից՝ փաստ է: Փաստ է նաեւ, որ հայ աղջիկները սկսել են թերագնահատել մեր տղաների արժանիքները: Այսօր հայուհիների համար տղամարդու իդեալ եւ ամուսնու կատարելատիպ են Էնրիկե Իգլեսիասը, Լիոնել Մեսսին, Իկեր Կասիլիասը, Ֆերնանդո Տորեսը եւ այլք: Իսկ հայերից այս ցուցակում ընդգրկվելու շանսեր ունեն Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Արամեն, Միշոն, Միհրան Ծառուկյանը…… եթե, իհարկե, արտասահմանի մարզական եւ շոու բիզնեսի աստղերը թույլ կտան հիշել նրանց:
Վրաստանում պատկերն այլ է: Թաթարստանի մայրաքաղաքում ապրիլին անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 քաշայինների պայքարից հետո վրացուհիները հասկացան՝ Աղասի Աղասյանն իդեալական տղամարդ է: «Նա պարզապես հրաշք է: Նրա աչքերը, դիմագծերը ոչ ոք չունի: Նրա նմանը չկա: Կարծում եմ, նա ցանկալի է բոլոր աղջիկների համար», «Նա շատ գեղեցիկ արտաքին տվյալներ ունի, որին գումարվում է նաեւ առնականությունը», ահա այսպես էին բնութագրում Աղասիին միայն մեկ անգամ տեսած վրացուհիները: Նրանցից մեկը նույնիսկ կատակով ասաց. «Ափսոսում եմ, որ ամուսնացել եմ: Եթե ամուսնացած չլինեի, հանուն նրա անպայման մի օր կայցելեի Հայաստան՝ տեսնելու եւ, ինչու ոչ, նաեւ ամուսնանալու հույսով»: Վրացուհիներից մեկն էլ ասաց. «Ես ծանրամարտի երկրպագու չեմ, բայց, եթե նախապես իմանամ, որ աշխարհի առաջնությանը նա մասնակցելու է, անպայման կհետեւեմ»: Վրացուհիների ցանկալի տղամարդկանց ցուցակում են նաեւ Արթուր Աբրահամն ու Անդրեն:
Հայ մարզիկներին, որքան էլ զարմանալի թվա, գնահատում են նաեւ թրքուհիները: Նրանց ուղղված մեր հարցին, թե աշխարհի տղամարդկանցից ո՞ւմ են առավել գնահատում, պատասխանները հետեւյալն էին՝ անցած տարվա ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին, վնասվածք ստացած Արա Խաչատրյանին, «Տոկիո Հոթել», «Մանգա» ռոք խմբերի տղաներին եւ Հարել Սկաթին: Պատահական չէ, որ թրքուհիների հիշողության մեջ տպավորվել էին հայ երկու ծանրորդները: «Տիգրանին անձամբ մոտիկից տեսել եմ: Համակրելի արտաքին ունի: Շատ եմ հավանել նրան: Ափսոս, ինձնից ցածրահասակ է», – ասաց մի թրքուհի: «Արա Խաչատրյանն իսկական հայ տղամարդ է: Ցավում եմ, որ մեզ մոտ՝ Անթալիայում անցկացված աշխարհի առաջնությունում նա վնասվածք ստացավ: Ճիշտ է, մեզ մոտ դարերով եկած չլուծված խնդիրներ կան, բայց իսկապես չէի ցանկանա, որ նման բան լիներ նրա հետ», – ասաց Թուրքիայի ծանրամարտի բազմակի չեմպիոններից մեկի քույրը, բայց խնդրեց իր անունը չհրապարակել: «Տիգրան Մարտիրոսյանն ամենահմայիչ երիտասարդն է, որին ես երբեւէ հանդիպել եմ: Կուզեի մեկ անգամ էլ տեսնել նրան: Հավատացեք, նա հեռուստատեսությամբ այլ է, իրականում՝ այլ: Վատ չէր լինի, եթե մեկ անգամ էլ նա գար մեզ մոտ մրցումների: Վստահ եմ, աշխարհի ամենաերջանիկն ու բախտավորը կլինի նա, ով կամուսնանա ձեր Տիգրանի հետ: Ես ինձ նրա թիվ մեկ երկրպագուն եմ համարում», – խոստովանեց թուրք լրագրողն ու խնդրեց մեզ՝ անպայման տեղեկացնել իրեն, եթե Տիգրանը որոշի ամառային արձակուրդներն անցկացնել Անթալիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել