Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ «ԱՐՄՆՅՈՒԶԸ»

Մայիս 12,2011 00:00

Վարչական դատարանում երեկ տեղի ունեցավ «Ա1+»-ի հայցի քննարկման նախնական դատական նիստը: Հայցով «Ա1+»-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից (ՀՌԱՀ) պահանջում է չեղյալ համարել 2010թ. դեկտեմբերի 16-ի 96Ա որոշումը, որով «Ա1+»-ը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում պարտվող էր ճանաչվել: ՀՌԱՀ-ը 6 չափորոշիչներից կենտրոնացել էր «Ա1+»-ի մրցութային փաթեթի ֆինանսական կողմի վրա՝ պատճառաբանելով, թե անճշտություններ կան: Դատական նիստը սկսվեց շուրջ կես ժամ ուշացումով, քանի որ դատավոր Արգիշտի Ղազարյանն այլ նիստի էր: «Ա1+»-ի նկարահանող խմբին նա արգելեց տեսանկարահանում անցկացնել՝ պատճառաբանելով, որ դա կխոչընդոտի իր աշխատանքին: «Ա1+»-ի շահերը ներկայացնող Ալեքսանդր Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատաքննությանն իբրեւ 3-րդ կողմ ընդգրկել «Արմնյուզ» ՓԲԸ-ին: ՀՌԱՀ-ի որոշմամբ հենց այս հեռուստաընկերությունն էր հաղթող ճանաչվել: Նիստին մասնակից ՀՌԱՀ-ի ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը դեմ չարտահայտվեց, եւ դատավոր Ղազարյանը այն բավարարեց: Փաստաբանի պատճառաբանությամբ՝ դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ. «Եթե 3-րդ անձանց իրավունքներն ու շահերը, պարտականությունները շոշափվում են դատական ակտով, ապա ինքը պարտավոր է ներգրավված լինել գործի մեջ: Եթե ներգրավված չէ, ապա նա ցանկացած պահի, երբ այդ մասին իմանա, իրավունք ունի այդ ակտը վիճարկելու եւ պահանջի, որպեսզի անվավեր ճանաչվի»: Եթե անվավեր ճանաչվի 96Ա որոշումը, ապա նրա ասելով՝ դա նշանակում է, որ ՀՌԱՀ-ը պարտավոր է կրկին նոր մրցույթ անցկացնել, եւ այդ հիմքով էլ կշոշափվեն «Արմնյուզ»-ի շահերը: Դատական այսօրվա նիստի ժամանակ փաստաբանը, ներկայացնելով հայցադիմումն ու պահանջը, ընդգծեց, որ «Ա1+»-ի մրցութային փաթեթում անորոշություններ չէին լինի, եթե չլիներ ՀՌԱՀ-ի անգործությունը: Հենց դրա հետեւանքով էլ «Ա1+»-ի մրցութային փաթեթի անճշտությունները ժամանակին չեն հայտնաբերվել ու դրանց մասին չեն տեղեկացրել հեռուստաընկերությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել