Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունից մինչեւ «Եվրատեսիլ»

Մայիս 12,2011 00:00

«Հ1»-ի եթերում կրթական հաղորդաշարերը կավելանան, իսկ Էմմիի անհաջողությունը Ալեքսան Հարությունյանը Հանրայինի հետ չի կապում

“Հանրայինի հետ միասին փորձում ենք ստեղծել կրթական բովանդակություն»,- երեկ ԿԳՆ-ում հրավիրված ասուլիսին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարություն էր հրավիրվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, որպեսզի ԿԳՆ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջեւ ստորագրվի համաձայնագիր, որի նպատակն է Հանրային հեռուստաընկերության եթերում ապահովել կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության հաղորդումների բազմազանություն: Նախարարը նշեց. «Համաձայնագիրն ունի չորս հիմնական ուղղություն. առաջինը Հանրայինի եթերում արդեն մեծ վարկանիշ ունեցող «Հայ ասպետ» խաղի հեռարձակման հետ կապված խնդիրներն են: Այդ հաղորդաշարն այսուհետեւ հովանավորվում է ԿԳՆ կողմից: Մյուս ուղղությունը սոցիալական գովազդն է, որը հզոր զենք է մեր ձեռքերում՝ ապահովելու հասարակական ուշադրություն կրթության եւ գիտության նկատմամբ: Հանրայինի հետ ունենք նաեւ անիմացիոն, կրթական ֆիլմերին վերաբերող նախագիծ, որի շրջանակներում Ռոբերտ Սահակյանցի՝ ռուսական շուկայի համար ստեղծված ուսումնական ֆիլմերը կհայաֆիկացվեն, եւ հեռուստադիտողը Հանրայինի եթերում իրեն հարմար ժամի կարող է դրանք դիտել: Իսկ համաձայնագրի չորրորդ ուղղությունը բաց է թողնված, ինչը բաց պատուհան է նոր ծրագրերի, նախագծերի, առաջարկությունների համար»: Ա. Հարությունյանը հավելեց, որ համագործակցությունը նախարարության հետ իր ազդեցությունն է թողնելու անգամ սերիալների բովանդակության վրա: Այս կապակցությամբ լրագրողներին հետաքրքրեց՝ փոփոխություններ սպասվո՞ւմ են բազմիցս քննադատությունների ենթարկված «Հրեշտակների դպրոցը» սերիալում, քանի որ այն վարկաբերում է դպրոցը: Ա. Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ սերիալը վարկաբեկում է դպրոցը, համենայնդեպս՝ ուսուցիչների, դպրոցների տնօրենների կողմից ստացված նամակները դրա մասին չեն խոսում: Ավելին, սերիալի սցենարի հեղինակը ուսուցչուհի է, մյուս կողմից էլ սկզբում ավելի շատ էին քննադատությունները, իսկ այժմ սերիալն այլ ուղղության վրա է: Այդտեղ արծարծվում են դպրոցում եղած վատ երեւույթները, անդրադարձ կլինի դպրոցներում դրամահավաքության խնդրին, ինչի համար կպատժվեն ուսուցիչները եւ այլն»:
Ա. Աշոտյանն էլ նկատելով, որ կրթական, գիտական բնույթի հաղորդումների՝ հեռուստաեթերում ներկայացվածության առումով վիճակն օրհասական է, հույս հայտնեց, որ ԿԳՆ-Հանրային համագործակցությունը վարակիչ կլինի նաեւ մյուս հեռուստաընկերությունների համար: Նաեւ հավելեց. «Մյուս կողմից էլ խնդիրը միայն բովանդակության մեջ չէ: Այսօր էլ հեռուստաառաջարկում նման հեռուստածրագրեր կան, բայց որքանո՞վ են դրանք պահանջված»: ԿԳ նախարարը շեշտեց, որ հեռարձակվելիք կրթական բովանդակության ծրագրերը տեղադրվելու են ամենապոպուլյար ժամերին:
Կրթական հաղորդումներից սահուն անցում կատարվեց նաեւ եվրատեսիլյան կրքեր: Լրագրողները պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ մի՞թե Էմմիի՝ եզրափակիչ չանցնելու պատճառը նաեւ այն էր, որ Հանրայինի եթերում քարոզչություն քիչ իրականացվեց: Ա. Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանը 2005-ից մասնակցում է «Եվրատեսիլին», եւ լավագույն տասնյակում հայտնվելը կարծես թե ավանդույթ էր դարձել: Բայց չպետք է մոռանալ, որ սա մրցույթ է, եւ բազում պատճառներով կարող են այլ արդյունքներ լինել: Թուրքիան եւս չանցավ եզրափակիչ, ինչը երբեք տեղի չէր ունեցել: Ինչ վերաբերում է Էմմիին եւ նրա երգին, նույնիսկ տեսահոլովակը նկարահանվեց Գերմանիայում՝ Արթուր Աբրահամի մասնակցությամբ, որտեղ նա կուռք է… այստեղ խնդիրն այն է, որ մենք բոլորս աջակցենք Էմմիին, քանի որ նա պիտի շարունակի երգել, համերգների մասնակցել, եւ սրանից մեծ ողբերգություն պետք չէ սարքել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել