Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆՆ ԷԼ Է ԱՍՈՒՄ՝ ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Մայիս 12,2011 00:00

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն անցյալ շաբաթ բոլոր անկուսակցականներին, «եդինառոսներին» ու նաեւ այլ կուսակցությունների անդամներին առաջարկել էր համախմբվել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի շուրջ, առաջիկա իր երկու օրերը կնվիրի շփումներին այն մարդկանց հետ, ովքեր արդեն պատրաստակամություն են հայտնել մտնել այդ նոր միավորման հովանու տակ: BBC-ի փոխանցմամբ, քաղաքագետները ճակատի ձեւավորման հարցում վարչապետի շտապողականությունը բացատրում են դեկտեմբերին կայանալիք ընտրություններով եւ ամառային արձակուրդներով պայմանավորված առաջիկա քաղաքական «թայմ աուտով»:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «նախաձեռնության հետ համամիտների» թվում մատնանշել է մասնավորապես Ռուսաստանի կանանց միության ղեկավար Եկատերինա Լախովայի, Անկախ արհմիությունների դաշնության ղեկավար Միխայիլ Շմակովի, Ալեքսանդր Շոխինի, Գյուղատնտեսների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ընկերակցության նախագահ Վլադիմիր Պլատոնիկովի եւ «Եդինայա Ռոսիայի երիտասարդ գվարդիայի» առաջնորդ Թիմուր Պրոկոպենկոյի անունները:
Մայիսի 11-12-ին Պուտինի առաջնորդած «Եդինայա Ռոսիայի» ղեկավարության հետ կայանալիք հանդիպման ժամանակ ծրագրվում է լուծել Ճակատի ձեւավորմանն ու ինչ-որ «խարտիայի կամ հուշագրի» նման մի բան ստեղծելուն առնչվող հարցեր: Պեսկովն ասել է, թե Ճակատը մտադիր է միավորել բոլոր նրանց, ովքեր համոզված են «երկիրը աստիճանաբար զարգացնելու անհրաժեշտության» մեջ:
Քաղաքագետները Համառուսաստանյան ժողովրդական ճակատ ստեղծելու նախաձեռնությունը գնահատում են որպես վարչապետ Պուտինի կողմից դեկտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրությունների նախաշեմին մարդկանց իր շուրջը համախմբելու փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել