Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 28,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներեքերորդ

ԳՐՈԶՆԻԻՑ ՀԵՏՈ

Վաթսունականներին հայ ֆուտբոլասերների սրտերը միանշանակ Հովիվյան Սաքոյին էին պատկանում, բայց էդ թվերին ամենից ավելի Հովիվյան Սաքոյին էր պատկանում ֆուտբոլային մեկնաբան ու բժիշկ Լեւոն Դանիելյանի սիրտը, եւ Լեւոն Դանիելյանն էլ էր մեծատառով Ծաղրածու, որովհետեւ ինքը ոչ թե պարզապես ֆուտբոլային խաղ էր վարում ու մեկնաբանում, այլ իսկական ու մեծ ուրախություն էր պարգեւում ակնդիրներին ու մանավանդ ունկնդիրներին, եւ Լեւոն Դանիելյանի հոգու ողջ ցնծությունը հատկապես ռադիոլսողներին էր անմնացորդ ու ամբողջովին փոխանցվում, որովհետեւ հեռուստացույցն ու իրական ֆուտբոլն ակնդիրներին շարունակ շեղում էին Դանիելյանի ոսկեղենիկ հայերենից ու հոգու անվերջանալի տվայտանքներից, եւ հիմնականում էդ էր պատճառը, որ իսկական ֆուտբոլասերները մարզադաշտ գնում էին «Արարատի» մարզումներն ու փոխարինող կազմի խաղերը նայելու, իսկ հիմնական կազմի խաղերը հիմնականում հեռուստացույցով էին նայում կամ ռադիոյով էին լսում, որպեսզի Լեւոն Դանիելյանի պատկերացրած ֆուտբոլը վայելեին, որովհետեւ Լեւոն Դանիելյանը ռադիոյով ու հեռուստատեսությամբ նկարագրում էր ոչ թե էն ֆուտբոլը՝ որ մարզադաշտում էր խաղացվում, այլ էն ֆուտբոլը՝ որն ինքն էր պատկերացնում ու փափագում, եւ իսկական ֆուտբոլասերներս մանավանդ Գրոզնիից հետո չէինք կարող փոխարինող կազմերի խաղերին մարզադաշտ չգնալ՝ ոչ միայն էն պատճառով, որ փոխարինողների ելույթները հեռուստատեսությամբ ու ռադիոյով չէին հեռարձակվում, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ «Արարատի» փոխարինողների խաղերն ավելի հետաքրքիր էին, քան՝ հիմնական կազմինը, ու էդպես էր հատկապես Գրոզնիից հետո, երբ «Արարատն» արդեն բարձրագույն խմբում էր, եւ չնայած Հովիվյանը շարունակում էր հիմնական կազմում գլուխը խնայել, Ֆալյանն էլի չէր համարձակվում Հովիվյանին մեկուսացնել, որովհետեւ ֆուտբոլասերների մեծ մասը ոչ թե ֆուտբոլ նայելու նպատակով էր մարզադաշտ գնում, այլ՝ Հովիվյանին տեսնելու համար, չնայած, այդուհանդերձ, իսկական հովիվյանասերները տանը նստում եւ հեռուստացույցով էին խաղը նայում, որովհետեւ, Լեւոն Դանիելյանի շնորհիվ, հեռուստացույցով Հովիվյանն ավելի շատ ու ավելի լավ էր խաղում, քան՝ Հանրապետական ստադիոնում ու իրականության մեջ, եւ ոչ միայն Գրոզնիից առաջ էր էդպես, այլեւ Գրոզնիից հետո էլ, բայց էս ասածներս ամբողջական ու համոզիչ չեն լինի, եթե Գրոզնիի օրերը հիշելով չնկարագրեմ:
Վաթսունհինգի աշնանը, երբ քեռիներս Մետաքսի ու ողջ հանրապետության ամենաճանաչված ֆուտբոլասեր Քյավառ Վալոդի հետ երկու մեքենաներով Գրոզնի էին մեկնում՝ «Արարատ»-«Կայրաթ» անցումային խաղը նայելու, ես արդեն վեցերորդ դասարանցի էի եւ հույս ունեի, որ երկրորդ ավտոմեքենայի վերջին ազատ տեղն իմն է, եւ չնայած քեռիներս ու անձամբ Վալոդը խոստացել էին, եւ չնայած ծնողներիս էլ էին կարծես թե համոզել, ամենավերջին պահին մայրս կտրականապես արգելեց, եւ երբ առավոտյան արթնացա, իրենք առանց ինձ՝ երկու ավտոմեքենաներով արդեն մեկնել էին, ու մինչ հաջորդ իրիկուն Գրոզնիում խաղը կսկսվեր, ես լացուկոծիս վերջ տվել ու տղամարդավարի շարունակում էի հացադուլս, եւ, փաստորեն, օրուկես ոչինչ չկերա, ու էդ տանջալից օրուկեսն էսօրվա պես հիշելով՝ մշտապես զարմանում եմ, որ ուրիշները կալանավայրերում կամ ազատության մեջ շաբաթներով դիմանում են հացադուլին, ու էդ տանջալից օրուկեսը հիշելով՝ հիշում եմ նաեւ, որ Գրոզնիի էդ խաղից ու մերոնց էդ օրվա պանծալի հաղթանակից հետո քարը փեշիցս թափեցի եւ մեծ ախորժակով ու սխտորմածնով խժռեցի Օսան տատիս եփած թփով տոլման, մանավանդ որ՝ տատս միանգամայն կողմ էր Քյավառ Վալոդի եւ քեռիներիս հետ Գրոզնի մեկնելուս, որովհետեւ մանավանդ էդ թվերին մորս ու տատիս կարծիքները բոլոր հարցերում էին իրարից տարբեր ու իրար հակառակ, եւ քանի որ էդ իրիկվա տոլման տատիս եփածն էր, եւ քանի որ ինձ հացադուլից հանելու նախաձեռնությունն էլ էր տատինս, ես մեծ հաճույքով ու սխտորմածնով խժռեցի Օսան տատիս եփած էդ, ուրեմն, խաղողի թփով տոլման՝ ոչ միայն էն պատճառով, որ մեռնելու աստիճան սոված էի, այլեւ էն պատճառով, որ ես էդ թվերին տատիս եփած տոլման դեռեւս գերադասում էի մորս եփածից, եւ տատիս էդ իրիկվա տոլման բոլորին հերիքեց, որովհետեւ Գրոզնի չմեկնած մյուսները՝ հայրս, հորեղբայրս, Աշոտը, Գեւուշը, քեռիներիցս Ռաֆիկն ու Վարդանն ավելի շատ խմեցին՝ քան կերան, եւ հատուկ էդ օրվա համար հորս առած թթի օղին ու կարմիր գինին էլ քչություն չարին, ու մերոնց ուրախ աղմուկի վրա ուրիշներն էլ ներս համեցան, ու մինչեւ լույս խոսեցին, խմեցին ու երգեցին, ու, հիշում եմ, ամենից խրոխտը Խաչիկ Ախպարի երգն էր՝ «այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք», եւ ամենից շատ Հովիվյանի կենացը խմեցին ու Հովիվյանին գովեցին, եւ դա միանգամայն բնական էր, որովհետեւ, ըստ ֆուտբոլային մեկնաբան Լեւոն Դանիելյանի, Գրոզնիում «Կայրաթի» դարպասը երկու անգամ Հովիվյան Սաքոն էր գրավել, ու էդ փաստը մենք մեր ռադիոյով եւ Լեւոն Դանիելյանի կատարմամբ իմացանք, եւ հետո միայն տեղեկացանք, որ Գրոզնիում մերոնց խփած էդ զույգ գոլերի հեղինակը ոչ թե Հովիվյանն էր, այլ «Արարատի» էն ժամանակվա լեգիոներ Դավիդ Պայիսը, եւ չնայած ես ու իմ ամենափոքր քեռի Գագոն էդ իրիկուն ոչ մի կաթիլ չխմեցինք, ամենից շատ երկուսս էինք ուրախ, եւ երբ երկու օր անց «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթից իմացանք, որ մերոնց էդ երկու գոլերը ոչ թե Հովիվյանն է խփել, այլ՝ Դավիդ Պայիսը, ես ու Գագոն ոչ միայն չտխրեցինք, այլեւ ավելի ուրախացանք, որովհետեւ ես, Գագոն ու Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի ֆուտբոլասերներից շատերը Հովիվյանին չէինք սիրում, քանի որ Հովիվյանի պատճառով Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոն ոչ միայն «Արարատի» հիմնական կազմից դուրս մնաց, այլեւ ֆուտբոլային գաղթական դառավ՝ Երեւանից ու Հայաստանից քոչելով նախ Կիսլովոդսկ, այնուհետեւ՝ Պյատիգորսկ, եւ երբեւէ Հայաստան ու Երեւան չվերադարձավ, ու էդ էր պատճառը, որ երբ երկու օր անց «Հայաստանի ֆիզկուլտուրնիկից» իմացանք, որ մերոնց երկու գոլերն էլ Դավիդ Պայիսն է խփել, ես, Գագոն ու մեր հարեւաններից շատերը ոչ թե տխրեցինք, այլ, ընդհակառակը, ուրախացանք, չնայած, նախքան «ֆիզկուլտուրնիկի» գրելն էլ, արդեն որոշ կասկածներ ունեինք, որովհետեւ երբ հաջորդ իրիկուն մեծ հաղթանակի մեր վկաները Քյավառ Վալոդի գլխավորությամբ վերադարձան Երեւան ու մեզնից իմացան, որ երկու գոլերն էլ «Կայրաթին» Հովիվյան Սաքոն է խփել, հատկապես Քյավառ Վալոդն ուրախացավ, որովհետեւ Քյավառ Վալոդը Լեւոն Դանիելյանի ու շատերի պես Հովիվյանին գերադասում էր «Արարատից» ու հատկապես Ֆալյանից, եւ երբ իմ քեռի Ֆրեդն ասաց՝ «ինձ թվում ա՝ էրկու գոլերն էլ Պայիսը խփեց», Քյավառ Վալոդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մառախուղին ոչ մի բան չէր էրեւում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ հնարավոր ա՝ հենց Սաքոն էլ խփած ըլնի», եւ իմ քեռի Ֆրեդը՝ որ Հակոբյան Սաքոյի ամենամոտիկ ընկերն էր, քմծիծաղով ասաց՝ «ստադիոնի ռադիոն էլ Պայիսի անունը տվեց», եւ Քյավառ Վալոդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մառախուղին ստադիոնի հաղորդողը ո՞նց պիտի Պայիսին մյուսներից տարբերեր», եւ իմ ամենափոքր քեռի Գագոն՝ ում նույնպես անգթորեն Գրոզնի չէին տարել, քմծիծաղով Վալոդին հարցրեց՝ «որ ըտենց ուժեղ մառախուղ էր, բա ո՞նց Դանիելյանը Հովիվյանի գոլ խփելը տեսավ», եւ Վալոդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն դեպքում, Դանիելյանը Սաքոյին ու Պայիսին ավելի լավ ա իրարից տարբերում, քան՝ ստադիոնի էդ չեչեն հաղորդողը», եւ, հիշում եմ, հայրս միջամտելով ասաց՝ «ի՞նչ կարեւոր ա՝ ով ա գոլը խփել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ մերոնք վիշի լիգա մտան», եւ Վալոդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չունեմ ասելու», եւ Ֆրեդը ծիծաղելով ասաց՝ «էս Վալոդն ու Դանիելյանը Հովիվյանին «Արարատից» շատ են սիրում», եւ Վալոդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանց Հովիվյանի «Արարատ» գոյություն չունի», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «Վալոդն ու Դանիելյանը Հովիվյանին ֆուտբոլից էլ են շատ սիրում», եւ Վալոդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանց Սաքոյի ի՞նչ ֆուտբոլ», եւ իմ քեռի Ֆրեդը նեղսրտելով Վալոդին ասաց՝ «մի մոռացի, որ հայկական ֆուտբոլն ուրիշ Սաքո էլ ա ունեցել», եւ Վալոդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշ Սաքո ֆուտբոլում գոյություն չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «ոնց որ էս Պայիսին Պելեի հետ համեմատես», եւ իմ քեռի Ֆրեդը նեղսրտելով Վալոդին ասաց՝ «չեմ ուզում հետդ վիճեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առանց էդ էլ սաղ ճամփին էդ թեմայով վիճել ենք», եւ հայրս ասաց՝ «իզուր էլ վիճում եք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մեկդ ձեր կարծիքին մնացեք», եւ Վալոդն ասաց՝ «իմ ասածն էլ ա էդ, ուստա Հակոբ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով Վալոդին ասաց՝ «քո ասածն էն ա, որ Հովիվյանը Պելեից էլ ա ուժեղ», եւ Ֆրեդը ծիծաղելով ասաց՝ «հաստատ ուժեղ ա», եւ Վալոդը մի քիչ մտածեց ու Ֆրեդին հարցրեց՝ «ստադիոնում կողքս նստած չէի՞ր, որ Սաքոն Բրազիլիային էրկու հատ գոլ խփեց» եւ մի քիչ էլ մտածեց ու հիացմունքով ավելացրեց՝ «մեկը մյուսից սիրուն» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրեդին հարցրեց՝ «աչքովդ չտեսա՞ր» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «թե՞ էդ օրն էլ էր մառախուղ», եւ Գագոն ասաց՝ «էդ էրկու գոլերն ինքը ոչ թե Բրազիլիային ա խփել, այլ՝ բրազիլական մի հատ սովորական թիմի», եւ Վալոդը թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «դու մի խոսա», եւ Գագոն հարցրեց՝ «խի՞ չխոսամ», եւ Վալոդն ասաց՝ «որովհետեւ շատ փոքր ես», եւ հայրս Վալոդին ասաց՝ «Հովիվյանն էդ օրն էրկու հատ գոլ խփեց, բայց մերոնք հինգով էրկու տարվեցին», եւ Ֆրեդը քմծիծաղով ասաց՝ «Վալոդի ուզածն էլ հենց էդ ա», եւ Վալոդը զարմացած հարցրեց՝ «իմ ուզածն ի՞նչ ա», եւ Ֆրեդը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ուզում ես մերոնք կրվեն, մենակ թե՝ Հովիվյանը գոլ խփի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էրեկվա պես», եւ Վալոդն ասաց՝ «էրեկ մերոնք համ կրեցին, համ էլ Սաքոն գոլ խփեց», եւ Գագոն ասաց՝ «էրեկվա գոլերն էրկուսն էլ Պայիսն ա խփել», եւ Վալոդը Գագոյին զարմացած հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ստադիոնի ռադիոն ասեց», եւ Վալոդն արհամարհանքով նայեց Գագոյին ու հարցրեց՝ «բա դո՞ւ ոնց լսեցիր», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «էդ ստադիոնի ռադիոն ընենց բարձր հայտարարեց, որ մենք էլ ըստեղ լսեցինք», եւ հայրս ոտքի կանգնելով ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «խմենք էս մեծ հաղթանակի կենացը», եւ բոլորը, բացի ինձնից ու Գագոյից, հոտնկայս խմեցին, եւ դա բոլորովին այլ՝ սպիտակ գինի էր, որը հայրս էդ օրը հատուկ էդ հաղթանակի առիթով էր առել, ու էդ օրը բոլորիս համար իսկական տոն էր, որովհետեւ ֆուտբոլը մանավանդ էդ թվերին մեր կյանքն էր, ու հատկապես իմ կյանքն էր, ու էդ կյանքն էսքան մանրամասն հիշելով ու նկարագրելով՝ պիտի նաեւ ավելացնեմ, որ էդ օրվա քեֆը մինչեւ լույս շարունակվեց, որովհետեւ հորս առած էդ սպիտակ գինին շատ մեծ բալոնով էր, ու էդ քեֆը Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի իմ հորական տան վերջին քեֆն էր, որովհետեւ Գրոզնիի էդ պատմական հաղթանակից ընդամենը մի քանի օր անց մենք ընտանյոք տեղափոխվեցինք Բութանիայի Թորամանյան փողոց, ու էդ վարձով տանն ուղիղ վեց ամիս վարձով ապրելով՝ գարնանը տեղափոխվեցինք Կրիվոյի մեր կոոպերատիվ հինգհարկանի նորակառույց շենքը, եւ նախքան նոր բնակարան տեղափոխվելը մեր վեց ամիս վարձով ապրելը պարտադիր էր, որովհետեւ էն թվերին կոոպերատիվ բնակարանի տեր դառնալու համար պիտի առնվազն վեց ամիս վարձով ապրած լինեիր, ու մենք ընտանյոք ուղիղ վեց ամիս Բութանիայի Թորամանյան փողոցում ֆուտբոլիստ Չալիկյանի ու երկվորյակ ջութակահարներ Ճենտերեջյանների տների դեմդիմաց վարձով ապրելուց հետո՝ վաթսունվեցի չքնաղ մայիսին տեղափոխվեցինք Կրիվոյի «Մանկավարժ» անվանյալ կոոպերատիվ հինգհարկանին, որը Կրիվոյի առաջին բազմաբնակարանանոց շենքն էր, եւ երբ տեղափոխվեցինք, «Արարատը» նոր մրցաշրջանն արդեն բարձրագույն լիգայում սկսել էր, ու Հովիվյանը դեռեւս «Արարատում» էր, եւ Քյավառ Վալոդն ու բոլորը շարունակում էին Հովիվյանին գերադասել «Արարատից», ֆուտբոլից ու հատկապես Ֆալյանից, եւ չնայած ապագա աստղերից Բոնդարենկոն, Ղազարյանն, Անդրեասյանն ու էլի մի քանիսն արդեն կային, Ֆալյանն էդ ջահելներին դեռեւս հիմնական կազմ չէր տեղափոխում, որպեսզի Հովիվյանի ու մյուս ծույլերի հետ չշփվեին ու չփչանային, եւ էդ թվերին Կրիվոյում Կարոյի ու Երոյի հետ ընկերանալով՝ հիմնականում փոխարինող կազմի խաղերին էինք գնում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ տարի «Արարատի» փոխարինող կազմի ջահելները մեծերից ավելի լավ էին խաղում, այլեւ էն պատճառով, որ Կրիվոյ բնակություն հաստատելով եւ Կարոյի ու Երոյի հետ ընկերանալով՝ անմիջապես թափանցեցի Մայոյի ջուր ծախողների խումբ, եւ, բնականաբար, մենք հիմնական կազմի խաղերին էինք ջուր ծախում, ու մեր առեւտրով տարված՝ էդ խաղերը չէինք էլ կարողանում նայել, որովհետեւ մանավանդ շոգ օրերին ծարավ ֆուտբոլասերներն անթիվ ու անհամար էին, ու մենք էդքանին հազիվ էինք ջուր հասցնում, բայց, դրա փոխարեն, մենք փոխարինողների խաղերը ծայրեծայր էինք ըմբոշխնում, ընդ որում՝ մեծ հաճույքով ու բարձր տրամադրությամբ, որովհետեւ մեր գրպանները լիքն էին, ու էդ տարիքում արդեն մեր ծնողներից փող չէինք խնդրում, եւ երբ աշնանն էդ տարվա ֆուտբոլն ավարտվեց, մեր փողերն ու մեր ուրախությունը քչություն չէին անում, ու մանավանդ մեր ուրախությունն էր անպակաս, որովհետեւ էդ ձմեռ համարյա ամեն իրիկուն մեծատառով Ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ելույթներն էինք ըմբոշխնում, իսկ գարնանն արդեն տեղափոխվեցինք Մայոյի մեծերի խումբ ու արդեն ոչ թե ջուր, այլ ֆուտբոլի տոմս էինք ծախում, բայց փոխարինողների խաղերով շարունակում էինք հիանալ, եւ չնայած չէինք էլ ենթադրում, որ ընդամենը մի քանի տարի անց փոխարինող էդ ջահելներն արծաթ, ոսկի ու գավաթներ են նվաճելու, այդուհանդերձ, փոխարինողների խաղերն անմնացորդ ու պերմանենտ էինք ըմբոշխնում ու վայելում, եւ հիմա որ էդ ամենը հիշում ու էդ ամենի մասին գրում եմ, սկսում եմ նաեւ հիշել, որ մեր ջուր ու տոմս ծախելու մասին առաջին հատորիս մեջ ահագին գրել եմ, եւ հիմա առաջին հատորիս էդ հատվածներն եմ աչքի անցկացնում, որպեսզի նույն բաները չգրեմ ու չկրկնվեմ, եւ հիմա էդ հին ու անցած էջերը թերթելով՝ հասկանում եմ, որ առաջին հատորիս մեջ իմ կյանքի էդ ժամանակաշրջանի հետ կապված ահագին անճշտություններ եմ թույլ տվել, եւ ամենաէական անճշտությունն էն է, որ առաջին հատորիս մեջ գրել եմ թե՝ նախքան Գրոզնիի պատմական հաղթանակն եմ Մայոյի խմբում ջուր ծախել, բայց իրականում էդպես չէր կարող լինել, որովհետեւ, ինչպես արդեն դուք էլ տեղեկացաք, մենք Գրոզնիի էդ պատմական հաղթանակից հետո ընտանյոք տեղափոխվեցինք Կրիվոյ, եւ երբ Մայոյի փոքրերի խմբում սկսեցի ջուր ծախել, «Արարատն» արդեն բարձրագույն լիգայում էր. այսինքն, ես Կարոյի ու Երոյի հետ ջուր ծախեցի ընդամենը մի քանի ամիս՝ վաթսունվեցի հունիսից նոյեմբերը, իսկ ավելի ճշգրիտ՝ վաթսունվեցի հունիսի սկզբներից մինչեւ սեպտեմբերի վերջերը, որովհետեւ, հիշում եմ, էդ ամառվա շոգն ահավոր էր, եւ սեպտեմբերն էլ էր բավական շոգ, իսկ հոկտեմբերն ու նոյեմբերն անձրեւոտ էին, եւ ստադիոնում ջրի պահանջարկ չկար, ու էդ ձմեռ Լեոնիդ Ենգիբարյանին անմնացորդ վայելելուց հետո՝ գարնանն արդեն տեղափոխվեցինք Մայոյի մեծերի խումբ ու արդեն ոչ թե ջուր էինք ծախում, այլ՝ ֆուտբոլի տոմս, ու մեր եկամուտն էապես ավելացավ, ու էս ճշտումներս էլ են վկայում, որ ես երեւույթներն ու իրադարձություններն ավելի եմ կարեւորում, քան՝ տարեթվերն ու ամսաթվերը, բայց, ինչպես տեսնում եք, տարեթվերի ու ամսաթվերի պատճառով էս էլ որերորդ անգամ անհարմար վիճակի մեջ եմ հայտնվում, եւ շատերն ու մանավանդ Կարոն բազմիցս ինձ դիտողություն են արել տարեթվերն ու ամսաթվերը սխալ ներկայացնելու վերաբերյալ, եւ ամենահետաքրքիրն էն է, որ Կարոն իր էդ դիտողություններն արել է ոչ թե մեր ջուր ու տոմս ծախելու ժամանակաշրջանի վերաբերյալ, այլ՝ բացարձակապես իր հետ կապ չունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ՝ Ղարաբաղյան շարժմանը վերաբերող տարեթվերի ու ամսաթվերի հետ կապված, մինչդեռ, եթե Կարոն մի քիչ ավելի ուշադիր կարդար, նկատած կլիներ, որ անձամբ իրեն վերաբերող հատվածների մեջ եմ տարեթվերն ու ամսաթվերը սխալ ներկայացրել, եւ էս ասածս եւս մի անգամ վկայում է, որ մարդ արարածն էս կյանքում անձամբ իր հետ առնչվող տարեթվերն ու ամսաթվերն ավելի վատ է հիշում, քան՝ ուրիշներին առնչվողները, եւ սա նշանակում է, որ մարդ արարածն իր ապրածի էությունն ու տպավորությունն է պատկեր առ պատկեր հիշում, այլ ոչ թե՝ տարեթիվն ու ամսաթիվը, ու էս ասածս ներառյալ եւ հավասարապես ինձ ու Կարոյին է վերաբերում, իսկ ինչ վերաբերում է Երոյին, Երոն հանրապետության մասշտաբով ճանաչված ու փնտրված անասնաբույժ է, եւ ոչ միայն էս վեպս կարդալու ժամանակ չունի, այլեւ, ըստ ամենայնի, էս պատմածս իրադարձությունները հիշելու ժամանակ էլ դժվար թե ունենա, որովհետեւ ինչքան մեր մայրաքաղաքում շուն պահողները շատանում են, նույնքան, ուղիղ համեմատական, պակասում է մեր պատանեկության երրորդ ընկեր Երոյի ազատ ժամանակը, եւ, բացի այդ, Երոյի կլիենտները բացարձակապես կենդանիներ են, եւ մասնագիտության հետ կապված՝ հիշողության խնդիրների հետ երեւի հազվադեպ է առնչվում, եւ չնայած Սադոյան Արշակը շարունակում է պնդել թե՝ մարդկանց պես կենդանիներն էլ հստակ ու համակարգված հիշողություն ունեն, հիմա մտադիր չեմ Արշակի հետ վեճի մեջ ներքաշվել, որպեսզի էս առանց էդ էլ ձգձգվող վեպս հանիրավի ավելի ու ավելի չձգձգվի, իսկ ինչ վերաբերում է իմ ու Երոյի պատանեկության ընկեր Կարոյին, ինքը հեռակա տնտեսագիտականն ավարտելուց հետո նաեւ բժշկականն իր ուժերով ընդունվեց ու ավարտեց ու էսօրվա դրությամբ հեղինակավոր ու ճանաչված սրտաբան է, եւ քանի որ իր կլիենտները հիմնականում հիշողությունը չկորցրած մարդիկ են, ինքը մարդկային հիշողությունը չափազանց է կարեւորում, եւ հատկապես ուրիշների ու առանձնապես իր կլիենտների հիշողությունն է կարեւորում, այլ ոչ թե՝ իր, այլապես կհիշեր ու ինձ էլ կհիշեցներ, որ ես ընդամենը վաթսունվեցից սկսած եմ իրենց հետ ջուր ծախել, իսկ վաթսունյոթից սկսած՝ ֆուտբոլի տոմս, եւ, իհարկե, էդ մանրամասներն առաջին հերթին ձեր խոնարհ ծառան պիտի հիշեր, այլ ոչ թե՝ Կարոն, որովհետեւ երբ Գրոզնիի պատմական հաղթանակից վեց ամիս անց մենք ընտանյոք տեղափոխվեցինք Կրիվոյի էդ առաջին բազմաբնակարանանոց շենքը, կյանքն ընդամենը մի քանի օր անց ինձ մտերմացրեց Կարոյի ու Երոյի հետ, որոնք բնիկ Կրիվոյցի էին, այսինքն, ծնվել, ապրել ու վաթսունվեցին էլ էին Կրիվոյում ապրում, եւ երբ դույն թվականի մայիսի վերջերին Կարոյի միջնորդությամբ Մայոն ինձ ջուր ծախողների իր խումբ վերցրեց, Կարոն ու Երոն էդ խմբում արդեն կային, ընդ որում՝ Գրոզնիի պատմական հաղթանակից առաջ էլ էին եղել, իսկ ինչ վերաբերում է Մայոյի մեծերի խումբ տեղափոխվելուն, երեքս էլ վաթսունյոթի գարնանը տեղափոխվեցինք, ու տոմս ծախողների էդ մեծերի խմբում մենք միանգամից մեծացանք ու հասունացանք՝ ոչ միայն էն պատճառով, որ տոմս ծախողների մեր էդ խմբում հիսունն անց մարդիկ կային՝ Շամշադինցի Սենոն ու Թուրք Վագիֆը, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ վաթսունյոթի մարտի վերջերից սկսած՝ մեր եկամուտը տասնապատկվեց, ընդ որում՝ ոչ թե աշխատանքային օրվա կտրվածքով, այլ՝ տարեկան հաշվարկով, որովհետեւ, եթե ջրի գործը հիմնականում ամռանն էր սկսվում ու հիմնականում շոգերի աստիճանից ու տեւողությունից էր կախված, տոմսավաճառությունը մինչեւ աշնան վերջ տեւում էր, եւ չնայած մեր էդ տոմսավաճառությունն էլ էր սեզոնային աշխատանք եւ գարնան սկզբից սկսվելով ու մինչեւ աշնան վերջ տեւելով՝ ձմռանը, փաստորեն, ընդհատվում էր, մենք մանավանդ մեր էդ առաջին ձմեռային դադարը չզգացինք, ավելի ճիշտ՝ Լեոնիդ Ենգիբարովը չթողեց, որ զգանք, եւ հիմա, երբ տարեթվերի ու ամսաթվերի ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ենգիբարովով ամենալեցուն ձմեռը հենց վաթսունվեցի վերջի ու վաթսունյոթի սկզբի ձմեռն էր, ու էդ հիշելով՝ քիչ առաջ աղջկաս խնդրեցի, որ մտնի ինտերնետ ու ճշտի թե՝ կոնկրետ որ թվերին է Լեոնիդ Ենգիբարովը Երեւանի կրկեսում աշխատել, եւ Ենգիբարովի սայթը մտնելով՝ վայրկենապես իմացանք, որ Լեոնիդ Ենգիբարովը նաեւ Երեւանի կրկեսում է աշխատել, թե կոնկրետ որ թվերին՝ չէր նշված, բայց փոխարենը մանրամասն նշված էին Ենգիբարովի միջազգային մրցանակներն ու հատկապես չեխականները, եւ իր կյանքի երեւանյան շրջանի մասին ընդամենը չորս բառ՝ «աշխատել է նաեւ Երեւանի կրկեսում», թե ո՞ր թվերին՝ մենակ Աստծուն է հայտնի, ու մեկ էլ՝ ինձ, որովհետեւ շատ լավ հիշում եմ, որ վաթսունվեցի վերջերին ու վաթսունյոթի սկզբներին Ենգիբարովի շնորհիվ մեր ուրախությունն անպակաս էր:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել