Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ»

Հունիս 01,2011 00:00

\"\"Ցեղասպանության ականատեսի վկայություններն ամփոփող գիրքը, այսօրվա երիտասարդն ու մարզերում գրքի պակասը

Տեղեկացրել ենք, որ ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնեւում գործում էր գրքի ամենամյա հերթական փառատոնը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Ներկայացված էր նաեւ սփյուռքահայ հոգեբան Սոսի Գեւոնյանի «Մինչեւ հոգիների աճուրդ» երկլեզու (հայերեն եւ անգլերեն) հուշագրությունը:

1918 թվականին Նյու Յորքում անգլերեն լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը՝ «Հոշոտված Հայաստան» խորագրով: Գրքի գլխավոր հերոսը՝ չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը պատմում է իր ապրած սարսափները: Նրա քույրերը, եղբայրներն ու մայրը գազանաբար սպանվել են իր աչքի առաջ: 14- ամյա Արշալույսն այդ երկար ու դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք եւ քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում: Կրելով բազմաթիվ զրկանքներ, նա, այնուամենայնիվ, հավատափոխ չի եղել եւ փախել ու հասել է Նյու Յորք, որտեղ էլ մշտական բնակություն է հաստատել: «Երբ ծանոթացա 14-ամյա աղջկա այս պատմությանը, զուգահեռներ էի անցկացնում հորաքրոջս պատմած մի քանի դրվագների եւ Արշալույսի ապրածի միջեւ: Հորաքույրս կարողացել է տեղական իշխանությունների հետ կապերի միջոցով փախչել Օսմանյան Թուրքիայից: Արշալույսը շատ ավելի դաժան կյանք է ունեցել, ստրուկների շուկայում ծախվել է, ստիպված է եղել մնալ փաշաների ու ցեղապետերի հարեմներում, բանտարկվել է, երկու տարի անապատների ու լեռների մեջ ապրել է՝ ծառի արմատներ ուտելով: Երբ ռուսները գրավել են Վանը՝ նա հանձնվել է», – ասում է «Մինչեւ հոգիների աճուրդ» գրքի հեղինակ Սոսի Գեւոնյանը:

Խոսելով գրքի անգլերեն տարբերակի մասին, Սոսի Գեւոնյանը փաստեց, որ գիրքը սփյուռքի տարբեր համայնքներում իր հասցեատիրոջը գտել է, հաճախ դառնալով այս կամ այն հայկական դպրոցի համար ուսումնաօժանդակ գրականություն: «Օրինակ, Ամերիկայում հայկական դպրոցների բարձրագույն դասարանները ազգային պատմություն առարկա են անցնում եւ սա օժանդակ գիրք է հանդես գալիս: Երբ այս գիրքս հրատարակեցի, նպատակս էր, որ այն մատչելի լինի: Դրա համար նախընտրեցի գիրքը ընթերցողներին ներկայացնել պատկերապատումի տեսքով: Այս պատմությունը պետք է մոռացումից փրկվի, որովհետեւ այս աղջիկը ամբողջ Ամերիկայի զարմանքն է առաջացրել: Ազգերն ու ամբողջ ժողովուրդը հայկական ցեղասպանությանը ծանոթացել են առաջինը հենց այս աղջկա պատմության միջոցով: Սա մեր ժողովրդի պատմությունն է»,- վստահ է Սոսի Գեւոնյանը:

1918 թվականին Կալիֆոռնիայում ամերիկյան «Մետրո Գոլդուին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանել է «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը: Սոսի Գեւոնյանի հավաստմամբ, այս ֆիլմը միջազգային հանրության վրա թողեց անջնջելի հետք: «Մարդիկ, որ հայերի մասին չէին լսել, գրադարաններում, թանգարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշեցին ֆիլմ նկարել, որպեսզի գումար հավաքեն հայ ժողովրդին օգնելու համար: Հայ- սիրիական բարենպաստ կազմկոմիտեն որոշեց 30 միլիոն դոլար հավաքել: Այդ աշխատանքները փորձեցին իրականացնել թռուցիկներ բաժանելով եւ այլն: Սակայն հասկանալով, որ այդպես զգալի գումար չեն հավաքի, որոշեցին ֆիլմ նկարել: Ֆիլմի դիտումների արդյունքում 117 միլիոն դոլար գումար է հավաքվել»,- պատմում է Սոսի Գեւոնյանը:

Նա վստահ է, որ «Մինչեւ հոգիների աճուրդ» գրքի պայքարն աշխարհի եւ մարդկանց հետ շարունակվում է, իսկ որպես «ռազմավարություն» ու ռազմավարական նպատակ՝ ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաեւ մեզ է տեղեկացնում տեղի ունեցածի մասին: Տեղեկացնել այսօրվա այն երիտասարդին, որ Ծիծեռնակաբերդի ճանապարհով բարձրանում է՝ առանց խոր գիտակցության: «Ես համաձայն եմ, որ մենք պետք է մեր պահանջները չդադարեցնենք, բայց դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ գրքի նպատակը եղել է հանրությանը ծանոթացնելն ու հասկացնելը, որ սա ֆանտաստիկ ժանրից չէ, սա իրականություն է: Եվ այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիկայում է թաղված, բայց ամեն անգամ ապրիլի 24- ին Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է տեսնել նաեւ այդպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաեւ նրանց հոգու հանգստության համար: Ամեն տարի, երբ ես տեսնում եմ Ծիծեռնակաբերդ այցելող երիտասարդների, նկատում եմ, որ նրանց դեմքին չկա երեւույթի խոր գիտակցում: Որոշ դեպքերում տպավորություն է ստեղծվում, որ ժամադրության ու ժամանցի ձեւ է ապրիլ 24-յան այցը Ծիծեռնակաբերդ»,- ասաց Սոսի Գեւոնյանը:

Պատկերապատումի ժանրով գրված «Մինչեւ հոգիների աճուրդ» գիրքը նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար: Գրքում մի շարք դրվագներ, որ իրականում եղել են, ներկայացված են ողջ դաժանությամբ: Արդյոք սա հոգեբանորեն սխալ ազդեցություն չի՞ ունենա երեխաների վրա հարցին Սոսի Գեւոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր օրերում երիտասարդները հեռուստատեսությամբ շատ ավելի զարհուրելի կադրերի ու ոճրագործությունների են ականատես լինում: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է: Եթե նույնիսկ դաժան են, ապա դա ճշմարտություն է: Այն ճշմարտությունը, որով անցել ենք մենք»:

Սոսի Գեւոնյանն ասաց, որ մարզերի դպրոցներից ու մշակույթի տներից դիմում լինելու դեպքում պատրաստ է տրամադրել գիրքը. «Գիրքը տպագրվում եւ մնում է միայն Երեւանում, սակայն մարզերն էլ ավելի շատ ունեն գրքերի կարիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել