Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՆԼԵԳԱԼ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀՈՍՔԻՑ

Հունիս 03,2011 00:00

Վերջին հինգ տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունում անօրինական ներգաղթյալների 40 տոկոսը քաղաքական ապաստան է ստացել: Սա այն դեպքում, երբ հարկադրաբար երկրից վտարվել է ապօրինի ներգաղթյալների միայն 9 տոկոսը: Բրիտանացի օրենսդիրները գտնում են, որ դա հավասարազոր է համաներում հայտարարելուն: BBC-ի մատուցմամբ, 403,5 հազար գործերից, որոնք քննարկում է Բրիտանական սահմանապահ գործակալությունը (UKBA), վերջին 5 տարիներին 161 հազար դեպքում ապաստան տրամադրելու խնդրանքը բավարարվել է: Սակայն Բրիտանական խորհրդարանի՝ ներքին գործերի հարցով հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ յուրաքանչյուր 6-րդ դեպքում գործակալությունը անօրինական ներգաղթյալին թույլտվություն է տվել Մեծ Բրիտանիայում մնալ միայն այն պատճառով, որ «գաղափար չի ունեցել», թե իրականում որտեղ է նա գտնվում եւ ինչ է նրա հետ կատարվում: Այդպիսի որոշումները, օրենսդիրների կարծիքով, բացատրություններ չունեն:
Բրիտանական սահմանապահ գործակալությանն ուղղված երկրի խորհրդարանականների առարկություններից մեկն այն է, որ UKBA-ն «համակարգված ձեւով չի հետեւում հնարավոր «անլեգալների» մասին տեղեկություններին եւ բավարար միջոցառումներ չի ձեռնարկում ստուգելու համար այն մարդկանց, որոնց վիզաների ժամկետը լրացել է»:
Գործակալության եւ բրիտանական իշխանությունների՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերից դժգոհ են նաեւ բրիտանացիները: Որոշ կազմակերպություններ հանդես են գալիս ներգաղթյալների սահմանափակման օգտին՝ հայտարարելով, որ իշխանությունները «անլեգալների» առաջ փաստացի բացել են դռները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել