Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ

Հունիս 03,2011 00:00

Հերթական առիթ է ինքնադրսեւորվելու համար

\"\"

\"\"Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  Օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժինը դեռեւս չի որոշել՝ որ ռեստորանում է իր ավարտական երեկոն անցկացնելու, փոխարենը՝ այդ բաժնի ուսանողուհի Թագուհի Արամյանն արդեն գիտի՝ ինչ  հանդերձանքով  եւ սանրվածքով է լինելու: «Ոչ մի առանձնահատուկ բան չենք մտածել, մի ռեստորան ենք ընտրելու, գնալու ենք ուրախանալու՝ երգեր, պարեր, որոշել ենք նաեւ տորթ պատվիրել, լինելու է հրավառություն եւ այլն… դե ուտեստներից էլ բնականաբար խորովածն է անպակաս  լինելու»,- ասում է նա:  Հավելեց, որ լուսանկարիչ էլ են վարձելու: \"\"Իրենց ամբողջ կյանքում հիշելու են այդ օրը: Այս համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի խմբերից յուրաքանչյուրն առանձին է  անցկացնելու իր ավարտական երեկոն, խնջույքի վայրերը, անհրաժեշտ գումարն էլ տարբեր է: Մասնավորապես Թագուհիենց կուրսը որոշել է հավաքել 15 000 դրամ, կարծում են՝ ամենամատչելին է, կուրսի մեծ մասը կմասնակցի:
Պետական քննություններ, ավարտական աշխատանք, դրանց գումարվում է նաեւ՝ ավարտական կուրսի երեւի թե վերջին հավաքույթի՝ ավարտական երեկոյի «հոգսը»:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսի ուսանողներից Արփինե Մարգարյանը մեծ նշանակություն չի տալիս ավարտական հավաքույթի «ռեստորանային» տարբերակին: «Դա ընդամենը ձեւականություն է: Այդ ամենն արվում է, որ յուրաքանչյուրը ցույց տա իր հագուստը, շպարը, սանրվածքը, ի՞նչ մեքենայով է գալիս, ինչո՞վ է գնալու»,- ասում է նա: Նրանց կուրսն էլ էր որոշել «դասական» տարբերակով՝ ռեստորանում նշել «կուրսի քեֆը»: Իրենց հաշվարկներով ոեստորանի ծախսերը «բռնեցին» 22 000 դրամ: «Բացի ռեստորանի  գումարից, աղջիկներին դեռ պետք է հանդերձամքի, շպարի,  մանիկյուր-պեդիկյուրի գումար: Իսկ դա ուսանողի համար հսկայական գումար է, մեր կուրսից էլ կային շատերը, որ այդքան գումար չունեին, իսկ սա ամբողջ կուրսի հավաքույթ պետք է լինի»,- ասում է նա: Այնուամենայնիվ, Արփինեն եւ իր մտերիմ կուրսեցիները  որոշում են հեռանալ ավարտական երեկոյի «դասական-ընդունված» մոդելից. նրանք՝ թվով  23 հոգի, հավաքում են 5000-ական դրամ եւ գնում  համալսարանը ավարտելու տոնը նշելու  Աղվերանում՝ առանց շպարի, հագուստի կամ էլ սանրվածքի մասին մտածելու: «Հիանալի օր անցկացրինք. բնության գրկում, մաքուր օդ, ազատ ընկերական շրջապատ… հիանալի հնարավորություն՝ թոթափելու քննական հոգնածությունը»,- ասում է նա: Արփինեն համոզված է՝ հիանալի ավարտական տոն են նշել եւ միշտ հիշելու են այն:
Այս տարի ավարտական տոնը նշելու յուրօրինակ ձեւ էին մտածել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները: Հավաքույթի վայրը երեւանյան շքեղ ռեստորաններից չէր, խորոված, քյաբաբ էլ չեն կերել, բայց, կարծում ենք, բոլորից շատ են ուրախացել (այդպես է երեւում նրանց լուսանկարներից- Հ. Հ.): Կուրսը իր «քեֆը» նշել է մայիսի 30-ին՝ «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա լողավազանի շուրջ: Ավարտական երեկոն օրիգինալ լուծումներով կազմակերպող  ուսանողներն «Առավոտի» հետ զրույցում նույնքան օրիգինալ պատասխաններ չտվեցին: Բանն այն է, որ հետաքրքիր մտահղացման մասին ցանկացանք խոսել այդ կուրսի ուսանողներից մեկի հետ, իսկ նրանցից գոնե  մեկի  հեռախոսահամարը գտնելը, պարզվեց, բավականին դժվար է: Բայց գտնելուց հետո էլ, արի ու տես, բախվում ես մեկ այլ դժվարության. շրջանավարտի դժկամությանը՝ քեզ հետ խոսելու հետաքրքիր մտահղացման մասին: Իսկ երբ նույն շրջանավարտ Արթուրին բացատրում ես, որ նրա հեռախոսահամարը մեծ դժվարությամբ ես գտել եւ նրանից խնդրում ես քեզ տալ  իր համակուրսեցիներից մեկ ուրիշի հեռախոսահամարը, երիտասարդը մերժում է՝ պատասխանելով. «Ինչպես իմ համարն եք մեծ դժվարությամբ գտել, այնպես էլ մեկ ուրիշինը կարող եք գտնել»: Ինչեւէ, շնորհավոր բոլոր շրջանավարտների ավարտական տոնը՝ ուրախ, գեղեցիկ եւ օրիգինալ խնջույքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել