Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոյալ Արմենիան» եւ «Վիվա Առգոն» տուգանվել են

Հունիս 18,2011 00:00

«ԵՄ Թվինինգ» ծրագրի շրջանակում Լիտվայից եւ Գերմանիայից Երեւան ժամանած միջազգային մի քանի փորձագետներ, որոնք այս օրերին Հայաստանում են՝ մասնակցելու մրցակցության եւ պետական օժանդակության թեմայով քննարկումներին, Հայաստանում կուսումնասիրեն տեղական սուրճի շուկայում արձանագրված գերիշխող դիրքի չարաշահման դեպքը եւ այդ առթիվ հարուցված վարույթի մանրամասները: ՏՄՊՊՀ-ն նոր տեղեկատվություն է ներկայացնում սուրճի շուկայում գործող խոշոր ընկերություններից մեկում՝ «Մոկոնաթում» իրականացված ստուգումների արդյունքների մասին: Մինչ այդ տեղեկացնենք, որ արդեն կան տուգանվածներ: Անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման պահանջները չբավարարելու համար սուրճի շուկայի երկու ընկերությունները՝ «Ռոյալ Արմենիան» եւ «Վիվա Առգոն» տուգանվել են 500 հազարական դրամի չափով, ինչը, սակայն, ըստ մրցակցության հանձնաժողովի, առիթ չի հանդիսանա, որպեսզի վերջիններս անհրաժեշտ տեղեկատվությունը իրենց ներկայացնելուց ազատվեն:
Ներկա փուլում հանձնաժողովը հնարավոր խախտումների վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել՝ «Մոկոնաթից» պահանջելով ներկայացնել նախորդ տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում լուծվող սուրճը ինքնարժեքից ցածր գներով իրացնելու պատճառներն ու հիմնավորումները: Ըստ ՏՄՊՊՀ-ի, դիտարկվող ժամանակահատվածում ընկերության կողմից կիրառվել է չհիմնավորված ցածր գին: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ ընկերությունը մեծ խմբաքանակով իրացրել է լուծվող սուրճ՝ ինքնարժեքից զգալիորեն ցածր, չհիմնավորված գներով, ինչը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է հանդիսանում: Շուկայում կատարված ուսումնասիրությունների, այդ թվում՝ գնորդ ընկերություններից ստացված գրավոր հայտարարությունների համաձայն, լուծվող սուրճի 100 գրամանոց մեկ տուփի մեծածախ գինը կազմել է 695-710 դրամ, իսկ մանրածախինը՝ 800-900 դրամ, մինչդեռ ընկերության կողմից կիրառվող մեծածախ գինը՝ մեկ տուփի համար 62-330 դրամ է եղել, իսկ մանրածախինը՝ 105-330 դրամ: Լուծվող սուրճի իրացման գների ուսումնասիրությունը փաստել է, որ այդ ընկերությունը 2-ից 10 անգամ ցածր է ցույց տվել իր իրացման գները շուկայական մեծածախ գներից:
ՏՄՊՊՀ-ի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը երեկ հայտարարեց, որ վարույթ հարուցելու հիմքը եղել է գների բարձրացումը, հանձնաժողովի վերջնական որոշումից պարզ կդառնա՝ այդ բարձրացումը կապված է եղել միջազգային գների ազդեցությա՞մբ, ներքին շուկայի խնդրի՞, թե՞ չարաշահման հետ: Լիտվայի մրցակցության խորհրդի անդամ Յուրատ Սովիենը, ներկայացնելով ԵՄ փորձը, նշեց, որ իրենց ուսումնասիրությունների առարկան գերիշխող դիրքի չարաշահումն է, ինչպես նաեւ քաղաքական գործիչների կողմից այնպիսի միջամտությունները, որոնք սահմանափակում են մրցակցության հնարավորությունը: Լիտվացի փորձագետը նշեց, որ ուսումնասիրություններն անում են հանկարծահաս ստուգումների եւ վաղորդյան այցելությունների միջոցով: Ըստ նրա, առանց նմանատիպ ստուգումների անհնար է բացահայտել հակամրցակցային համաձայնությունները. «Կարտելները մրցակցությանն ամենամեծ վնասը հասցնող երեւույթներն են, եւ Հայաստանում բոլորը պետք է օգնեն մրցակցության մարմնին, որպեսզի վերջինս կարողանա իրականացնել կարտելների արդյունավետ բացահայտում»: Հիշեցնենք, որ Հայաստանում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով առաջարկվում էր ՏՄՊՊՀ-ին ստուգման լիազորություններ տրամադրել, սակայն պատգամավորների ջանքերով այդ լիազորությունը տեղ չգտավ փոփոխությունների վերջնական տարբերակում: Լիտվացի փորձագետի կարծիքով, առաջին հերթին երկիրը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի գործարարները շուկայում արդար հիմունքներով մրցակցեն միմյանց հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել