Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան-ջուրը» խաբո՞ւմ է

Հունիս 18,2011 00:00

«Երեւան-ջուր» ընկերությունը Զեյթուն թաղմասի Ահարոնյան 5 հասցեի բնակիչներին 24 ժամից ավելի  զրկել է ջրամատակարարումից եւ 2 անգամ խոստացել է ջրի մատակարարումը վերականգնել ու չի կատարել իր խոստումը: Ահարոնյան 5 շենքի բնակիչ Եվգենյա Մինասյանի խոսքերով, նախօրեին զգուշացրել էին, որ ջրամատակարարման դադարեցում է լինելու՝ առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 10-ը, սակայն այդ ժամին այդպես էլ ջուրը չեն տվել. «Մենք, հույս ունենալով, որ երեկոյան ջուր կունենանք, հավաքել էինք այնքան, որքան  այդ ժամերի համար կբավականացներ: Սակայն ամբողջ գիշեր էլ ջուրը չեկավ, հաջորդ օրը կրկին զանգեցին եւ խոստացան ժամը 15-ին ջրամատակարարումը վերականգնել: Ժամը 15-ն էլ անցավ, էլի ջուրը չտվեցին: Մենք էլ ստիպված խանութից 5000 դրամի ջուր ենք գնել, որպեսզի եւ խմելու համար օգտագործենք, եւ կենցաղային այլ նպատակների: Եթե խոստացած ժամին չէին միացնելու, ապա գոնե ճշգրիտ ժամ ասեին, մենք էլ մեծ քանակությամբ ջուր կհավաքեինք, որպեսզի խանութից չգնեինք ու ավելորդ ծախս չանեինք: Ստացվում է, խաբում են բնակիչներին»:
Այս առնչությամբ, «Երեւան-ջուր» ընկերությունից «Առավոտին» հայտնեցին, որ, իսկապես, խոստացված ժամին չեն միացրել, քանի որ չնախատեսված խնդիրներ են առաջացել վերականգնողական աշխատանքների ժամանակ. «Խողովակները շատ մաշված են, եւ երբ սկսել են շինաշխատանքները՝ գործից գործ է բացվել, ինչի պատճառով էլ չենք հասցրել նշված ժամին ջրամատակարարումը վերականգնել: Ուստի, հաջորդ օրը բնակիչներին հավելյալ նախազգուշացվել է, որ ժամը 15-ին կմիացնենք: Այս պահին շինաշխատանքներն ավարտված են ու ընդամենը 30 րոպեից ջրամատակարարումը կվերականգնվի»: Մենք նշված հասցեի բնակիչներին զանգեցինք  1 ժամ հետո, սակայն  ջրամատակարարումը դեռեւս չէր վերականգնվել: «Երեւան-ջրին» ուղղված մեր այն հարցին՝ խոստացած ժամին ջուրը չմիացնելու դեպքում արդյոք բնակիչներին փոխհատուցում չե՞ն տալու, քանի որ նրանք որոշակի վնասներ են կրել, ընկերությունից վստահեցրին, որ իրենք իրավունք ունեն պլանային աշխատանքների համար 48 ժամ ջրամատակարարումը դադարեցնել, իսկ 48 ժամը դեռ չի լրացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել