Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՇՐԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԳԼՈՒԽԸ

Հունիս 18,2011 00:00

Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում մի խումբ անձանց կողմից սպանվեց 25-ամյա Արա Վարդանյանը: Նախնական տեղեկությունների համաձայն, նրա գլխին հարվածել են քարով: Երեք օր կոմայի մեջ գտնվելով՝ նախկին մարզիկը՝ գիտակցության չգալով, մահացել է: Նա
նոր էր վերադարձել Ռուսաստանից, երեխան 9 ամսական էր, իսկ ինքն էլ՝ տան միակ զավակը:

\"\"
Տուժողի իրավահաջորդը՝ մեղադրողի հետ:

\"\"
Ամբաստանյալները՝ պաշտպանների հետ:

Երեկ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր պարոն Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակեց Կարեն Կարապետյանի եւ Արման Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել:
Նախորդ դատական նիստի ժամանակ վկաների հետ կապված դատարանը կայացրել էր նրանց բերման ենթարկելու մասին որոշում: Դատարանը երեկ վկաներ Խորեն Սահրադյանի, Գեղարդ Սիմոնյանի, Մնացական Մկրտչյանի նկատմամբ կրկին բերման մասին որոշում կայացրեց:
Դատական նիստին ներկայացած վկա Արթուր Հարությունյանն ասաց, որ ամբաստանյալների հետ «ուղղակի ծանոթ» է: Իսկ Արա Վարդանյանն իր մորաքրոջ որդին է: Նա դեպքի հետ կապված հայտնեց, որ տանը նստած «գոռգոռոցներ» է լսել, գնացել է «գոռգոռոցների» ուղղությամբ. «Մոտիկացանք, տեսանք կռիվը, սկսեցի բաժանել»: Ըստ այս վկայի՝ կռիվը տեւել է 2,5-3 րոպե: Նրա տեղեկացմամբ, վեճին մասնակցել է 6-7 անձ: Մինչդեռ շոշափվում է 25 եւ ավելի հոգանոց մի հրոսակախմբի մասնակցության մասին: Այս վկան հայտնեց նաեւ. «Երբ ամեն ինչ հանդարտվեց, Արային առաջարկեցի նստել իմ մեքենան: Չնստեց: Ոտքով, Հովհաննեսի հետ, գնաց մեր տան կողմը: Մեր տնից 100մ հեռավորության վրա, Արան նստել էր քարին ու ասում էր՝ գլուխս լավ չի: 20-30մ չէինք եկել, Արան ասաց՝ ոտերս թուլանում են, չեմ կարող: Ես ու Հովհաննեսը պառկացրինք, նա ընկավ կոմայի մեջ: Զանգել եմ շտապօգնություն: Տարել ենք Վեդիի հիվանդանոց, կես ժամ հետո այնտեղից Երեւան՝ «Էրեբունի» հիվանդանոց»:
Դատախազ Արսեն Արսենյանը փորձեց ճշտել, թե ինչ ձայներ էին, հայհոյո՞ւմ էին, ո՞վ ում հետ էր վիճաբանում: Այս վկան հայտնեց, որ Արմանը, Կարենը, Արան ձեռքերով խփում էին իրար (ձեռքերի հարվածից գանգը չի փշրվում, ինչպես եղել է Արայի պարագայում- Ռ. Մ.):
Տուժողի իրավահաջորդ Արայի հայրը՝ Գեղամ Վարդանյանը տեսնելով, որ վկան ոչինչ «չի հիշում», հիշեցրեց նրան, ինչ ասել էր դեպքի օրը. «Ինձ էլ էին խփում» ու ցույց էր տվել աչքի տակի կապտուկը: Վկան ասաց, որ «խառը կռվի ժամանակ չի էլ զգացել աչքի հետ կապվածը» ու ժխտեց, թե այդպիսի բան է ասել: Որդեկորույս հայրը նկատեց, որ վկայի ցուցմունքը չի համընկնում նախկինում ասվածին, ավելին. «Իմ համար պարզ չի՝ վկա՞ն է խփել, ամբաստանյալնե՞րը, տղաս ինչից գնաց»: Հաջորդ վկան՝ Մուրադ Հարությունյանն ասաց, որ դեպքի օրը տանն են եղել, երբ իր հայրը Արային ասել է, թե քեզ կանչում են: Արան դուրս է եկել: Կարենի սպիտակ գույնի «Նիվա» մեքենան կանգնած էր տան դիմաց. «Տեսանք Կարենի հետ վիճում են»: Եղբոր հետ ոտքով գնացել են Կարենի մեքենայի ետեւից: Այս վկան, ի տարբերություն նախորդի, հայտնեց. «Բաժանել ենք, Արային բերել քեռու տուն, կանչել շտապօգնություն»: Դատավորի հարցին, թե ի՞նչ վիճաբանություն էր, նա նկարագրեց այսպես. «Արան եւ Արմանը իրար քաշքշում էին: Ձեռքերով հարվածում էին: Ուշադիր չեմ եղել, թե ով ում էր հարվածում: Արմանն ու Արան ընկան գետնին»: Վկան չէր լսել նաեւ հայհոյանքներ, նա անընդհատ ասում էր, որ գոռում էին, բայց կոնկրետ ինչ՝ չի լսել: Հունից ի վերջո դուրս եկավ մեղադրողը՝ ասելով. «Կարո՞ղ է գրական երեկո էր, էդ ի՞նչ կռիվ էր»: Արա Վարդանյանի հայրը, որը, ի դեպ, չունի իրավաբան եւ միայնակ է առայժմ ներկայացնում իր որդու շահերը, հիշեցրեց այս վկային, որը դարձյալ դեպքի օրը ասել էր, թե «ամենայախիդնի խփողը Վանիկն էր»՝ Վանիկ Կարապետյանը, որի համար վկան արդեն դատարանում ասաց. «չեմ տեսել»: Այս վկան էլ 5-6 անձի էր տեսել «ռազմի դաշտում»: Նա էլ էր եղել, իր ասելով, կռիվը բաժանողներից: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել