Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԷԼ ԵՆ ԾԵՐ ԵՐԵՎԱԼՈՒՑ ՎԱԽԵՆՈՒՄ

Հունիս 18,2011 00:00

Նրանց ծերացնում է մեծ փորը, ալկոհոլը,  ոչ ճիշտ ընտրված օծանելիքը

\"\"

Դեռ վաղ մանկությունից լսում ենք, որ կանայք երազում են չծերանալ եւ իրենց երիտասարդությունը պահպանելու համար պատրաստ են ամեն ինչի: Անգամ մանկական հեքիաթներում են կախարդուհիները կամ թեկուզ հեքիաթի հերոսուհիները տարբեր հնարքների դիմում, զոհեր են տալիս, միայն թե մի քանի տարի կամ իրենց ամբողջ կյանքի ընթացքում երիտասարդ մնան: Իրական աշխարհում էլ գեղեցիկ սեռը պայքարում է ծերանալու դեմ՝ տարբեր քսուքներ ու դեղանյութեր են հայտնաբերվում, պլաստիկ վիրահատությունների ու ներարկումների ձեւեր են մշակվում, միայն թե կանայք երիտասարդ մնան եւ տղամարդկանց աչքը շոյեն՝ իրենց գերազանց պահպանված արտաքինով: Սակայն ծերությունից վախենում են նաեւ տղամարդիկ, եւ նրանք էլ են պատրաստ տարբեր միջոցների դիմել, որպեսզի երիտասարդ ու առինքնող մնան: Այս մասին քիչ են խոսում՝ հավանաբար այն պատճառով, որ տղամարդիկ չեն համարվում գեղեցիկ սեռ եւ պարտադիր չէ, որ նրանք միշտ գեղեցիկ ու երիտասարդ երեւան: Տղամարդկանց, ինչպես նաեւ կանանց, առաջին հերթին ծերացնում են ճերմակած մազերը: Եթե տղամարդկանց մի մասին ճերմակած մազերը նույնիսկ շքեղ տեսք են տալիս եւ վստահելի դարձնում մարդկանց աչքին, ապա կանանց պարագայում այն բոլորովին էլ շքեղության, գեղեցկության նշան չէ: Այդ իսկ պատճառով առաջին ճերմակ մազերի առկայության դեպքում կանայք դիմում են կոսմետիկ միջոցների՝ սկսում են ներկել: Տղամարդիկ իրենց ճերմակած մազերը սկսում են ներկել, եթե, ասենք, կարեւոր քաղաքական պաշտոն են զբաղեցնում, դերասան են կամ էլ պարզապես սթրես են ապրում իրենց հայելու մեջ նայելով: Նկատենք, որ մեծ մասամբ ճերմակ մազերը տարիքի հետ կապ չունեն, իսկ Հայաստանում տղամարդկանց շրջանում մազեր ներկելն այնքան էլ ընդունված չէ: Բացի գենետիկ նախատրամադրվածությունից, ըստ մասնագետների, մազերի վաղաժամ ճերմակելուն կարող են նաեւ հանգեցնել սթրեսներն ու քրոնիկ հիվանդությունները: Բժիշկները համարում են, որ մինչեւ 30 տարեկանը հայտնված ճերմակ մազերն անառողջ օրգանիզմի կամ էլ որոշ նյութերի անբավարարության նշան են, ասենք՝ կալցիումի, որը պատասխանատու է հիմնականում ատամների եւ ոսկորների ամրության համար: Մազերի վաղաժամ սպիտակելուց խուսափելու համար յուրաքանչյուր տարիքում պետք է ճիշտ սնվել, հաճախակի թարմ օդում զբոսնել, վիտամիններ ընդունել ու սպորտով զբաղվել, խուսափել սթրեսներից: Ճերմակ մազերից, կարելի է ասել, ապահովագրված են շիկահերները, որոնց բաց գույնի մազերի մեջ ուղղակի չեն երեւում ճերմակածները: Ամենայն հավանականությամբ, դա է պատճառը, որ տղամարդկանց մեծ մասը նախընտրում է շիկահերներին:
Պարզ է, որ տղամարդկանց տարիքը կարող է մեծ երեւալ դեմքի կնճիռների (հաճախ՝ վաղաժամ), ինչպես նաեւ թոշնած մարմին ունենալու պատճառով: Ըստ հետազոտողների, վաղաժամ կնճիռներ կարող են առաջանալ համակարգչից շատ օգտվելու դեպքում, իսկ մարմնի մկանների թուլությունը նստակյաց կյանքի հետեւանք է: Համակարգչով աշխատելիս հարկավոր է մեջքն ուղիղ պահել, որպեսզի հնդուհավի վիզ, աչքերի ու ճակատի կնճիռներ չունենանք:
Տղամարդկանց տարիքը մեծ է երեւում նաեւ այն դեպքում, երբ դուրս ցցված փոր են ունենում: Այսպես ասած՝ «փորով մարդիկ» հիմնականում ընկալվում են տարիքով ավելի մեծ, մանավանդ, եթե նրանց այդ տեսքին ավելանում են հոգնած հայացքն ու անհամապատասխան հագուստը: Հաճախ եւ տղամարդիկ, եւ կանայք, մարմնի թերությունները ծածկելու համար, իրենց չափսերից մեծ, լայն հագուստ են կրում՝ հիմնականում մուգ գույնի, ինչն էլ նրանց իրական տարիքից մեծ է ցույց տալիս: Կան կանայք, որոնք 40 տարեկանում էլ չեն ուզում հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից, վառվռուն գույնի հագուստից, պատկերացրեք, որ նրանք ճիշտ են վարվում. կարճ շրջազգեստով, վառ գույներով հագուստ կրող կինը երբեք ծեր չի ընկալվի: Ելնելով այդ տեսակետից, տղամարդիկ էլ պետք է վառ գույնի հագուստ կրեն: Մարդկանց չի գեղեցկացնում նաեւ խիստ նիհար լինելը: Ինչքան էլ ցավալի է, ծեր են ընկալվում նաեւ տղամարդիկ, որոնք կին չունեն, եթե անգամ նրանք խնամված տեսք են ունենում: Սա էլ իր բացատրությունն ունի՝ միայնակ տղամարդիկ սթրեսների շատ են ենթարկվում: Մեր իրականությունում տղամարդկանց մեծ մասը նախընտրում է օրական գոնե մեկ բաժակ գարեջուր կամ այլ ալկոհոլային խմիչք օգտագործել, սակայն հիշեցնենք, որ Միլանի համալսարանի գիտնականները պարզել են, որ ալկոհոլի օգտագործումն արագացնում է օրգանիզմի ծերացումը եւ մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:
Գուցե տարօրինակ է, բայց կնոջն ու տղամարդուն ծերացնում է նաեւ ոչ ճիշտ ընտրված օծանելիքը:  Կան օծանելիքներ, որոնք «տատիկի կամ պապիկի հիշողություն» կարելի է անվանել, ուստի պետք է թեթեւ ու թարմ հոտերով օծանելիք օգտագործել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել