Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն՝ ՈՉ

Հունիս 29,2011 00:00

ԱՄՆ պետդեպարտամենտին հիասթափեցրել են հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նյուլանդը: Արձանագրելով, որ Կազանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, Նյուլանդն ասել է, թե՝ այնուհանդերձ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, համաձայնել են շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ շարունակել հանդիպումները, ու հավելել. «Բայց ես կասեի՝ սա հիասթափեցնող է»:

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկիրը՝ Ֆրանսիան էլ վստահեցնում է, որ Կազանի հանդիպման արդյունքն «անկարեւոր չէ»: Այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ «Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահ գործընկերների՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանքեր չի խնայելու կողմերին օգնելու շարունակել բանակցությունները»: «Ինչպես նշված է (Կազանում ընդունված) հայտարարությունում, Կազանի հանդիպումը հստակեցրեց կամ հաստատեց փոխըմբռնման մի շարք կետեր, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները ներկա հիմքի վրա՝ միջնորդների առաջարկած կարգավորման սկզբունքների հետագա ընդունման նպատակով»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ տեղեկացնելով, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն առաջիկա շաբաթներին այցելելու են «Երեւան, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ՝ պատրաստելու բանակցությունների շարունակությունը»:

Ռուսաստանից դեռեւս որեւէ պաշտոնական արձագանք չկա: Առայժմ միայն ռուսաստանյան մամուլն է կրեմլյան անանուն աղբյուրներին վկայակոչելով՝ գրել, թե՝ «նախագահ Մեդվեդեւն այն աստիճան է հիասթափված Կազանի հանդիպման արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել ղարաբաղյան ուղղությամբ բոլոր խաղաղարար ջանքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել