Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում

Հունիս 29,2011 00:00

Հունգարիայի Պակշ քաղաքում ավարտվեց շախմատի Դյորդ Մարքսի իններորդ հուշամրցաշարը, որի շրջանակներում անցկացված կանանց մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանը 6,0 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ընդամենը կես միավոր զիջելով հաղթող ճանաչված ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային: Լիլիթի հետ հավասար արդյունք ցույց տվեց նաեւ հունգարուհի Իլդիկո Մադլը, սակայն նա մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ գործակիցներով: Մյուս երեք շախմատիստուհիները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:

4. Աննա Ռուդոլֆ (Հունգարիա) 5,0 միավոր

5. Էսթեր Դուդաշ (Հունգարիա) 3,5

6. Աննա Շարեւիչ (Բելառուս) 3,0:

Հաղթական մեկնարկ

Մոսկվայում մեկնարկել է շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի գավաթի խաղարկության վեցերորդ երիտասարդական մրցաշարը, որին մասնակցում են ութ հավաքականներ (Հայաստան, Չինաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ադրբեջան եւ Ռուսաստան՝ երկու թիմով)՝ համալրված մինչեւ 17 տարեկան (բայց՝ 12-ից բարձր) շախմատիստներով: Ընդ որում, անհրաժեշտ պայման է, որ թիմերում պարտադիր պետք է ընդգրկված լինի առնվազն մեկ աղջնակ: Հայաստանը ներկայացնում են Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը թիմի ներկայացուցիչն է՝ ավագը:

Կայացած երկու տուրերում մեր հավաքականը միեւնույն՝ 4:0 հաշվով հաղթել է Չինաստանի եւ Ղազախստանի թիմերին եւ թիմային 8,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երեկ մեր թիմի մրցակիցը Ռուսաստանի հավաքականն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել