Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ երիտասարդներն ու հայաստանյան մանկապարտեզները

Հունիս 29,2011 00:00

Կամ՝ ինչպես սեփական ներդրումն ունենալ հայրենիքում

Լոս Անջելեսում բնակվող մի խումբ հայ երիտասարդներ մտահոգված են Հայաստանի հեռավոր գյուղերի մանկապարտեզներով, սաներով եւ նրանց կրթությամբ: Այդ կապակցությամբ այս օրերին Հայաստանում են ԱՄՆ «Alpha Epsilon Omega» բարեգործական կազմակերպության Armenian Education Relief Foundation (AERF) մասնաճյուղի հիմնադիրներն ու անդամները: 11 երիտասարդ, որոնք ԱՄՆ տարբեր համալսարանների ուսանողներ են, արդեն երրորդ անգամ սեփական միջոցներով եւ կարողություններով Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներին իրենց օգնությունն են ցուցաբերում: Այս տարի կազմակերպության ընտրությունը կանգ է առել Ստեփանավանի՝ «Լոռի», Աշտարակի «Արաքս Մուրադյան» եւ «Հասմիկ» նախակրթարանների վրա:

«Առավոտը» հանդիպեց երիտասարդներից մի քանիսին: Իրենց կատարածի մասին նրանք չեն սիրում խոսել: Միայն նշում են, որ դա իրենց առաքելությունն է:

«Alpha Epsilon Omega» AERF ճյուղի համահիմնադիր Ժակ-Հակոբ Ավետիքյանը պատմեց, որ ամեն տարի լինում է Հայաստանում. «Դրսում ապրելու իմ միակ նպատակը՝ հայրենիքում փոքր ներդրումներով հայ երեխաների մեջ որակյալ կրթության հարցում իմ ներդրումն ունենալն է: Առաջին տարին չէ, որ այս առաքելությամբ գալիս ենք հայրենիք: Փորձում ենք օգնել այն մանկապարտեզներին, որոնք բարվոք վիճակի մեջ չեն: Երեխաների համար փորձում ենք հարմար պայմաններ ստեղծել՝ լավ սովորելու կամ սովորածը հեշտ յուրացնելու համար»:

Նույն կազմակերպության մեկ այլ անդամ՝ Ժիրայր Քոլանջյանը նշեց. «Առաջին անգամ 2006-ին աջակցել ենք Արմավիրի մանկապարտեզներից մեկին, հետագայում մեր նախաձեռնությունը շարունակություն ունեցավ, ու այս տարի այլ մանկապարտեզներ այցելեցինք Ստեփանավանում եւ Աշտարակում»:

Օգնությունը հիմնականում գույքային է: Ժիրայրի խոսքով. «Տարբեր իրեր ենք գնում՝ աթոռ, սեղան, բազմոց, գորգ, գրատախտակ, տեխնիկա՝ ձայնագրիչ, համակարգիչ, մինչեւ անգամ սառնարան եւ լվացքի մեքենա»:

Երիտասարդներից Արմեն Դերմենջյանն ասում է, որ վստահ չեն, եթե գումարը առձեռն հանձնեն մանկապարտեզների ղեկավարներին, արդյո՞ք ամբողջությամբ այն նպատակին կծառայի, դրա համար ամեն ինչ իրենք են անում:

Նշենք, որ «Alpha Epsilon Omega» բարեգործական կազմակերպությունը ստեղծվել է 2006 թվականին: Կազմակերպությունը տարբեր մասնաճյուղեր ունի եւ գործում է հիմնականում ամերիկյան համալսարանների ներսում, քանի որ անդամները համալսարանականներ են: Բացի կրթական ծրագրերից, որն իրականացնում է «Alpha Epsilon Omega»-ի AERF ճյուղը, այն հետաքրքրված է նաեւ ցեղասպանության հարցերով: Ժակ-Հակոբը հավելեց, որ ամերիկաբնակ հայ երիտասարդները մեծ ցանկություն ունեն իրենց գիտելիքներով եւ հնարավորություններով թեթեւացնել հայաստանաբնակ իրենց հայրենակիցների կյանքը: Ժիրայրն էլ նշեց. «Արդեն նույնիսկ ընկերացել ենք այդ մանկապարտեզների երեխաների հետ: Ամենահաճելին այսքանի միջից այն է, որ նրանք մեզ տեսնելիս ձեռքով են անում, ճանաչում ու հիշում»:

Տղաները բոլորն էլ հայեցի դաստիարակություն են ստացել: Օրինակ, Ժակ-Հակոբն ասում է. «Կապ չունի՝ որտեղ ես ապրում, կարեւորը հայ լինելով հայեցի ապրես, օգնես նեղության մեջ գտնվող քո հայրենակիցներին, լավ կրթության համար լավ պայմաններ ստեղծես: Մենք բոլորս հավատում ենք, որ ապագան երիտասարդներինն է, եւ յուրաքանչյուր ոք՝ լավ ուսում, կրթություն ստանալու իրավունք ունի: Մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք մասնավորապես մանկապարտեզների վրա, քանի որ դա կրթության առաջին հիմքն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել