Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

Հունիս 30,2011 00:00

«Առավոտի» հունիսի 11-ի համարում «Արտաշատը նոր քաղաքապե՞տ կունենա» հրապարակմամբ ներկայացրել էինք քաղաքի նախընտրական վիճակն ու տրամադրությունները: Հրապարակումից հետո նոր զարգացումներ են գրանցվել:
2007 թվականին Արտաշատի քաղաքապետի ընտրության ժամանակ սկզբում թեկնածուների պակաս չկար` առաջադրվել էր հինգ թեկնածու: Ընտրապայքարի կեսից, սակայն, չորս թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեցին` թողնելով գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանին` միայնակ պայքարել ինքն իր դեմ: Վերջինս էլ «փառահեղ» հաղթանակ տարավ ինքն իր հետ պայքարում: Թե ինչու մյուս թեկնածուները հանկարծ միաձայն որոշեցին վայր դնել «զենքերը», շարքային արտաշատցիների համար մնաց անհասկանալի:
Նախընտրական այս պատմությունը կրկնվում է հիմա՝ երբ Արտաշատում նորից քաղաքապետ են ընտրում: Այս անգամ առաջադրվել էր վեց թեկնածու, թվում էր, թե թեկնածուները հակված են լուրջ ընտրապայքարի դուրս գալ, որի արդյունքում արտաշատցիները կունենային ընտրության լայն հնարավորություն, սակայն, չգիտես ինչու, 2007 թվականի նման, ընտրապայքարի կեսից որոշ թեկնածուների բուռն ցանկությունը մարեց եւ նրանք մեկը մյուսի ետեւից ինքնաբացարկ հայտնեցին, գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանին թողնելով միայն թոշակառու եւ ոչ մի տեղ չաշխատող Քաջո Գրիգորյանի հետ:
Մինչ այդ ենթադրվում էր, որ քաղաքապետի գլխավոր մրցակիցը կլինի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնի պետ Վարդան Մնացականյանը: Տեղեկացրել ենք, որ վերջինս մեծ կապեր ունի վերեւներում եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խնամին է: Իսկ գործող քաղաքապետը ՀՀ ԱԺ նախագահի հովանավորյալն է: Ինքնաբացարկների «շքերթից» հետո հստակ է, որ Արտաշատը էլի մնաց ԱԺ նախագահին: Հասկանալի է, որ երկու ընտրությունների ժամանակ էլ առաջադրված թեկնածուները ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ են հայտնում` տարբեր բանակցությունների արդյունքում: Արտաշատցիներից ոմանք կատակում են, թե մարդիկ կան, ովքեր ընտրությունից ընտրություն փող են աշխատում` թեկնածություն դնել-հանելով: Իսկ գործող քաղաքապետը՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններին թեկնածուների ինքնաբացարկի առիթով լրագրողներին հավաստիացնում է, որ անտեղյակ է, թե մրցակիցներն ինչու են ինքնաբացարկ հայտնել, քանի որ նրանց չի հանդիպել ու չի տեսել:
Իսկ թե ինչու թոշակառու Քաջոն էլ չի հանում իր թեկնածությունը, ոչ ոք չի ասում: Բայց բոլորն են հասկանում եւ ասում, որ գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը ունի անշառ մրցակից, որի նկատմամբ ինքը այս անգամ էլ կտանի «փառահեղ» հաղթանակ: Իսկ արտաշատցիներն այս անգամ էլ զրկվեցին այլընտրանքի հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել