Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍ-ՄՇԱԿՈՒՅԹ՝ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Հունիս 30,2011 00:00

Ըստ եվրոպացի երաժիշտների, դասական արվեստին յուրօրինակ ուշադրություն է անհրաժեշտ

\"\"

«Առավոտը» առիթ ունեցավ առաջին անգամ Հայաստանում գտնվող նորվեգացի ճանաչված դիրիժոր Էսպեն Սելվիկից վերցնել բացառիկ հարցազրույց: Առաջին անգամ ենք հանդիպում երաժշտի, ում Նորվեգիայի կառավարությունը հանձնարարել է բիզնեսի եւ մշակույթի ասպարեզում իրականացնել հատուկ ծրագրեր:
Մեզ հետ զրույցում Է. Սելվիկը, խոսելով բիզնես-մշակույթ կապի մասին, նախ նշեց, թե ինքը Նանսենի անվան հումանիտար ֆոնդի գեղարվեստական ղեկավարն է, հավելելով, որ բիզնես ասվածը, իր դեպքում, ուղղակի չպետք է ընկալել: Հետո էլ հարցի առնչությամբ բերեց մեկ-երկու օրինակ. «Երկրիս կառավարության հանձնարարականով 2001թ. գրեցի «Հոգի եւ երգ» ստեղծագործությունը՝ նվիրված Նորվեգիայի արքայազնին, ով իր ներկայությամբ պատվել էր երկի պրեմիերան Օրքնեյի Սբ. Մագնուս տաճարում: 2006թ. Շոտլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի մեկդարյա համագործակցությանը նվիրված համերգային ծրագիրը վստահված էր ինձ, որտեղ ներկա էին երկրների թագավորական ընտանիքները…»: Էսպեն Սելվիկը ժպիտով հավելեց նաեւ, որ եթե կառավարության հանձնարարությունները կարելի է համարել բիզնես, ուրեմն թող լինի այդպես: Նա նշեց նաեւ, որ դասական արվեստին աննկարագրելի մեծ աջակցություն է ցուցաբերում Նորվեգիայի կառավարությունը:
Է. Սելվիկի հետ Հայաստան է ժամանել նաեւ նրա տիկինը՝ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մնդոյանցի դասարանի ուսանողուհի Մարինա Կանը: Խառը ամուսնության մասին ռեպլիկին ի պատասխան՝ նա հայտնեց, որ ապագա ամուսնու հետ առաջին անգամ հանդիպել է 2006թ., Նորվեգիայում ունեցած իր մենահամերգից հետո: Ամուսնու ու իր զավակի հետ երջանիկ է, սակայն «Էսպենը բազմազբաղ է, նա Կաունասի ֆիլհարմոնիկ կազմակերպության հրավերով 1998թ.-ից Լիտվայի Գրիգ-Չուրլյոնիս միջազգային փառատոնի հրավիրյալ գլխավոր դիրիժորն է, անվերջ զբաղվում է կոմպոզիցիայով, այս տարի էլ հրատարակեց իր «Դարպասը» վեպը»:
Ամուսինները հուլիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Կարճատեւ զրույցից հետո նրանք ներողություն խնդրեցին, քանի որ մեկնելու էին Արցախ: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է Արցախն արժանացել նրանց ուշադրությանը: Մարինայի խոսքերով՝ Հայաստան աշխարհի ու Արցախի մասին շատ է լսել իր պրոֆեսորից: Ամուսինը, ընդհատելով կնոջը, հայտնեց, որ Նորվեգիայում 2007թ. հայկական խաչքարի բացման առիթով հնչել է իր գրած երաժշտությունը. «Հետո էլ համացանցում ուսումնասիրելով բազմադարյա պատմություն ու մշակույթ ունեցող ձեր երկիրը, նկատեցի, որ Արցախի բնությունը շշմելու աստիճան նման է Նորվեգիային…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել