Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԻՆ 370 ՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՆԱ ՍԱՄՈՒԻԼԸ

Հունիս 30,2011 00:00

Եվրոպայի օրն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 9-ին, քանի որ 1950 թվականին՝ հենց այդ օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն իր հռչակագրով կոչ արեց եվրոպական երկրներին միավորել իրենց արտադրությունը՝ որպես եվրոպական դաշնության հիմք: 1985 թվականից մինչեւ այսօր մայիսի 9-ը տոն է եւ եվրոպական երկրների օրացույցներում նշված է կարմիրով: Այս տարի Հայաստանում Եվրոպայի օրը նշվեց ավելի ուշ՝ հունիսի 28-ին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, ներկայացրեց գալա համերգ՝ նվիրված Եվրոպայի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՖՆ-ի եւ Բեռլինի Deutsche staatsoper-ի առաջատար երգչուհի, համաշխարհային փառատոների դափնեկիր, աշխարհահռչակ Աննա Սամուիլը: Միջոցառումն սկսվեց ԵՄ եւ ՀՀ օրհներգերով: Այնուհետեւ բեմ բարձրացավ հենց ինքը՝ Աննա Սամուիլը, ում հայ հանդիսատեսն ընդունեց մեծ ոգեւորությամբ:
«Շատ եմ հավանում Աննային, ձգտել եմ, որ Հայաստան գա: Ուրախ եմ, որ համերգը հաջողվեց: Ամեն ինչ հրաշալի էր»,- նշեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար Էդ. Թոփչյանը:
Իսկ ինչո՞ւ ենք հայերս բոլորից տարբերվում ու Եվրոպայի օրը նշում 1,5 ամիս ուշացմամբ: Պարզվում է՝ «մեղավորը» Ֆիլհարմոնիկն է:
«Ֆիլհարմոնիկի գրաֆիկը խիտ է, մենք կարողացանք օր գտնել միայն այսօր եւ համաձայնեցնել Աննա Սամուիլի հետ. չէ՞ որ նա տարին 370 օր զբաղված է»,-պատասխանեց պարոն Թոփչյանը: Օպերային արվեստի սիրահար մաեստրոն անդրադարձավ նաեւ ՀՊՖՆ-ի ապագա ծրագրերին, ասելով, թե ցանկանում են բեմադրել Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը», սակայն ամեն ինչ կախված է ֆինանսներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել