Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի լիգան մեկնարկում է

Հունիս 30,2011 00:00

Այսօր հայաստանյան երկու ակումբներ մեկնարկում են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում: Նախորդ առաջնության երրորդ մրցանակակիր «Ուլիսն» արդեն մեկնել է Բուդապեշտ, որտեղ երեկոյան կմրցի տեղի «Ֆերենցվարոշի» հետ: Բրոնզե մեդալակիրը երեկ 40 հոգանոց պատվիրակություն է գործուղել Հունգարիա, որոնց թվում քսանն են ֆուտբոլիստներ:
Երեկ երեկոյան մեր թիմն անցկացրել է միակ փակ մարզումը «Ալբերտ» մարզադաշտում, որը միայն 15 րոպե բաց է եղել հունգարացիների համար: Իսկ Երեւանում «Ռուսթավիի» հետ խաղին նախապատրաստվում էր «Բանանցը», որը նույնպես անցկացրեց իր վերջին մարզումը:
Երեկ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա նշեց, որ հավաքից թիմը նոր է վերադարձել, սակայն նախապատրաստական շրջանը դեռ շարունակվում է: Խնդիրներ, ցավոք, մեր թիմն ունի, ու թե— դրանք շատ չեն, բայց կարեւոր են: «Մտահոգիչն այն է, որ մարզման ժամանակ վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Արտաշես Առաքելյանը, ով երկկողմանի հանդիպման ժամանակ չի զգացել դա, իսկ արդեն խաղից հետո չի կարողացել քայլել։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա վնասվածք ունի։ Այժմ բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Առաքելյանը կարողանա մասնակցել գոնե պատասխան հանդիպմանը», – ասաց մարզիչը։ Չնայած այս կորստին, Ռաֆայել Նազարյանը թիմերի շանսերը երեկոյան կայանալիք հանդիպմանը գնահատեց հավասար: «Մենք արդեն դիտել ենք մրցակցի մասնակցությամբ հանդիպումների տեսաերիզը: Կարող եմ ասել, որ նրանք բավական գրագետ, ագրեսիվ ու տեխնիկապես լավ ֆուտբոլ են ցուցադրում։ Շատ կազմակերպված թիմ է։ Որքան ես տեղյակ եմ, նախորդ տարվա համեմատությամբ թիմից հեռացել է հիմնական կազմի մեկ ֆուտբոլիստ։ Սակայն 80 տոկոսով նրանք նույն կազմով են հանդես գալիս», – տեղեկացրեց Ռաֆայել Նազարյանը: Ի դեպ, բուքմեյքերական գրասենյակները «Բանանցի» շանսերն ավելի բարձր են գնահատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել