Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԴԺՎԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ

Հունիս 30,2011 00:00

Դրա պատճառը ղարաբաղյան հիմնահարցն է

Վերջերս մի խումբ լրագրողներ՝ Հարավային Օսեթիայից, Վրաստանից, Հայաստանից եւ Աբխազիայից, այցելեցին Լեռնային Ղարաբաղի Դրմբոն գյուղում գործող լեռնահարստացուցիչ «Base Metals» կոմբինատ: Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը ներկայացնելով ընկերության աշխատանքները՝ վստահեցրեց, որ իրենք աշխատում են 100%-անոց անվտանգ պայմաններով եւ բնությունը բացարձակ չեն վնասում: Սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որ պղնձի խտանյութն ուղարկում են Ալավերդու ձուլարան, ապա թունավոր նյութերի արտանետումը մթնոլորտ վնասում է Ալավերդու եւ շրջակա գյուղերի կենսաբազմազանությունն ու բնակիչների առողջությունը:
Այդուհանդերձ, պարոն Մկրտումյանը հիացած է Ղարաբաղի իշխանությունների կողմից գերազանց բիզնես-միջավայր ստեղծելու համար. «Ես 2-րդ նման վայր չգիտեմ, որտեղ կա այսպիսի բիզնես-դաշտ, որտեղ ե՛ւ վստահություն կա, ե՛ւ բոլոր պայմանները: Մենք 9 տարի է՝ ապրում ենք եւ աշխատում՝ ամեն օր իրար սիրելով»: Լրագրողների այն դիտարկմանը, որ Հայաստանում կոռուպցիան մեծ է, ինչպե՞ս է հնարավոր, որ Ղարաբաղում դա չլինի, պարոն Մկրտումյանն ասաց. «Մենք հիանալի ու հիասքանչ փոխհարաբերություններ ունենք ժողովրդի եւ իշխանությունների հետ: Այո, Հայաստանում կոռուպցիա կա, իսկ այստեղ այն 0 է: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ մեր ոլորտում կոռուպցիա չկա, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ: Բայց ձեր տեղը ես լինեի՝ կհավատայի»: Այս իդեալական պայմանները նույնիսկ կասկած առաջացրին օտարերկրյա լրագրողների մոտ, ոմանք զրույցից հետո նույնիսկ կատակում էին՝ «Ղարաբաղը Շվեյցարիայից է՞լ զարգացած է»: Հետո պարոն Մկրտումյանը, սեփական փորձից ելնելով, օրինակ բերեց, որ կոռուպցիա գրեթե չկա նաեւ պետավտոտեսչության եւ դատական ոլորտում: Ընկերության տնօրենը իր բացատրությունն ուներ, թե ինչու է Ղարաբաղում կոռուպցիան նվազել՝ «Ղարաբաղի նման երկրում դա կարեւոր ֆակտոր է, այլ արժեքները շատ չեն, եւ երկրի կայանալու համար դա շատ կարեւոր է: Երբ հացը քիչ է, պետք է արդար կիսել»:
Իսկ թե ինչպես է ազդում ղարաբաղյան հիմնահարցի չլուծված կարգավիճակը բիզնեսի վրա, պարոն Մկրտումյանը խոստովանեց, որ երբ ներդրողներ էին փնտրում, շատ խնդիրներ էին առաջանում. «Նրանք դրա վրա ուշադրություն են դարձնում: Երբ ֆինանսական միջոցներ էինք փնտրում Ղարաբաղի համար, դրանց գինը բարձրացնում էին: Իսկ հիմնահարցի չլուծված լինելուց մենք ինքներս չենք վախենում: Եթե մենք ռիսկի չգնանք, հո ֆրանսիացի՞ք չեն ռիսկի դիմելու»: Այն հարցին էլ, թե արդյոք խոշոր բիզնեսը կարո՞ղ է ազդել ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը, ընկերության տնօրենն ասաց. «Ուղղակիորեն՝ ոչ: Բայց երբ բիզնեսը զարգացնում է երկրի տնտեսությունը եւ առողջացնում հասարակությունը, ապա՝ այո, բիզնեսը խնդրի կարգավորման վրա ազդեցություն թողնում է: Եթե առողջ հասարակություն եւ ուժեղ տնտեսություն կա, դա կարող է լուրջ դեր խաղալ ցանկացած կոնֆլիկտների քաղաքակիրթ լուծման վրա»:
Խոսելով ընկերության աշխատանքների եւ արտադրական ծավալների մասին՝ տնօրենը ներկայացրեց, որ սկսել են զրոյից եւ ընդամենը 13 ամսում կառուցել թե գործարանը եւ թե նախապատրաստել հանքի շահագործումը: Թե ինչո՞ւ են այդպես շտապել՝ տնօրենը վստահեցրեց, որ դա ներդրողների պահանջն է եղել՝ ուզում էին արագ տեմպերով շահույթ ստանալ:
Ըստ Ա. Մկրտումյանի, «Base Metals»-ը անցյալ տարի 363 հազար տոննա հումք է ստացել եւ ձուլել: 1 տոննա հումքի արտահանման եւ մշակման ինքնարժեքը 48-53 դոլար է. «Որպեսզի չկարծեք, թե ինչ-որ տվյալներ եմ թաքցնում, անկեղծ ասեմ՝ այսօր 1 տոննա հումքի մեջ 10 կգ պղինձ, 2.5-3 գրամ ոսկի եւ մոտ 4 գրամ արծաթ կա»: Ընկերությունը Դրմբոնի եւ շրջակա գյուղերի բնակիչների համար միակ գործատուն է, եւ զրուցելով բանվորների հետ՝ պարզեցինք՝ ճիշտ է, աշխատանքը չափազանց բարդ է եւ վտանգավոր, բայց միջինը 180 հազար դրամ աշխատավարձի մասին իրենք չէին էլ կարող երազել: Ընկերությունում կան աշխատակիցներ, որ մոտ 1000 դոլար աշխատավարձ են ստանում: Իսկ հանքափորները որքան շատ փորեն, այնքան բարձր աշխատավարձ կստանան:
Պարոն Մկրտումյանի վստահեցմամբ, ներկայիս հանքի պաշարները կբավականացնեն մոտ 5 տարի, ուստի կատարում են երկրաբանական հետախուզական աշխատանքներ եւ մոտ ապագայում նոր հանքը կշահագործեն:
Ընկերության տնօրենը մինչեւ վերջ անկեղծացավ լրագրողների հետ եւ վստահեցրեց, որ թեեւ հանքարդյունաբերության ոլորտում է մի քանի տասնյակ տարի, բայց ոսկի չի սիրում, հետագայում, ինչպես շատ գործարարներ են անում՝ քաղաքականությամբ չի զբաղվելու. «Հուրախություն ինձ, այս հանքում ազատ բնական ոսկի չկա, ոսկին գլխացավանք է, եւ բանվորների համար գայթակղությունը մեծ կլիներ: Իսկ ոսկուն նայում եմ որպես արտադրության միջոց: Իրականում բիզնեսմենի համար ոչ մի տարբերություն չկա, թե դու այդ 50 միլիոն դոլարը ստանում ես ոսկի արտադրելով, թե բետոնի կամ հեծանվի գործարան ես շահագործում: Կարեւորը հաշվարկած եկամուտներդ ստանաս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել