Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՏՀԱԼԻ՞Ց

Հուլիս 01,2011 00:00

Հունիսի 29-ին Գորիսի Յոլյանի անվան հիվանդանոց էին տեղափոխվել 17 քաղաքացի՝ բոլորն էլ սննդային թունավորումով: Թունավորվածները Տաթեւ էքսկուրսիայի մեկնած Արտաշատի թիվ 2 դպրոցի ուսուցիչներն էին:

Տաթեւից տուն վերադառնալիս նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանի, էքսկուրսիա եկած կոլեկտիվի անդամներից մեկը Տաթեւ գալուց մեկ օր առաջ տհալ (ղավուրմա) էր պատրաստել ու իր հետ վերցրել, սակայն նախքան զբոսաշրջիկ ուսուցիչները կհասցնեին ուտել, այն ավելի քան 12 ժամ մնացել էր արեւի տակ, որն էլ դարձել էր մասսայական թունավորման պատճառ: «Թունավորվածների վիճակն այս պահին բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Առողջական տեսանկյունից լավ կլինի մի քանի օր էլ մնան՝ բուժումը լիարժեք ստանալու համար, բայց նրանք ցանկանում են դուրս գրվել, այդ դեպքում կարող են շարունակել բուժումն ամբուլատոր պայմաններում: 17 հոգուց 2-ը երեխա էր, մեկի վիճակը շատ ծանր էր, 39-ից բարձր ջերմությամբ, զառանցում էր: Ներկա դրությամբ, ինչպես մնացած շատերինը, որոնց առողջական վիճակը ծանր էր հիվանդանոց տեղափոխվելու պահին, այս երեխայի վիճակն էլ բավարար է ու գնալով ավելի է լավանում: Միայն 4-ի վիճակն էր որոշ չափով բավարար հիվանդանոց տեղափոխվելու պահին, բայց նրանք էլ համապատասխան բուժօգնություն են ստացել ապահովության համար»,- ասում է հիվանդանոցի փոխտնօրենը:

Պատասխանատուները բացառում են վարկածը, թե արտաշատցիները վարակվել են ջրից, քանի որ Տաթեւի եւ «Եղնուտ» հյուրանոցի (որտեղ հյուրընկալվել էին էքսկուրսիա մեկնածները) ջրերից օգտվել էին նաեւ ուրիշները:

Տհալի մնացորդներն ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքները պարզ կլինեն 2-3 օրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել