Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 10,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանութերորդ

ԵՐԵՍՈՒՆ ՏՈԿՈՍ

Եվ Հայկունն ասաց՝ «մեղք գործած տերտերների վիճակը շատ բարդ ա», եւ Աբոն հարցրեց՝ «ինչո՞վ ա բարդ», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «մենք որ մեղք ենք գործում, գնում ենք Մաղաքիայի մոտ ու մեր մեղքերը խոստովանում ենք, բայց խեղճ Մաղաքիան ո՞ւմ մոտ պիտի խոստովանի ու մեղքերի թողություն ստանա», եւ Աբոն ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «Հայկունին քանի՞ անգամ ես մեղքերի թողություն տվել», եւ Մաղաքիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ոչ մի անգամ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Հայկունը նախ պիտի իր մեղքերը խոստովանելու ցանկություն հայտնի, որպեսզի ես հնարավորություն ունենամ իր մեղքերի համար Բարձրյալից թողություն հայցել», եւ Աբոն ժպտալով Հայկունին հարցրեց՝ «ոչ մի անգամ մեղքերդ չես խոստովանե՞լ», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «սպասում եմ՝ մի քիչ էլ ավելանան, որ միանգամից խոստովանեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Անթալիայից որ գանք, միանգամից կխոստովանեմ», եւ ես ժպտալով Հայկունին հարցրի՝ «Անթալիայում մեղք ե՞ս գործելու», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Անթալիայում հանգստանալը տեղով մեկ մեղք ա» եւ ծիծաղելով հարցրեց՝ «դաշնակցության լոզունգը չես կարդացե՞լ», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծովափում չես կարա մեղք չգործես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ծովափի կիսատկլոր աղջկերքին որ նայում ես, էդ արդեն տեղով մեղք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հեչ պարտադիր չի, որ հետներն անձամբ շնանաս», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ կիսատկլորներին որ հետին մտքով ու ծուռ աչքով նայես, էդ արդեն շնանալ ա համարվում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա. մեր քրիստոնեական օրենքները շատ խիստ են», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ էլ խիստ չեն», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ո՞նց խիստ չեն» եւ մի քիչ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «փաստորեն, ծովափում պիտի աչքերդ փակ պահես ու ոչ մեկին չնայես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց քրիստոնեական օրենքով՝ հեշտուհանգիստ մեղքերի թողություն ես ստանում» եւ ծիծաղելով ավելացրի՝ «Անթալիայից վերադառնում ես, մեղքերդ Տեր Մաղաքիային խոստովանում ես ու անմիջապես մեղքերի թողություն ես ստանում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ամեն ինչ Տեր Մաղաքիայից ա կախված», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «ես միշտ պատրաստ եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միայն թե՝ անկեղծորեն պիտի խոստովանեք ու ապաշխարեք», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «բա դո՞ւ ոնց ես մեղքերի թողություն ստանալու, Տեր Մաղաքիա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քո համա՞ր ով ա բարեխոսելու», եւ Աբոն հանդիմանանքով Հայկունին ասաց՝ «էս սրբի պես մարդու վրա ո՞նց ես շառ անում», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ շառ եմ արել», եւ Աբոն ասաց՝ «էս սրբի պես մարդը ո՞նց կարա մեղք գործի», եւ Հայկունն արդարանալով ասաց՝ «մի քիչ առաջ ինքն իրա բերանով խոստովանեց, որ մեղք ա գործել», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խեղճը հանաքով մի բան ասեց՝ կրա՞կն ընկավ», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «հանաքով ե՞ս ասել, Տեր Հայր, թե՝ լուրջ», եւ Մաղաքիան ժպտալով Հայկունին հարցրեց՝ «հանաքով ե՞ս ինձ Տեր Հայր ասում, թե՝ լուրջ», եւ Հայկունը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն լուրջ», եւ Մաղաքիան լրջանալով ասաց՝ «ես էլ եմ միանգամայն լուրջ ասել», եւ Հայկունը ժպտալով նախ Աբոյին նայեց, հետո նայեց Մաղաքիային ու ժպտալով հարցրեց՝ «այսինքն, մեղք ե՞ս գործել», եւ Մաղաքիան միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «այո», եւ Աբոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մեղք ես գործել, ա՛յ Մաղաքիա», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «Արմենի ընկերոջը թյուրիմացության մեջ եմ գցել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր Արմենի», եւ Մաղաքիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ո՞ր ընկերոջս ես թյուրիմացության մեջ գցել», եւ Մաղաքիան մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «այդ սրտաբանին», եւ ես զարմացած հարցրի՝ «Կարոյի՞ն», եւ Մաղաքիան պատասխանեց ու ասաց՝ «այո» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էլ եմ Կարապետի մոտ բուժվում», եւ Հայկունը Մաղաքիային հարցրեց՝ «քո սրտի վիճակն էլ ա՞ վատ», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «ըստ Կարապետի՝ այո», եւ Հայկունը ծիծաղելով Մաղաքիային ասաց՝ «դու ոչ թե ըստ Կարապետի պիտի կողմնորոշվես, այլ՝ ըստ Ղուկասի» եւ ես ծիծաղելով ավելացրի՝ «կամ էլ՝ ըստ Մարկոսի», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «մյուս էրկուսին մոռացաք», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ տերտերները սրտի գծով չպիտի բողոքներ ունենան», եւ ես զարմացած հարցրի՝ «կաղող ա՞ տերտերները մարդ չեն», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդուց մի բան էլ ավել են, դրա համար էլ չպիտի սրտից բողոքներ ունենան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենք առավոտից իրիկուն էս երկրային կյանքի դժվարությունների մասին ենք մտածում, դրա համար էլ մեր սրտերը չեն դիմանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց տերտերները հարուր տոկոսով գիտեն, որ էս երկրայինը ժամանակավոր բնույթ ա կրում, ու կարեւորը հավերժական կյանքն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ չպիտի շատ հուզվեն ու սրտները փչացնեն», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «իրանք հիմնականում մեր համար են հուզվում, դրա համար էլ սրտները վատանում են», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «մեր համա՞ր ինչի են հուզվում», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «մտածում են՝ ինչի՞ ենք էսքան անհավատ», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե ժողովուրդն անհավատ ա, էդ արդեն եկեղեցու ու կրոնավորների մեղքն ա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ ա իրանց մեղքը», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «որովհետեւ իրանք հովիվն են, մենք՝ հոտը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչխարը ճամփից որ շեղվում ա, մեղքը չոբանինն ա», եւ Աբոն ժպտալով հարցրեց՝ «հիմի Մաղաքիան հովիվ ա՞, թե՝ չոբան», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «չգիտեմ՝ Մաղաքիան ինչ ա, բայց որ մենք ոչխարն ենք, էդ հաստատ ա», եւ Սերոբը, որ էդ ընթացքում միացել էր մեզ, Աբոյին ասաց՝ «հովիվն ու չոբանը նույնն են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, հոմանիշներ են», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն դեպքում՝ չոբանը կոպիտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեկին որ հովիվ ասես, դժվար թե նեղանա, բայց ոչ չոբան ասես, հաստատ կնեղանա», եւ Հայկունը ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ հոգեւոր հովիվ են ասում, ոչ թե՝ հոգեւոր չոբան» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց իրանց ինչ էլ ասենք, դրանից մեր ոչխար ըլնելը չի փոխվում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ մենք ոչխար չըլնեինք, իրանց հովիվ ասող չէր ըլնի», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրանց հովիվ են ասում, որովհետեւ իրանք ոչխարների անվտանգության իմաստով պատասխանատվություն են կրում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց սովորական հովիվներն իրանց ոչխարների վրա ավելի են դողում, քան հոգեւոր հովիվները՝ մեր վրա», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ շատ բնական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե հանկարծ սովորական հոտից մի ոչխար մոլորվի ու կորի, էդ ոչխարի տերերն էդ հովվի աչքերը կհանեն, բայց որ մենք ենք մոլորվում ու կորում, մեր հոգեւոր հովիվներին ոչ ոք պատասխանատվության չի ենթարկում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հոգեւոր հովիվների գործն ավելի բարդ ա», եւ Աբոն հարցրեց՝ «ինչո՞վ ա բարդ», եւ Հայկունը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ հոգեւոր հովիվներին Աստված ա պատասխանատվության ենթարկում», եւ Աբոն հարցրեց՝ «ո՞նց ա պատասխանատվության ենթարկում», եւ Հայկունը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իրա հիմնական ձեւով», եւ Աբոն հարցրեց՝ «իրա հիմնական ձեւը ո՞րն ա», եւ Հայկունը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պատիժը» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «Աստված ոնց որ հասարակ մահկանացուներիս ա մեր սխալների համար պատժում, նույն ձեւով էլ հոգեւոր հովիվներին ա իրանց սխալների համար պատժի ենթարկում», եւ Աբոն ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Մաղաքիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իհարկե», եւ Աբոն ծիծաղելով Հայկունին ասաց՝ «դու պիտի հոգեւոր հովիվ դառած ըլնեիր, ոչ թե՝ մաթեմատիկոս», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «իմ կյանքն էն գլխից ա սխալ դասավորվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված հոգեւորականներին ավելի խիստ ա պատժում, որովհետեւ ում շատ ա տրված, նրանից ավելի շատ ա պահանջվում», եւ Աբոն հարցրեց՝ «ի՞նչ ա շատ տրված», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավատք», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունին ասաց՝ «ինչքան հասկանում եմ, քեզ ավելի շատ ա հավատք տրված, քան նույնիսկ՝ շատ ու շատ հոգեւորականների», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ամեն մի հասարակ սխալիս համար ավելի խիստ եմ պատժվում, քան ուրիշները՝ իրանց մեծամեծ սխալների ու մեղքերի համար», եւ Սերոբը միջամտելով ասաց՝ «սխալն ու մեղքը տարբեր բաներ են», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գողականով են տարբեր, տղա ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գողականով սխալ են հանում, քրիստոնեականով՝ մեղավոր», եւ Աբոն ժպտալով հարցրեց՝ «հիմի մենք գողականո՞վ պիտի շարժվենք, թե՝ քրիստոնեականով», եւ ես ժպտալով ասացի՝ «գողերը՝ գողականով, մենք՝ քրիստոնեականով», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «բայց բոլորի համար մի հատ համընդհանուր ճշմարտություն գոյություն ունի, տղա ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գրող մարդ ես. էս հասարակ բաները ե՛ս չպիտի քեզ բացատրեմ», եւ հանկարծ բոլորիս համար անսպասելի Մաղաքիան աղաղակեց՝ «վերջացրե՜ք», եւ Հայկունն ապշահար նախ Մաղաքիային նայեց, հետո նայեց մեզ ու ասաց՝ «առաջին անգամ եմ տեսնում, որ Մաղաքիան գոռա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էսքան վախտ իրան ճանաչում եմ, բայց ոչ մի անգամ ձենը բարձրացրած չկար» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «երեւի չափներս շատ անցանք, Տեր Հայր», եւ կասկարմիր Մաղաքիան գլուխը կախելով ասաց՝ «իսկապես չափն անցանք», եւ Հայկունը մեղավոր ժպտալով Մաղաքիային ասաց՝ «ներող էղի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելպակաս կներես», եւ Աբոն ժպտալով Հայկունին ասաց՝ «հավատացյալ մարդ ես, բայց տարրական բաներ չես հասկանում», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ չեմ հասկանում», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «չես հասկանում, որ ներողը կամ չներողը Մաղաքիան չի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Մաղաքիան էլ մեր պես սխալական ու մեղավոր մարդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի քիչ առաջ ինքն իրա բերանով խոստովանեց, որ մեղք ա գործել», եւ Հայկունը զարմացած նայեց Մաղաքիային ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ մեղք ես գործել, Տեր Հայր», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու չափազանց մեղմ ժպտալով ասաց՝ «թողնո՞ւմ եք, որ ասեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «քանի անգամ ուզում ա ասի՝ չեք թողում», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ո՞վ չի թողում», եւ ես ժպտալով Հայկունին ասացի՝ «մեկը՝ դու», եւ Հայկունը զարմացած նախ ինձ նայեց, հետո նայեց Մաղաքիային ու հարցրեց՝ «կարող ա՞ մարդկանց վրա շառ անելն էլ մեղք չի համարվում», եւ Մաղաքիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իհարկե համարվում է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «զրպարտությունը լրջագույն մեղք է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ սուտ վկայությունը», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «փաստորեն, միանգամից էրկու հատ լրջագույն մեղք գործեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ ինձ զրպարտեցիր, համ էլ վրես սուտ վկայություն տվիր», եւ ես ժպտալով Հայկունին ասացի՝ «հիմի դու ես ինձ զրպարտում», եւ Աբոն ասաց՝ «փաստորեն, էրկուսդ էլ խանգարում եք», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն ենք խանգարում», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «չեք թողում՝ Մաղաքիան իրա մեղքը խոստովանի», եւ Հայկունը նեղսրտելով ասաց՝ «թող խոստովանի. ո՞վ ա իրա ձեռը բռնել», եւ Աբոն ժպտալով Հայկունին ասաց՝ «մինչեւ Արմենն ու դու սուս չմնաք, էս մարդը չի կարա խոստովանի», եւ ես զարմացած հարցրի՝ «ես ե՞րբ եմ ձեն հանել», եւ Հայկունը ժպտալով Աբոյին ասաց՝ «Արմենը շատ ա գրում, բայց շատ քիչ ա խոսում», եւ Աբոն Հայկունին ասաց՝ «մեկ էլ դու ես շատ քիչ խոսում», եւ ես ժպտալով Մաղաքիային ասացի՝ «խոստովանի, Մաղաքիա ջան. չենք խանգարում», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ես իրականում ոչ թե մեղք եմ գործել, այլ ընդամենը նպաստել եմ, որ Արմենի ընկեր այդ սրտաբան Կարապետը թյուրիմացության մեջ ընկնի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ես նպաստել», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց եւ արդարանալով ասաց՝ «ինձանից միանգամայն անկախ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «զավեշտալի պատմություն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե չխանգարեք՝ կպատմեմ», եւ Աբոն նախ ինձ նայեց, հետո նայեց Հայկունին ու ասաց՝ «խոստացեք, որ չեք խանգարի», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային ասաց՝ «շուտ պատմի՝ քանի վրես թազա շառեր չեն կպցրել», եւ Մաղաքիան ինձ նայելով սկսեց՝ «մի քանի օր առաջ սրտիս հետ կապված հարցերով գնացել էի քո այդ սրտաբան ընկեր Կարապետի մոտ», եւ ես հարցրի՝ «հետո՞», եւ Մաղաքիան շարունակեց ու ասաց՝ «երբ ներս մտա, տարեց մի հիվանդի խորհուրդներ էր տալիս, եւ երբ այդ տարեց հիվանդը գնաց, ինձ շատ անսպասելի ու շատ զարմանալի հարց տվեց», եւ Հայկունը հարցրեց՝ «ո՞վ հարց տվեց», եւ Մաղաքիան պատասխանեց ու ասաց՝ «Կարապետը», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հարց տվեց», եւ Աբոն ասաց՝ «թողելու ե՞ք էս մարդը պատմի», եւ Հայկունն ասաց՝ «պատմի, Մաղաքիա ջան», եւ Մաղաքիան ժպտալով շարունակեց՝ «երբ այդ տարեց հիվանդը գնաց, Կարապետն ինձ հարցրեց՝ բարի նպատակով սուտ խոսելը մե՞ղք է համարվում, Տեր Հայր», եւ Սերոբն ասաց՝ «հետաքրքիր հարց ա տվել», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «Կարապետն այդ հարցը տալու պատճառ ուներ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պատճառ», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ Կարապետն այդ տարեց հիվանդին հուսադրելով խաբել էր թե՝ առողջական վիճակը դեպի լավն է գնում, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն էր», եւ ես հարցրի՝ «հետո՞», եւ Մաղաքիան շարունակելով պատմեց՝ «երբ Կարապետին ասացի, որ սուտը բարի լինել չի կարող, ինքն իր ու իր հիվանդների հարաբերությունները նկարագրելով բացատրեց, որ շատ դեպքերում իր հիվանդներին դրական զգացողություններ ներշնչելու նպատակով ստիպված է լինում ստել», եւ Հայկունն ասաց՝ «էդ բժիշկների մոտ ընդունված բան ա», եւ Աբոն թարս նայեց Հայկունին, հետո Մաղաքիային ասաց՝ «շարունակի, Մաղաքիա ջան», եւ Մաղաքիան շարունակեց ու ասաց՝ «ես Կարապետին հանգստացնելու նպատակով ասացի, որ սուտ խոսելը մեղք համարվում է, ճիշտ է, բայց մահացու մեղքերի շարքում չի դասվում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի այդ է պատճառը, որ հետդ վստահաբար գրազ է բռնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ իրեն ասել եմ թե՝ սուտ խոսելը մահացու մեղք չի համարվում, ինքը կարծել է թե՝ ընդհանրապես մեղք չի համարվում», եւ ես ժպտալով Մաղաքիային հարցրի՝ «հիմի ո՞վ ա գրազը կրել. ե՞ս, թե՝ Կարոն», եւ Մաղաքիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «բնականաբար՝ դու» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իմ շնորհիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելի ճիշտ՝ իմ պատճառով», եւ Հայկունը ժպտալով ինձ հարցրեց՝ «ասում ես՝ խինկալու վրա ե՞ք գրազ էկել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա» եւ ժպտալով ավելացրի՝ «փաստորեն, Մաղաքիայի շնորհիվ եմ էդ գրազը կրել», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «ոչ թե Մաղաքիայի, այլ՝ Տե՛ր Մաղաքիայի», եւ ես ժպտալով ասացի՝ «Տեր Մաղաքիայի շնորհիվ էդ գրազը կրել եմ», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «ոչ թե Տեր Մաղաքիայի շնորհիվ, այլ՝ Տեր Մաղաքիայի պատճառով», եւ ես ժպտալով ասացի՝ «ի՞նչ տարբերություն», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «գրողն ու բանասերը դու ես. դո՛ւ պիտի դրանց տարբերությունը մեզ բացատրես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ թվում ա՝ էս դեպքում պատճառովն ավելի ճիշտ ա, քան՝ շնորհիվը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ էդ խեղճ ընկերդ Մաղաքիային բուժել ա, բայց Մաղաքիայի պատճառով քեզ գրազ ա կրվել», եւ ես ժպտալով ասացի՝ «Մաղաքիայի պատճառով չի կրվել», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ պատճառով ա կրվել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Տե՛ր Մաղաքիայի», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էդ խեղճ Կարոն Տեր Մաղաքիային բուժել ա, բայց Տեր Մաղաքիայի պատճառով էդ գրազը կրվել ա», եւ Մաղաքիան Հայկունին հարցրեց՝ «մի փոքրիկ ճշտում կարելի՞ է, պարոն Հայկուն», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «ինձ պարոն Հայկուն մի ասա», եւ Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ասեմ», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «ասա՝ Տեր Հայկուն» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որովհետեւ ինքը մեր որոշ տերտերներից ավելի հավատացյալ ա», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե որոշ տերտերներից հավատացյալ ես, դա դեռ չի նշանակում թե՝ հավատացյալ ես», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «հավատքի իմաստով ոչ մեկս չենք կարա Տեր Մաղաքիայի հետ համեմատվենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ մենք, ոչ էլ մանավանդ՝ տերտերները» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած, էդ խեղճ Կարոյի հանդեպ շատ լուրջ մեղք ա գործել. էդ խեղճը Տեր Մաղաքիային բուժել ա, բայց Տեր Մաղաքիայի պատճառով Արմենին գրազ ա կրվել», եւ Մաղաքիան ժպտալով Հայկունին հարցրեց՝ «մի փոքրիկ ճշտում կարելի՞ է, Տեր Հայկուն», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «խնդրեմ», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «Արմենի ընկեր այդ Կարապետը Մաղաքիային ոչ թե բուժել է, այլ փորձում է բուժել», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «մի փոքրիկ ճշտում կարելի՞ է, Տեր Հայր», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «խնդրեմ», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «Արմենի ընկեր Կարապետը ոչ թե Մաղաքիային, այլ՝ Տեր Մաղաքիային ա փորձում բուժել», եւ Մաղաքիան ժպտալով Հայկունին ասաց՝ «համաձայն եմ», եւ ես ժպտալով Մաղաքիային ասացի՝ «Կարոյի բուժածը բուժած ա», եւ Մաղաքիան ժպտալով ինձ հարցրեց՝ «քեզ կարողացա՞վ բուժել», եւ Աբոն Մաղաքիային ասաց՝ «Արմենն անբուժելի ա», եւ Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ինչո՞ւ է անբուժելի», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ՝ փոխանակ օրական հինգ պաչկա ծխի, ընդամենը չորս ա ծխում», եւ Մաղաքիան զարմացած ինձ հարցրեց՝ «ճիշտ է՞ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ չափազանցնում ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «պարզվում ա՝ թոքերիս վիճակն ավելի վատ ա, քան՝ սրտինս», եւ Աբոն ժպտալով ինձ հարցրեց՝ «այսինքն, ծխելը թոքերի համար լավ ա՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «լավ ա, թե վատ ա՝ արդեն նշանակություն չունի» եւ ժպտալով ավելացրի՝ «թոքերիցս մեկը վաբշե վերացել ա, մյուսից էլ ընդամենը երեսուն տոկոսն ա մնացել», եւ Հայկունը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ռենտգենը», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հին ապարատների նկարածն ասնավանի չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի կոմպյուտերային ու թվային ռենտգեն կա. դրա նկարածը հարուրտոկոսանոց ա», եւ ես ժպտալով ասացի՝ «հենց էդ կոմպյուտերայինով են նկարել», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչքա՞ն մուծեցիր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քառասունվեց հազար», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ասում ես՝ էդ կոմպյուտերային ռենտգենն ինչ ա ցույց տվե՞լ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «թոքերիցս աջը համարյա լրիվ վերացել ա, ձախինից էլ երեսուն տոկոսն ա մնացել», եւ Աբոն զարմացած ասաց՝ «ընենց ես ծիծաղում՝ ոնց որ դուշմանիդ թոքերից ա երեսուն տոկոս մնացել», եւ ես ժպտալով ասացի՝ «որ լաց ըլնեմ, կարող ա՞ էդ երեսունը հիսուն դառնա», եւ Հայկունն ինձ հարցրեց՝ «բա ի՞նչ պիտի անես», եւ ես ժպտալով ասացի՝ «պիտի էդ երեսուն տոկոսով յոլա գնամ», եւ Աբոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «երեսուն տոկոսով յոլա գնալ կըլնի՞», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հիմալայներում մի հատ յոգ տասը տոկոս թոքերով հարուր քսան տարի ապրել ա», եւ Մաղաքիան ժպտալով Հայկունին հարցրեց՝ «էդ յոգն ել է՞ օրական չորս տուփ ծխել», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Մաղաքիային ասաց՝ «մի՛ ցրի, Տեր Հայր», եւ Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ցրում», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «էդ խեղճ սրտաբանին ե՞րբ ես էդ բանն ասել», եւ Մաղաքիան հարցրեց՝ «ո՞ր բանը», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «էդ որ ասել ես՝ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «ուրիշներին ես ասում, բայց հիմա դու ես զրպարտում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի կարմրելով ավելացրեց՝ «ես Կարապետին ընդամենը ասել եմ, որ սուտ խոսելը մահացու մեղքերի շարքում չի դասվում», եւ ես ժպտալով Մաղաքիային ասացի՝ «բայց Կարոն սխալ ա հասկացել. ինքը հասկացել ա թե՝ սուտ խոսալն ընդհա՛նրապես մեղք չի համարվում», եւ Մաղաքիան ավելի կարմրելով ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ սխալ է հասկացել» եւ մի քիչ մտածեց ու խեղճացած ավելացրեց՝ «երեւի լավ չեմ բացատրել», եւ Հայկունը ժպտալով Մաղաքիային ասաց՝ «հոգեւոր հովիվն իրա ոչխարների հետ պիտի էնքան պարզ խոսա, որ սխալ չհասկանան», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «ո՞նց սխալ չեն հասկանա. մեր հովիվներն իրանց ոչխարների հետ հիմնականում գրաբար են խոսում», եւ Հայկունը ծիծաղելով ասաց՝ «խեղճ ոչխարները գրաբար ո՞նց կհասկանան», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «հովիվները հազիվ են գրաբար հասկանում»։
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել