
Արարողության սկզբում գրականության վաստակաշատ մշակների ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջունեց Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան տիարք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցվեցին Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից:

Կարդացեք նաև
Արամայիս Սահակյանին ուղղված կոնդակում ասվում էր. «Հայ գրականության ծաղկուն անդաստանի մեջ վաստակաշատ մշակ եք Դուք, սիրելի պրն. Սահակյան: Ձեր արձակ ու չափածո ստեղծագործությունները, երգեր դարձած հարյուրավոր բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածները քաջածանոթ և հոգեհարազատ են մեր ժողովրդին, Ձեր ստեղծագործական վաստակը արժանիորեն գնահատված է բազմաթիվ պարգևներով ու մրցանակներով… Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը մեր մեծ ուսուցչապետերի` Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի բարեխոսությամբ Իր շնորհն ու օրհնությունն անպակաս դարձնի Ձեր կյանքից և պարգևի Ձեզ քաջառողջ, արևշատ երկար օրեր, նոր եռանդ ու ներշնչանքներ՚»:

Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մշակույթի գործիչներին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները` ի գնահատություն նրանց բազմամյա վաստակի:
Այնուհետև իրենց սրտի խոսքն ասացին մեծարյալները` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` մշակույթի գործիչների նկատմամբ Մայր Աթոռի կողմից մշտապես դրսևորվող ուշադրության համար: Բանաստեղծների դիտարկմամբ յուրաքանչյուր հայ արվեստագետի համար ամենայն հայոց հոգևոր կենտրոնի պարգևը մեծագույն գնահատանքն է իրենց ծառայության և վաստակի:
Վերջում ամենքին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով վաստակաշատ գրողների և հյուրերի ներկայությունը Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետն իր և միաբանության անունից շնորհավորական խոսք ուղղեց մեծարյալներին: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Դուք ձեր գրական ստեղծագործությամբ ու վաստակով փառավոր առաքելություն եք իրականացրել մեր ժողովրդի կյանքում և ձեր ստեղծագործություններով կրթել եք սերունդներ, որովհետև ձեր ստեղծագործությունները մարդուն ուսուցանում են գեղեցիկն ու ճշմարիտը, արդարն ու արժանին, նաև կերտում են հայրենասիրություն, ազգասիրություն, նվիրական մեր բոլոր արժեքները: Մենք շնորհակալ ենք, որ դուք շարունակել եք մեր հայրերի գեղեցիկ ավանդը և աստվածատուր ձեր շնորհներով զորացրել ոգին ու պայծառացրել միտքը հայության մեջ»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ


















































