«Փաստինֆո». Քննչական կոմիտեի շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը դատապարտվել են ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, մարտի 18-ին հրապարակել է դատավճռի եզրափակիչ մասը։
Դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները մնացել են անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Ըստ այդմ, Գոռ Թադևոսյանը կմնա տնային կալանքի տակ, Էդգար Գրիգորյան՝ կալանքի տակ։
Հիշեցնենք, որ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից հափշակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: Տղամարդը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։
«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ 2025թ․ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։
Կարդացեք նաև
Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, հեռացել է։ Հատկանշական է, որ սա գողության առաջին փորձը չի եղել, դեկտեմբեր ամսին ևս փորձել են գողանալ չհրկիզվող պահարանում պահվող 590,000 ԱՄՆ դոլարը, որը եղել է շենքի վեցերորդ հարկում պահվող միակ գումարը, ինչի մասին իմացել են բոլոր քննիչները։ Մեղադրյալներից մեկը ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն է, մյուսը՝ Էդգար Գրիգորյանը։ Թե՛ Թադևոսյանը, թե՛ Գրիգորյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։ Ի դեպ, հենց Գրիգորյանի մոտ էլ խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարի մեծ մասը։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Էդգար Գրիգորյանը նախնական համաձայնության է եկել Գոռ Թադևոսյանի հետ այդ գումարը գաղտնի հափշտակելու, ապա միմյանց միջև հավասարապես բաժանելու շուրջ։
Այնուհետև, իրենց հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով, Գոռ Թադևոսյանը Էդգար Գրիգորյանին է տվել քննիչ Սուրեն Հակոբյանի աշխատասենյակի մուտքի դռան և չհրկիզվող պահարանի բանալիները, ինչպես նաև նույն վարչության քննիչ Արկադի Աղաջանյանի վարչության շենք մուտք գործելու անցաքարտ, ով պատրաստել է դրանց կրկնօրինակները, և նշված անցաքարտի կրկնօրինակն օգտագործելով, 2025 թվականի մայիսի 20-ին՝ 16:40-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Դեղատան փողոցի 3 հասցեում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքը, որտեղ գտնվելու ընթացքում՝ գիշերային ժամի, բացել է վեցերորդ հարկում գտնվող՝ քննիչ Սուրեն Հակոբյանի թիվ 617 աշխատասենյակի դուռը, այնուհետև՝ չհրկիզվող պահարանը, որտեղից գաղտնի հափշտակել է այնտեղ պահվող՝ թիվ 83-0237- 24 քրեական վարույթով առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 227.185.400 ՀՀ դրամին համարժեք՝ 590.000 ԱՄՆ դոլար գումարը և 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, գումարը պայուսակներում դուրս եկել վարչական շենքից։
Այնուհետև, հանդիպելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչ Սահակ Պետրոսյանին, վերջինի հարցին ի պատասխան՝ Էդգար Գրիգորյանը կատարած հանցանքն անխոչընդոտ ավարտին հասցնելու և բացահայտումից խուսափելու նպատակով, հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետերից Գոռ Թադևոսյանն իր ընկերն է, որից հետո, քննիչը նշված հանգամանքը պարզելու նպատակով զանգահարել է Գոռ Թադևոսյանին։ Գոռ Թադևոսյանը խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով` գումարի գաղտնի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով քննիչին հայտնել է, որ տվյալ անձն իր ընկերոջ եղբայր Արթուրն է, որից հետո Էդգար Գրիգորյանը անխոչընդոտ ` հեռացել է դեպքի վայրից և Գոռ Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել 590.000 ԱՄՆ դոլար գումարը։ Գոռ Թադևոսյանն, ըստ մեղադրանքի, շահադիտական նպատակով գաղտնի հափշտակելու համար 2025թվականի մայիսի 20-ից, ժամը 16։40-ից մինչև 2025թվականի մայիսի 21-ը՝ ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել հիշյալ աշխատասենյակ և նշված պահարանի փականը վնասելու եղանակով հափշտակել թիվ 83-0237-24 քրեական վարույթով առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 227․185․400 ՀՀ դրամին համարժեք 590․000 ԱՄՆ դոլար գումար։
Իզաբել Սահակյան


















































