«Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան վրա, երեկ հաղորդել է, որ այդ երկրի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել 1992թ. Խոջալուում տեղի ունեցած դեպքերը որակել ցեղասպանություն, եւ կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ պատասխանատվության ենթարկել դրա մեղավորներին։ Ըստ «Ռեգնումի»՝ Պակիստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը համարվում է ամբողջ Սենատի կողմից կայացված որոշում։ Եվ սա աննախադեպ փաստ է։ Այն կարելի է գնահատել որպես իսլամական համերաշխության դրսեւորում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու որոշման։ Պակիստան- Ադրբեջան շահերի ընդհանրության այլ բացատրություն դժվար է գտնել։ Մահմեդական աշխարհը, փաստորեն, իր զորակցությունն է հայտնում կրոնական եղբորը։ Հայտնի է, որ ամեն մի ազդեցություն ծնում է հակազդեցություն, եւ Ֆրանսիայի Սենատի որոշումն անպայման պետք է հակազդեցություն առաջացներ։ Սակայն այս պնդումը կարող է վերաբերել ինչպես Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշմանը, նույն չափով եւ Պակիստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմանը։ Այնպես որ պետք չէ բացառել, որ Պակիստանի Սենատի որոշումը կարող է պատճառ դառնալ այլ որոշումների կայացման համար, եւ մենք կունենանք ձնագնդիի էֆեկտ։ Ձնագնդիի էֆեկտի շրջանակներում կարելի է դիտել նաեւ ֆրանսիացի սենատորների՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմելու փաստը։ Հուսանք, որ ողջ մահմեդական աշխարհը չի հետեւի Պակիստանի օրինակին, եւ մեր փոքրիկ ֆրանսիական «հաղթանակը» չի շրջվի մեր դեմ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: