
Հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվողների մեծամասնությունը` 45%-ը, չի մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին, մասնակցելու է հարցվողների 21%-ը, որոնցից 26%-ը ընտրելու է ՀՀԿ-ին, 21%-ը` ԲՀԿ-ին, 14%-ը` ՕԵԿ-ին, 11%-ը` ՀԱԿ-ին, 9%-ը` ՀՅԴ-ին, 7%-ը` «Ժառանգությանը»:
ԱԺ-ում գործարար պատգամավորների հայտնվելուն հարցվողների 42%-ը բացասական է վերաբերվում, 63%-ը կողմ է միայն համամասնական ընտրակարգին, ԱԺ գործունեությունը «վատ» է գնահատում 39%-ը, «լավ»` ընդամենը 17%-ը: Կառավարության աշխատանքից ևս գոհ չէ հարցվողների մեծամասնությունը` 33%:
Ըստ հարցման արդյունքների` տեղեկատվություն հարցվողների մեծամասնությունը ստանում է հեռուստացույցից, սակայն նրանց մեծամասնությունը` 38%-ը, վստահելի է համարում տպագիր մամուլը:
Կարդացեք նաև
«Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ը գործում է ընդամենը մեկ տարի: Կենտրոնի աշխատակիցները հիմնականում երիտասարդներ են: Ուստի Aravot.am-ը կենտրոնի տնօրեն Զորիկ Մարտիկյանից հետաքրքրվեց` չե°ն վախենում, որ կարող են «օգտագործվել» քաղաքական ուժերի կողմից: Նա պատասխանեց. «Նման խնդիր լինել չի կարող, քանի որ մեր գերխնդիրն է հետևել հասարակական կարծիքի դինամիկային, ոչ թե զուտ հարցման արդյունքներ ներկայացնել: Մենք հարցում ենք իրականացնելու նաև ապրիլին, որպեսզի պարզենք, թե այդ փուլում ինչ կարծիք ունի հասարակությունը: Իսկ ընտրությունների օրը` անցկացնելու ենք էքզիթ փոլ և նույն օրը հրապարակելու ենք հարցումների արդյունքները»:
Դառնալով անկախ գործելու և որևէ հոսանքի կամ քաղաքական ուժի կողմից ճնշման ենթարկվելու մեր հարցին, Զ. Մարտիկյանը պատասխանեց. «Մենք չենք ենթարկվում տնտեսական, քաղաքական և որևէ այլ բլոկի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































