Մեկնարկել է ՀՀԿ 18-րդ համագումարը, որը բացվեց ՀՀԿ անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանի կատարմամբ «Երազ իմ երկիր հայրենիք » երգով: Իսկ դրանից առաջ ներկայացվեց նախորդ 7 տարիների պայքարի մասին պատմող տեսանյութ: Օրհնության խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վազգեն աբեղա Կարապետյանը:
ՀՀԿ-ի համագումարին ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն առաջարկեց մինչեւ համագումարի աշխատանքներին անցնելը 1 րոպե լռությամբ հարգել Քառօրյա պատերազմում եւ բոլոր պատերազմներում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը: «2016թ Ապրիլյան պատերազմի արդյունքները մեր բանակի ուժի, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, համազգային կամքի եւ միասնականության վկայությունն են: Եվ այսօր, երբ լրանում է Քառօրյա պատերազմի տասնամյակը, մենք պարտավոր ենք գնահատել այդ օրերի իրադարձությունները, դրանց ազդեցությունը բանակցային գործընթացի վրա եւ մեր երկրի ներքաղաքական կյանքում: Ակնհայտ է, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսած հակառակորդի նպատակները ձախողվեցին»,-նշեց ՀՀ Երրորդ նախագահը:
Կարդացեք նաև
Նախագահի ձեւակերպմամբ. «2018թ․ իշխանազավթումից հետո բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ եւ զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով եւ ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն ու զազրախոսություն: Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը եւ մեր միասնությունը: Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունը իր բանակով՝ հայրենիքի պողպատե վահան: Պայքարի օրեր էին, արժանապատվության օրեր, միասնության, հերոսությունների ու ճակատագրական օրեր: Դրա մասին ես հանգամանորեն խոսել եմ եւ քննիչ հանձնաժողովում, եւ իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ»:
Սերժ Սարգսյանն ասաց, որ ցանկանում է կրկին անդրադառնալ պարբերաբար քարոզչական դաշտ նետվող այն թեզին, թե ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցին. «2008թ., օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական հարձակում եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում անցկացրեց Մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձեւ: Այդ բանաձեւին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները, այն չստացավ նաեւ ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Այդ ժամանակ մենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին փոխանցեցինք, որ Հայաստանը 2 դեպքում կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. 1-ին, եթե լինի երկարատեւ լայնածավալ պատերազմ, եւ 2-րդ, եթե Մինսկի խմբի համանախագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները՝ Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հարթակ: Երբ Հայաստանի կառավարիչներն են շահարկում այս հարցը, արձագանքս շատ պարզ է. Արցախի ճանաչումն այս 2 առիթներից դուրս ինքնին կբերեր միջազգային հանրությունից Հայաստանի մեկուսացմանը եւ լայնածավալ պատերազմի»:
ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց. «Նախկինների» օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, չի եղել մեր մարտունակ բանակի եւ մեր դիվանագիտական արդյունավետ աշխատանքի շնորհիվ, հետեւաբար բանակցային գործընթացը հարվածի տակ չի դրվել: Սրանց օրոք 2020-ի պատերազմը, ցավոք, արդեն լայնածավալ մասշտաբ էր ընդունել, աղետալի հետեւանքներ ուներ եւ չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր, ինչ է թե իրեն դավաճան չասեն: Հարց եմ տալիս՝ եթե այս բոլոր գործոնները կային՝ լայնածավալ եւ երկարատեւ պատերազմ, որն ի հակառակ միջնորդական ջանքերի կանգ չէր առնում, ապա ինչու չճանաչեցիք Արցախը, էլ ինչ կարող էր լինել այդքանից հետո»:
Համագումարն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































