
Պետական վարչարարությունը կատարելագործելու, հանրային ծառայությունները շարքային քաղաքացու համար հասանելի դարձնելու նպատակով եվրակառույցները եւ ՀՀ կառավարությունը մեր երկրում միլիոններ են ծախսում, սակայն ընդամենը մի քաղաքացու օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե այս ոլորտում դեռեւս որքան շատ անելիքներ կան:
76-ամյա Միշիկ Ենգիբարյանը, որը երկար տարիների աշխատանքից հետո պետք է անհոգ ծերություն վայելի, 5-6 ամիս է՝ ընկած է կադաստրի ու դատարանների դռները: Նրան ոչ մի կերպ չի հաջողվում իր տունը սեփականաշնորհել: Բայց ոչ այն պատճառով, որ տան հետ կապված խնդիրներ կան, այլ հարցն այն է, որ նրա անունը փաստաթղթերից մեկում ոչ իր, այլ պետական մարմնի մեղքով տառասխալով է գրվել: Այսինքն՝ փաստաթղթերից մեկում՝ գույքաթերթիկում, նրա անունը սխալ է գրված եղել:
Միշիկի փոխարեն, ինչպես որ գրված է անձնագրում, գույքաթերթիկում գրել են Միշա: Երբ տունը սեփականաշնորհելու համար Մ. Ենգիբարյանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի բաժին է ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, արձանագրելով գույքաթերթիկի ու անձնագրի միջեւ անվան տարբերությունը, Շենգավիթի բաժնի պետը նրան հորդորել է ծննդականը հաստատել նոտարի կնիքով, որից հետո գործը գլուխ կգա. «Նախ նոտարը զարմացավ, որ կադաստրը նման պահանջ է դրել իմ առաջ, բայց կնքեց ծննդականս: Հետո նորից տարա կադաստր, բայց նորից մերժեցին ու ծննդականս էլ նոտարի կնիքով՝ հիմք չընդունեցին»:
Կարդացեք նաև
Անվանափոխության համար կադաստրը Միշիկ Ենգիբարյանին այս անգամ էլ հորդորել է դիմել դատարան: Այս անգամ էլ Մ. Ենգիբարյանին վստահեցրել են, որ միայն դատարանով անվանափոխված փաստաթուղթը հիմք կընդունեն: Պարոն Ենգիբարյանի ներկայացմամբ՝ կադաստրից խնդրել է իրեն վերադարձնել իր փաստաթղթերը, որպեսզի պատճենահանի եւ ներկայացնի դատարան, բայց կադաստրի աշխատակիցները, նրա խոսքերով, անգամ պատճենահանումն են «մեծ» պատմություն սարքել: Նախ՝ մերժել են փաստաթղթերը վերադարձնել՝ պատճառաբանելով, որ իրենք կպատճենահանեն ու կտան: «Բայց 1 հատ փաստաթղթի պատճենահանումը 10 օրից ավելի տեւեց»,- ասաց Մ. Ենգիբարյանը: Ըստ նրա՝ «Սկզբում խոստացան մի շաբաթից պատճենը պատրաստ կլինի՝ գնամ ստանամ: Մի շաբաթից էլ գնացի, ասացին՝ պատրաստ չի, 3 օրից գնացի, այս անգամ էլ պատճառաբանեցին, թե ընդմիջում է, չենք կարող տալ փաստաթուղթը: Մինչեւ աղմուկ չբարձրացրեցի՝ էդ մի կտոր թուղթը չտվեցին»:
Անհրաժեշտ փաստաթուղթը մի կերպ պոկելով կադաստրից՝ Միշիկ Ենգիբարյանը դիմում է դատարան: Նրան հայտնում են դատական նիստի օրը, նույնիսկ դատավճռի ստանալու օրը. «Դատավճռի մասին փաստաթուղթը վերցնելուց, դատավորին խնդրեցի ասի, թե ինչ է գրված եւ ինչ վճիռ է կայացրել, բայց հրաժարվեց, պատճառաբանելով՝ գնա իրավաբանի մոտ կբացատրեն»:
Սակայն առանց իրավաբանի բացատրության էլ Միշիկ Ենգիբարյանը վճիռը կարդալուց հետո հայտնաբերել է, որ դատարանը մերժել է ներկայացված փաստաթղթում անվանափոխություն կատարել:
Մ. Ենգիբարյանի խոսքերով՝ «Այս տարիքիս ընկել եմ դռնեդուռ եւ անհասկանալի պատճառներով մերժում են տունս սեփականաշնորհել, հատկապես որ՝ պետական մարմնի պատճառով է իմ անունը սխալ գրվել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































