«Սեպտեմբեր ամիսը պայմանական է վարչապետն ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները, թե եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ կլինի:
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետի արածը շանտա՞ժ չէ, նախարարը զարմացավ. «Շանտաժը ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն»:
«Բառացի մեջբերում եմ էդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը՝ «էս Հայաստանը մեզ պետք չէ», քարտեզը գետնին գցելը, և ակնհայտ է, որ էս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ, և հաշվի առնելով էս օրերում խնդիրները ինչ մեթոդաբանությամբ են փորձում լուծել, մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի պատերազմ առջև: Ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ՝ ոչ, ինչո՞ւ ենք անում՝ լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է, օրենք խախտո՞ւմ ենք՝ բոլորովին»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը, թե 4 պատերազմ է ձեր իշխանությունը բերել այս երկրի գլխին, նախարարն արձագանքեց. «Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետեւանք է եղել. ամենապարզունակ եւ միամիտ քայլը կլինի ասել, որ էսինչը կամ էնինչը պատերազմ է բերել, պատերազմը հետեւանք էր: Մեր օրոքը լրիվ ուրիշ բան է: Այո՛, մեր օրոք է եղել, բայց անհեթեթություն է ասել, թե դուք եք բերել պատերազմ։ Դա հետեւանք է 30 պլյուս տարիներ, այդ թվում ես, սխալ քաղաքական մտքի շրջանակներում մնալու, չհասկանալու հետևանք է, որ պետք է այդ հարցը լուծվեր եւ այլ կերպ չէր կարող լուծվել եւ այլն»:
Դիտարկմանը, որ անգամ իշխանության ասած խաղաղությունն այսօր հնարավոր չէ, որ իրագործվի, Միրզոյանն ասաց. «Կարելի՞ է արդյոք ձեր ասածից բխեցնել հետեւյալը, որ քանի որ մենք տեսնում ենք, որ նույնիսկ խաղաղության ասողները խաղաղության մեջ չեն կարողանում մնալ, եկեք հենց հիմիկվանից թեւերներս քշտենք ու մտնենք պատերազմի մեջ։ Ինչքան հնարավոր է, պետք է պահել մեր խաղաղությունը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարում արված մեջբերումն Արարատ Միրզոյանի ավելի վաղ արված հայտարարություններից է


















































