2012 թվականի օլիմպիական խաղերին, Չարլս Դիքենսի երկուհարյուրամյակին եւ մարդու իրավունքներին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ Վանաձորում մեկնարկեց բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը: Չորս օր անընդմեջ վանաձորցիները հնարավորություն կունենան Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անվճար դիտելու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն եւ հիշարժան աշխատանքներ: «Բաբելոնյան հրդեհ», «Ջնջելով Դեյվիդի հետքերը», «Չսիրվածը», «Օլիվեր» ֆիլմերը պատմություններ են մարդկային ճակատագրերի, մարդկային հույզերի ու մտորումների, ռասայական անարդարության դեմ սեւամորթների մղած պայքարի, սիրո, գեղեցկության եւ գերազանցության հերոսական փնտրտուքի, կյանքի հորձանուտում հայտնված որբուկի մասին:
«Ֆիլմերի փառատոնը ոչ միայն նպատակ ունի Հայաստանում հայ հանրությանը ներկայացնելու Մեծ Բրիտանիայի վերջին նորարարական ֆիլմերը, նոր մոտեցումներ, այլեւ ֆիլմերի միջոցով փորձելու է վեր հանել այն գլոբալ հարցերը, որոնք այսօր հուզում են թե Մեծ Բրիտանիային, թե ամբողջ աշխարհին»,- տեղեկացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Վանաձորում տրվող մեկնարկից հետո ֆիլմերը կցուցադրվեն Բերդ, Գյումրի քաղաքներում, այնուհետեւ՝ Երեւանում: Վանաձորում ֆիլմերի ցուցադրությանն աջակցել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը:
«Քանի որ ֆիլմերը վերաբերում են նաեւ մարդու իրավունքներին, ուստի, որպես իրավապաշտպան կազմակերպություն, մեր աջակցությունն ենք ցուցաբերում Վանաձորում ցուցադրությունը կազմակերպելու համար»,- «Առավոտին» ասաց ՀՔԱՎ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Անի Ղամբարյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































