«Թե Գորիսում ինչ դրդապատճառներ ու հիմքեր կան՝ ՏԻՄ ընտրություններին իշխանության հետ դաշինքով մասնակցելու, դրա մասին կիմանան կողմերը, որոնք դաշինք են կազմել։ Ընդհանուր առմամբ այն, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում ՏԻՄ-ի նկատմամբ, ես համարում եմ հակասահմանադրական ահագին համայնքներում եւ ընդհանրապես ՏԻՄ մարմինների նկատմամբ արհամարհական վերաբերմունք։ Կարծես թե մենք վերադառնում ենք ոչ թե ընտրական ապակենտրոնացման, համայնքների զարգացման, ինքնուրույնության բարձրացման, այլ հակառակ բրգաձեւ համակարգ կառուցելուն, որն ինձ հիշեցնում է Խորհրդային միությունը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՏԻՄ առաջիկա ընտրություններին Գորիսում ՔՊ-ն դաշինքով մասնակցելու է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։
Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ Փաշինյանի իշխանությունը ՏԻՄ մարմինների նկատմամբ ունի շատ ոչ կառուցողական ու ընդհանրապես ընտրական գործընթացներին չվերաբերող ոչ մրցակցային վերաբերմունք։ «Ուստի, գնահատական տալ նրան, ինչը ձեւախեղված է, ինչը չի համապատասխանում Հայաստանի կողմից եվրոպական խարտիայով ՏԻՄ հանրաճանաչ սկզբունքներին, անիմաստ եմ համարում։ Որ համայնքներում, որ մասնակցություն ունենան, այդ համայնքներում կընթանան որոշակի ընտրական գործընթացներ, բայց դրանց անունը ընտրություններ դնենք, թե շոու դնենք, չեմ կարող ասել»,- նշեց նա։
Անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարություններին, որ ՔՊ-ն շատ համայնքներում չունի իշխանություն, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Հենց դեմագոգիան կայանում է նրանում, որ նույնիսկ խոշորացման գործընթացը, որն, ըստ էության, դրական պրոդուկտիվ գործընթաց է, իրենք դա վերածել են քաղաքական ճաշակից ու նպատակահարմարությունից ելնելու գործընթացի, ինչը մենք տեսանք Էջմիածնում, երբ կրկին խոշորացման տարան, ինչը մենք տեսանք Վանաձորում։ Առանց չափելի միավորների, առանց արդյունավետության գնահատականի՝ Վանաձորը տարան Փամբակ համայնքի հետ խոշորացման։ Ամենացայտուն օրինակը հենց սա է, որ իմ պատճառով Վանաձորը 2021-ին մեկ անգամ տարան խոշորացման, պարտվեցին այնտեղ։ Եվ այսօր էլ մտածում են, որ եթե նորանոր գյուղեր կպցնեն Վանաձորին, իրենք կարձանագրեն հաջողություն։ Ես սա համարում եմ ոչ պրոդուկտիվ գործընթաց, որովհետեւ Փամբակը որպես խոշորացված համայնք ձախողվել է, իսկ Վանաձորում ընդհանրապես խոշորացում դե յուրե տեղի չի ունեցել, որովհետեւ Վանաձորում ՏԻՄ մասով սահմանադրական կարգը տապալված է եղել։ Վանաձորում չի իրականացվել տեղական մարմինների իշխանություն»։
Անդրադառնալով քրեական գործերով համայնքապետերին ճնշելուն՝ Մամիկոն Ասլանյանն ասաց. «Այս իշխանություններն իրենց ցանկացած քաղաքական հայտարարություններում խոսում են վերապահումներով, կրկնակի ստանդարտներով եւ որեւէ սկզբունք գոյություն չունի, որով առաջնորդվում են։ Բնականաբար, տարբեր մեթոդներով ճնշում են՝ քրեական վարույթներով, ոմանց նկատմամբ ապօրինի գույքի վարույթների սպառնալիքներով։ Իշխանությունն այնքան էլ խառնվել իրար, որ օրինականն ու հակաօրինականը խառնել էլ իրար։ Վարչապետը ցանկացած իրադրության մեջ ունի պատասխաններ, որոնք օբյեկտիվ իրականությունից կարող են չելնել։ Այսինքն՝ դա տվյալ պահի իրենց քաղաքական քմահաճույքից, իրավիճակից էլ բխում, ու դրա տակ արդարացնող եզրույթներով իրենք կարողանում են այդ գործը գլուխ բերել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































