Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում ՀՀ-ից արտագաղթը, 2007թ. 3. 223-ի համեմատությամբ, 2011թ.-ին հասել է 81.499-ի, այսինքն՝ 4 տարվա ընթացքում Հայաստանի հայաթափումն ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով՝ ավելի քան 25 անգամ: Կարծես թե բոլորն են համաձայն, որ արտագաղթի պատճառը ոչ միայն սոցիալական է, այլեւ երկրում առկա անարդարությունը, որից մարդիկ պարզապես փախչում են՝ հեռանալով հայրենիքից:
Ուրեմն ինչու է ստեղծվել մի իրավիճակ, երբ մի կողմից հանրապետությունում իրականացվում են բարեփոխումներ՝ սոցիալական, դատաիրավական, կրթական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում, մյուս կողմից՝ արտագաղթը ներգաղթի վերածվելու փոխարեն՝ վերաճում է հայաթափման: Երկու օրինակով ցույց տամ, թե ամպերի մեջ նստած եւ ներքեւում կատարվողը չտեսնող (ամպակոլոլ) մեր չինովնիկներն ինչպես են արձագանքում հանրությանը հուզող հարցերին:
Հանրապետության նախագահը 4 տարի է՝ հայտարարում է, որ հանրությունը չի վստահում դատարաններին, կառավարության պատվերով իրականացվում են սոցհարցումներ, որոնց համաձայն՝ ամենակոռումպացվածը համարվում է դատական համակարգը: Վերջերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ դատարանների նկատմամբ անվստահությունը կազմում է 70-80 տոկոս, սակայն արի ու տես, որ օրերս ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում հայտարարվեց, որ 2011թ.-ին գրանցվել են մի շարք թերություններ՝ դատավորների կողմից դատական նիստերին ուշացումով ներկայանալու, դատական ակտերը կողմերին ուշացումներով հանձնելու, գործերի քննության ձգձգումները:
Կարդացեք նաև
Ամպերի մեջ նստած մեր դատական համակարգի ղեկավարները իսկապե՞ս կարծում են, որ դատական համակարգի նկատմամբ 80 տոկոսի հասնող անվստահության պատճառը դատական նիստերի նշանակված ժամկետից ուշ սկսելն է կամ գործերի ձգձգումը:
Կամ՝ Մաշտոցի այգում 22 օր է՝ ինքնաբուխ հավաքներ են ընթանում քաղաքապետարանի կողմից այդտեղ իրականացվող շինարարությունների դեմ, որոնք իրականացվում են ծառերին անմիջապես կից, կանաչ գոտիների վրա: Այս թեման ամենաքննարկվողն է մամուլում եւ սոցիալական ցանցերում:
Սակայն արի ու տես, որ ամպակոլոլ մեկ այլ չինովնիկ՝ Երեւանի գլխավոր ճարտարապետը Հանրային խորհրդում հայտարարում է, որ բողոքողները չեն ցանկանում, որպեսզի կառուցված խանութներում շորեր վաճառվեն, նրանց հետ կբանակցենք գրքեր վաճառելու ուղղությամբ:
Ահա սա է պատկերը, մարդիկ մի բանից են դժգոհում, մեր չինովնիկները մեկ այլ բան են ընկալում եւ այդ ուղղությամբ «բարեփոխումներ» իրականացնում, իսկ դժգոհության իրական պատճառը շարունակում է մնալ՝ դատարանները շարունակում են անարդար վճիռներ կայացնել, քաղաքապետարանը շարունակում է կանաչ գոտիները շինհրապարակի վերածել, իսկ Հայաստանն էլ հայաթափվում է:
Կարո՞ղ է մեր չինովնիկները մեկ-մեկ հեծանիվով գնան գործի, միգուցե էդ դեպքում ամպերից իջնեն ու տեսնեն, թե իրականում ինչ խնդիրներ կան երկրում:
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան
«Առավոտ» օրաթերթ



















































