Երեկ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացավ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ/հաշվետու միջոցառումը: Նախագծում ընդգրկված 5 դպրոցների սաները միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացրին մեկ շաբաթվա ընթացքում ճամբարում ձեռք բերած գիտելիքները եւ ցուցադրեցին, թե դրանք ինչպես կարելի է կիրառել գործնականում: «Կանաչ դպրոց» նախագիծը ներկայացվեց 5 տարբեր՝ ինֆորմացիոն, թափոնարվեստի, պարի, լուսանկարչության եւ էկոտաղավարում: Ձմեռային ճամբարը «Կանաչ դպրոց»-ը նախագծի հիմնական ծրագրերից մեկն է, որին մասնակցում են նախագծին անդամակցող դպրոցների 30 ամենաակտիվ սաները: Այն մեկնարկել էր փետրվարի 25-ին եւ շարունակվեց մինչեւ մարտի 2-ը: FPWC-ի կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» ներկայացնում է համանուն միջազգային ծրագրի հիմնական գաղափարներն ու մոտեցումները: «Կանաչ դպրոց» միջազգային նախագիծը իրականացվում է աշխարհի 43 երկրում: Նախագծում ընդհանուր առմամբ ընդգրկված է 27.000 դպրոցի 6 մլն աշակերտ եւ 400 հազար ուսուցիչ: «Կանաչ դպրոցի» հիմնական նպատակը աշակերտների շրջանում շրջակա միջավայրի եւ մշակութային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք եւ պատասխանատվություն սերմանելն է:
Նախագծի փորձնական փուլը հաջողությամբ իրականացվել է 2010-ին՝ Վանաձորի թիվ 10 դպրոցում: Նախագծի այս փուլին մասնակցել են Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Ուրծաձորի, Գողթի, Նորատուսի թիվ 2 եւ թիվ 3 միջնակարգ դպրոցների սաները:
Հայաստանում նախագիծն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության աջակցությամբ: Նախագծի իրականացմանն աջակցել է նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
«Առավոտ» օրաթերթ


















































