Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ սա է իսկական սերը»

Մարտ 05,2012 15:24

Մեկ տարի է, ինչ Ելենան ու Էմիլն ընկերություն են անում: Թվում էր, թե ամեն ինչ լավ է, ոչինչ ու ոչ ոք չէր կարող իրենց բաժանել: Ամենը հենց այդպես էր մինչ այն պահը, երբ Էմիլն ազատվեց զինվորական ծառայությունից: «Պատճառը ինձ չէր ասում, ամեն անգամ, երբ հարցնում էի թեման փոխում էր»,- պատմում է Ելենան, «Մեջս կասկած ընկավ ու որոշեցի ինքս պարզել, թե ինչու է Էմիլն ազատվել զինվորական ծառայությունից: Գնացի պոլիկլինիկա, փորձեցի վերցնել Էմիլի անկետան, սակայն չհաջողվեց, այն ինձ չտվեցին»: Աստիճանաբար մտահոգությունն ու անհանգստանությունը կրկնապատկվում էին: Մի օր էլ որոշում է խոսել Էմիլի մայրիկի հետ և հասկանալ, թե ինչ է իրենից թաքցնում Էմիլը: Գնում է Էմիլի մայրիկի աշխատավայր, զրուցում են և Էմիլի մայրն ասում է, որ իր տղան «երևանյան» հիվանդություն ունի: «Այդ լսելով, ես չհասկացա հետս ինչ կատարվեց, մեջս ամեն ինչ խառնվեց իրար, ես չգիտեի՝ այդ հիվանդությունն իրենից ի՞նչ է ներկայացնում, և աշխարհում ինչք՞ան վատ բան կար այդ պահին աչքիս առաջ եկավ, – ասում է Ելենան, ,-մի քանի օր էր՝ փակվել էի սենյակումս, ոչ մեկի չէի ուզում տեսնել, խոսել, անգամ Էմիլի զանգերին չէի պատասխանում»: Օրեր անց վերջապես սթափվում է ու սկսում ելքեր փնտրել, մասնագետների հետ է զրուցում ու փորձում իմանալ ամեն ինչ այդ հիվանդություն մասին: «Ես Էմիլին, միևնույն է, սիրում էի, և չէի կարողանում ինձ ստիպել մոռանալ նրան: Ծնողներս նույնպես իմացան այս մասին ու արգելեցին ինձ շփվել նրա հետ, – պատմում է Ելենան, որոշեցի լսել ծնողներիս, չխոսել Էմիլի հետ: Դա տևեց ընդհամենը երկու  ամիս: Մենք ամեն օր փողոցում հանդիպում էինք իրար, քանի որ մեր տները շատ մոտ էին: Բարևում էինք ու անցնում, բայց այդ պահերին սրտիս աշխատանքն արագանում էր, աչքերս սկսում էին փայլել, և համոզված եմ, որ նույնն էր կատարվում նաև Էմիլի հետ»: Վերջապես մի օր Էմիլը նորից է զանգում Ելենային ու խնդրում հանդիպել, Ելենան էլ բոլորից գաղտնի գնում է այդ հանդիպմանը: Նրա խոսքով՝ այդ ժամանակ ավելի քան երբևէ հասկացավ, որ առանց Էմիլի չի կարող, հասկացավ, որ հենց Էմիլն է այն մարդը, ում հետ նա պատրաստ է կյանքը կապել: Որոշում են բոլորից գաղտնի «փախչել» միասին: Շուտով այդ որոշումը իրականություն են դարձնում ու առանց որևէ մեկի իմացության՝ մեկնում  են Ծաղկաձոր: «Ծնողներս բնականաբար սկզբում անհանգստացել էին ու զանգել ընկերուհիներիս, ինձ փնտրել, սակայն հետո իմացել էին կատարվածի մասին», – ժպտում է Ելենան, «Մի քանի օր մնացինք Ծաղկաձորում, մինչև ծնողներս համակերպվեցին իրականության հետ ու հասկացան վերջապես, որ ոչ հիվանդությունը, ո՜չ վախը, ոչ էլ արգելքը ինձ ու Էմիլին չեն կարող բաժանել»: Այդպես էլ եղավ, ժամանակն ամեն ինչ կարգավորեց, ծնողներն էլ համակերպվեցին աղջկա որոշման հետ: Արդեն մեկ տարի է, ինչ Ելենան ու Էմիլն ամուսնացած են: «Ես այս ընթացքում մի վայրկյան անգամ չեմ զղջացել որոշմանս համար», – ասում է Ելենան և ավելացնում. «Ով լսում է մեր պատմության մասին, ասում է՝ այ սա է իսկական սերը»:

                                                                                      Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031