
Խոսելով կուսակցությունների առաջարկած ծրագրերից՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ բնապահպանական ծրագրերի համեմատ տնտեսական ծրագրերն ավելի իրատեսական են. «Ճիշտ է, առաջարկված տնտեսական ծրագրերը այն չեն, ինչ որ պետք է լինեին եւ այն չեն, ինչ որ հատկապես ես կցանկանայի տեսնել, բայց էլի տնտեսական ոլորտում առաջընթաց կգրանցեն»:
Տնտեսագետը նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտում երկնիշ թվերով աճ կլինի. «Հաշվի առնելով 2011-ին գրանցված արդյունքները՝ կարող եմ ասել, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում բարելավումներ են սպասվում, մյուս կողմից էլ՝ եղանակն է բարենպաստ»:
Տնտեսագետի կանխատեսումներով, ընտրություններից հետո անշարժ գույքի թանկացումներ են սպասվում, ինչը պարոն Մանասերյանը բացատրեց այսպես. «Այս ոլորտում գերհագեցվածություն է, սակայն դա չի նշանակում, որ շինարարությունը կդադարեցվի, այդուամենայնիվ մոտակա տարիների ընթացքում անշարժ գույքի գների աճ կլինի»:
Կարդացեք նաև
Տնտեսագետը որպես դրական արդյունք արձանագրեց արտահանման 33 % աճը: Սակայն Թաթուլ Մանասերյանի համար որպես կարեւոր ոլորտ եղել եւ մնում է գիտությունը. «Ցավալի է, որ այս ոլորտում անկում է, հա՛մ գիտական հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվում, հա՛մ էլ գիտնականներին լավ չեն վարձատրում, ես անձամբ կցանկանայի առաջին հերթին այս ոլորտում ներդրումներ եւ զարգացումներ տեսնել»:
Սյուզի ԱՍԱՏՐՅԱՆ


















































