Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը «վա-բանկ» են խաղում»

Ապրիլ 26,2012 16:41

Դեռ ընտրություններից առաջ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել էր ԲՀԿ-ին՝ խորհրդարանական ընտրություններին այդ կուսակցության համամասնական ցուցակով մասնակցելու համար: Թեեւ համատեղ աշխատանքի այդ տարբերակը չստացվեց, այնուհանդերձ ՀԱՍԿ-ը խորհրդարանական ընտրություններում կսատարի ԲՀԿ-ին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: Պատճառն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ իր գաղափարախոսությամբ, ՀԱՍԿ-ն առավել մոտ է հենց ԲՀԿ-ին:

Այսպես ասած՝ դիտորդի կարգավիճակով, հետեւելով նախընտրական քարոզարշավին, մեր զրուցակիցը եկել է եզրակացության, որ. «Հայաստանի այսօրվա ներքին եւ արտաքին խնդիրները թելադրում էին, որ այս քարոզարշավը պետք է տարբերվեր նախորդներից, քանի որ Հայաստանն այսօր ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քան անցած տարիներին: Ցավոք, այդ տարբերությունը չեմ տեսնում եւ դրա պատճառն առաջին հերթին քաղաքական դաշտի որակն է: Քարոզարշավի մասնակից ուժերը կամ լավ չեն պատկերացնում Հայաստանի այսօրվա խնդիրները, կամ, պարզապես ունակ չեն այդ խնդիրները ձեւակերպելու եւ լուծումներ առաջարկելու: Ընթանում է սովորական քարոզարշավ: Իմ դիտարկմամբ, որոշ քաղաքական ուժերի մոտ դա անգամ քաղաքական գործընթաց չէ, այլ՝ գեղարվեստաթատերական, մասսայական միջոցառում, որտեղ իրենց խոսքն ավելի շատ կառուցում են ժողովրդի զգացմունքների վրա ազդելու, քան եղած խնդիրները վեր հանելու վրա»:

Թե հատկապես ո՞ր ուժերի պարագայում է այդ կեցվածքը՝ կոալիցիոն, թե՞ ընդդիմադիր, մեր զրուցակիցը չցանկացավ տարբերակումներ դնել, ասաց, որ բոլորն էլ նման դրսեւորումներ ունենում են: «Իմ տպավորությամբ, այս ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտը կարող է լուրջ ցնցումների ենթարկվել: Քարոզարշավից հետո քաղաքական դաշտում հստակությունն ավելի կդրսեւորվի եւ որոշ ուժեր ընդհանրապես կդադարեցնեն իրենց գործունեությունը: Դա դրական գործընթաց է, քանի որ բնական ընթացքով քաղաքական դաշտը կկարգավորվի: Այդ իմաստով, այս քարոզարշավը յուրօրինակ փորձաշրջան է քաղաքական ուժերի համար: Բայց եթե մասնակից ուժերը պատվով չկարողանան անցնել այդ փորձաշրջանը եւ ժողովրդի մոտ հիասթափությունը գագաթնակետին հասնի առկա ուժերի նկատմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտը կարող է նաեւ փլուզվել: Նոր որակի ուժերի լուրջ պահանջարկ կառաջանա, որը դրական կլինի, մանավանդ, գաղտնիք չէ, որ մեր քաղաքական դաշտը հիմնականում արհեստածին, նաեւ հանգամանքների բերումով առաջացած ուժերից է կազմված»,- ասաց Մովսես Շահվերդյանը:

Այս հնարավոր գործընթացը Շահվերդյանը դրական է համարում, քանի որ նորմալ երկրներում՝ մի ուժից դժգոհության պարագայում, մյուս ուժն այլ քաղաքական եւ տնտեսական մոտեցումներ է իր հետ բերում: Մինչդեռ Հայաստանում իշխող ուժերի փոփոխությունը կուրսի փոփոխություն չի բերում:

Մեր զրուցակիցն արձանագրում է նաեւ, որ ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ն այս ընտրություններում «վա-բանկ» են խաղում եւ, ըստ էության, նախագահական ընտրությունների են նախապատրաստվում: Դա է հուշում նաեւ այն, որ քարոզարշավը կազմակերպում եւ վարում են ոչ թե թիմերով, այլ առաջին դեմքերով: «ՀԱԿ-ի համար մահացու հարված կլինի, եթե այս ընտրություններն էլ անցնեն խախտումներով, կեղծիքներով եւ ՀԱԿ-ը դա հանդուրժի: ՀԱԿ-ն այլեւս քաղաքական դաշտում անելիք չի ունենա եւ նախագահական ընտրությունների մասին որեւէ խոսք անգամ լինել չի կարող: Կեղծիքները չհանդուրժելու մասին խոսում են նաեւ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն է անդամակցում ընտրությունների օրինականության վերահսկման հասարակական շտաբին: Կանխատեսել, թե ինչպիսին կլինեն հետընտրական զարգացումները՝ դժվար է: Բայց որեւէ զարգացում ես չեմ բացառում: Շատ հնարավոր է, որ խորհրդարանական ընտրություններից նախագահական ընտրություններ ընկած հատվածում Հայաստանն անկառավարելի իրավիճակում հայտնվի»,- կարծում է ՀԱՍԿ նախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30