Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի առաջ ընկավ հաղթած պետության մասը՝ Շահումյանը

Հունիս 13,2012 13:30

Ուղիղ 20 տարի առաջ այս օրերին պետք է սկսվեին Գետաշենի եւ Մարտունաշենի ազատագրման գործողությունները: Կամավորական ջոկատների երազանքն էր՝ ազատագրել այն եւ տարածքը վերադարձնել իրական տերերին:

Շահումյանում էին դաշնակցական ջոկատները, շահումյանցիները, վերիշենցիները, ալավերդցիները, «Արաբոյի», «Հատուկ գնդի», «Տիգրան Մեծի», Պռոշյանի սիրելիի՝ Կարոտ Մկրտչյանի ջոկատները…

Ամեն ինչ նախապատրաստված էր, եւ կար մի մեծ երազ, գործողությունների հստակ ծրագիր, հրամկազմ, հարձակման ուղղություններ:

Մինչ այդ՝ հունիսի 9-ին եւ 11-ին մեր հետախուզական խմբերը մտել էին Գետաշեն, տարածքն ամբողջությամբ ուսումնասիրել: Որեւէ արտառոց բան չկար: Գետաշենը…սպասում էր:

Ժամը 21-ի դրությամբ, ինքնապաշտպանական ջոկատների գլխավոր հրամանատար Շահեն Մեղրյանը ստանում է առաջին ահազանգը, թե Գետաշենի ուղղությամբ երկար շարասյուն է գալիս. տանկեր էլ կան:

Մարտակերտի ռազմական շտաբի կողմից ստացվում է մեկ այլ ահազանգ էլ. Թալիշի մոտ 20 միավոր տեխնիկա է կանգնած:

Վաղ առավոտյան թուրքերն անցան հարձակման: Ըստ այդ օրերի վավերագրությունների, հետագայում ստեղծված ԳԽ հանձնաժողովի նյութերի եւ ինքնապաշտպանական մարտերին մասնակցած տղաների հաղորդումների, նրանց հետ հարցազրույցների (որոնց, ի դեպ, ճանաչել եմ եւ 1992թ. այս օրերին գրել), թուրքերի ձեռքի տակ էր գտնվում Գանձակում տեղադրված խորհրդային բանակի 2-րդ դիվիզիան: Ռուսական գրադների ու ռազմական կործանիչների մասին ավելորդ է մեկ անգամ եւս հիշեցնելը:

Մի կողմից էլ՝ խորհրդային բանակը:

Հունիսի 13-ին հակառակորդը հարձակվեց մեր հենակետերի վրա՝ 25, 29,16:

Հայ Պարիսը՝ 16-րդ հենակետը օգնություն էր խնդրում:

Ինքնապաշտպանական ջոկատների գլխավոր հրամանատար Շահեն Մեղրյանը խնդիր դրեց. բնակիչների անվտանգ դուրս բերումը:

Նույն օրվա ժ. 23-ին օրհասական վիճակում գտնվող մեր հրամկազմը զեկուցեց Վազգեն Սարգսյանին: Վերջինը հորդորեց սպասել, դիմանալ, մինչ առավոտ օգնության կգան Ղարաբաղից:

Գիշերը տարհանեցին Վերին Շենի, Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի, Հայ Պարիսի բնակիչներին. Գյուլիստանի ռմբակոծումը սկսված էր:

Օգնություն չեղավ:

Ժողովրդի մեջ խուճապ սկսվեց:

Քչերն են հիշում, սակայն, որ սպառվել էր արդեն մեր կամավորականների զինամթերքը, իսկ երբ կամավորականները մի կողմից կյանքի եւ մահվան կռվի մեջ անվնաս տարհանեցին բնակչությանը եւ փրկեցին նրանց մահվան ճիրաններից, ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից զինաթափվեցին:

Շահենը որոշեց անցնել պարտիզանական պայքարի:

Երեւանում հանրահավաք էր:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով ազերիների գործողությունները:

Թուրքերը հունիսի 14-ին Շահումյանի վրա քիմիական նյութեր պարունակող ռումբեր նետեցին: Թունավորումներով մարդիկ հայտնվեցին հիվանդանոցներում: Բացառությամբ Գյուլիստանի, ազերիները գրավեցին Շահումյանը:

«Մենք միակ ԲՄՊ-ն ուղարկեցինք Բուզլուխ, որպեսզի 29-րդ դիրքը շրջապատման մեջ չընկնի: Անձնակազմը թշնամու 15 տանկերի դեմ ուղղակի ակրոբատ մարզիկի նման աշխատում էր», պիտի հետագայում ասեր Շահեն Մեղրյանը:

Իրենց ծննդավայրից տեղահանված շահումյանցիները (տեղահանվել է 14-16 000 մարդ) մինչ օրս հավատում են, որ վերադառնալու են Շահումյան: Նրանք հավատում են, որ իրենց Հայդուկապետ Շահեն Մեղրյանի պատգամը կկատարվի:

Այսօր նրանք կայցելեն Հայդուկապետի եւ շահումյանցիների շիրիմներին, ապա Պռոշյանում կմասնակցեն Կարոտի մահվան 20-ամյա տարելիցին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930