Այսօր ԱԺ-ի մոտ «ՀՀ քաղաքացիները սերժերի ու նեմեցների աչքերով», «Պահանջվում է մարդասպան» ցուցապաստառներով ակցիա էր անցկացվում`ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու, Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու գործընթացն ավարտելու համար: Ինչպես տեղեկացրել ենք, 4 խմբակցություններ խորհրդակցություն են անցկացրել ու որոշել արտահերթ նստաշրջան հրավիրել եւ հատուկ հանձնաժողով ստեղծել, որի համար անհրաժեշտ է 44 ստորագրություն: Այս պահին արդեն կա 18 ստորագրություն, այդ թվում` ԲՀԿ-ից 5 ստորագրություն:
Հաշվի առնելով Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը, ակցիայի մասնակիցները ընդհանրապես կասկած էին հայտնում, որ ԲՀԿ պատգամավորները կստորագրեին:

Ակցիայի կազմակերպիչները նաեւ նշում էին, որ ՀՀԿ պատգամավորները որեւէ խնդիր պետք է չունանային մասնակցել ստորագրահավաքին, քանի որ Ռուբեն Հայրապետյանն արդեն հայտարարել է, որ վայր է դնում մանդատը, եւ եթե իրենք էլ ուզում են նորմալ քննություն ընթանա, ի՞նչ ունեն վախենալու ու խուսափելու արտահերթ նստաշրջանից կամ հատուկ հանձաժողով ստեղծելուց. «Անգամ երեկ ՀՀԿ պատգամավորներից մեկը` Արտաշես Գեղամյանը նորից ամպագոռգոռ ճառեր էր արտասանում, որ Ռուբեն Հայրապետյանի պես սրբագույն մարդ չկա: Եթե կատարվել է այդպիսի հանցագործություն` «Հարսնաքար» կոչված ռեստորանային համալիրում, եւ ինքն էլ այդպիսի հայտարարությամբ, մեղայականով հանդես է եկել, կարծում եմ` ՀՀԿ պատգամավորների կողմից նման հայտարարությունները ուղղակի բարոյական չափանիշներից դուրս են, եւ նրանք պետք է աջակցեն, որպեսզի պատգամավորն իրացնի իր ցանկությունը` իր մանդատից հրաժարվելու դիմումը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































