Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Մանդատները գրկեցին ու թռան»

Հուլիս 18,2012 15:51

«Իրենք մեր շնորհիվ գրկեցին 37 մանդատ, մյուսները գրկեցին իրենց 7 մանդատը, մյուսներն էլ՝ 5 մանդատը եւ բոլորը թռան: Իսկ իմ դեմ հարուցվել է քրեական գործ՝ իրենց այդ այցելությունների հետ կապված: Թող ընդունեն, որ իրենք մասնակից են Քաղաքագետների միության հետ կապված այս հաշվեհարդարին»,- քննչական վարչությունից Aravot.am-ին փոխանցեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որտեղ նա գտնվում էր միության զբաղեցրած տարածքը միությունից խլելու հարցով գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների օրերին, երբ ձեւավորվեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, Քաղաքագետների միությունն, ի դեմս Հմայակ Հովհաննիսյանի, հայտարարեց, որ Սյունիքի մարզպետի ազգական Սենիկ Ջուլհակյանը ցանկանում է միության զբաղեցրած տարածքը խլել:

Պարոն Հովհաննիսյանին զանգահարել էինք հետաքրքրվելու՝ ի՞նչ է մտածում այն բացահայտումների մասին, որոնք այսօրվա իր ասուլիսից եւ այնտեղ հնչեցրած հայտարարություններից հետո արեցին ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ: Մասնավորաբար, Yerkir.am-ի հետ զրույցում  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանն ասել էր. «Հմայակ Հովհաննիսյանի չդադարող ելույթները ստիպում են ինձ բացել որոշ փակագծեր: Համամասնական ցուցակների հրապարակման առաջին օրվանից ԲՀԿ-ում կուլիսային քննարկումներ էին ընթանում, որոնք շարունակվել են նաեւ ընտրություններից հետո: Կուսակցության շարքերում անչափ մեծ էր դժգոհությունը որոշ թեկնածուների հանդեպ, եւ Հմայակ Հովհաննիսյանը դրանցից առաջինն էր: Մարդ, ով պերմանենտ զբաղված է եղել կուսակցությունից կուսակցություն թռչելով, մարդ, ով չի ունեցել որեւէ սկզբունք, այս բավականաչափ բարդ ժամանակահատվածում, բնականաբար, չէր կարող լինել մեր կողքին: Նա լքել է ԲՀԿ ցուցակը համընդհանուր չկամության և համապատասխան մթնոլորտի պատճառով: Մենք միշտ նրան համարել ենք պոտենցիալ ական, և որքան շուտ ազատվեինք նրանից, այնքան լավ: Կյանքը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք»:

Բուն բացահայտումների առիթով էլ Հովհաննիսյանն ասաց. «Ո՞վ է այդ անձնավորությունը, ո՞նց է նա մուտք գործել ԱԺ՝ ես չգիտեմ: Ես նրան չեմ ճանաչում, երեւի ոչ ոք չի ճանաչում: Համենայնդեպս, ինչ-որ խելացնոր բաներ է ասում, բարբաջում է: Ես չեմ մեկնաբանում տարբեր, պատահականորեն քաղաքականության մեջ հայտնված, բայց անհայտ, երկրի առջեւ ոչ մի վաստակ չունեցող մարդկանց խոսակցությունները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031