
Ըստ միության նախագահ Գագիկ Մակարյանի` արդեն երեք տարի է Հայաստանում զարգանում է սոցիալական գործընկերության ինստիտուտը` կառավարությունը, գործատուների միությունը եւ արհմիությունների կոնֆեդերացիան հանդես են գալիս որպես գործընկերներ, ունեն ստորագրված կոլեկտիվ պայմանագիր, որը ազգային մակարդակով կանոնակարգում է հարաբերությունը գործընկերների մեջ: Բայց կարիք կա, որ այն տարածվի մարզերում եւ սա թվով երկրորդ կոնֆերանսն է հանրապետությունում` մայիսին Լոռիում անցկացված կոնֆերանսից հետո:
Սյունիքում կոնֆերանսի կազմակերպումը պայմանավորված էր մարզում առկա մի շարք խնդիրներով` այդ թվում զբաղվածության ոլորտում, եռակողմ հարաբերությունների բացակայությամբ, նաեւ շատ համայնքներում գործատուների միջեւ ծանոթության կապի բացակայությամբ: «Որոշեցինք կոնֆերանսը Սյունիքում անցկացնել, քանի որ մենք նաեւ ուսումնասիրել էին վիճակագրությունը եւ ազգային վիճակագրական տվյալներով` Սյունիքը նույնպես բավականին խնդիրներ ունի ու կարիք ունի զարգացման: Որպես որոշակիորեն հանքարդյունաբերական կենտրոն համարվող մարզ, այստեղ կարեւոր է նաեւ աշխատանքի պաշտպանությունը, կա հանքարդյունաբերություն եւ ռիսկային վիճակներ», – ասաց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը եւ նշեց, որ իրենց կողմից փորձ է արվելու մարզում խթանել զբաղվածությունը, գործարարության զարգացումը, ինչպես նաեւ գործընկերներով համակարգված որոշումների կայացմանը:
Կոնֆերանսի ժամանակ խոսվեց մարզի հիմնախնդիրների, սոցիալ-տնտեսական վիճակի, մարզում իրատեսական համարվող զարգացման ծրագրերի եւ դրանց հետ կապված առաջարկությունների մասին:
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ երկու միջազգային փորձագետներ Ժան-Մարի Ստանդաերտն ու Հենրի Զիմմերմանը, որոնք ներկայացրեցին եվրոպական լավագույն փորձը սոցիալական երկխոսության բնագավառում ու զարգացումները գործատուների միությունների հետ:
Կոնֆերանսի կազմակերպչի կարծիքով` Սյունիքում մեծ պոտենցիալ կա զարգացնելու տուրիզմը, քանի որ հարավային մարզն ունի գրավիչ բնություն, պատմամշակութային հուշարձանների հարուստ ժառանգություն, բացի այդ` զարգացման ծրագրերից են նաեւ կաթի վերամշակման, անասնաահական ֆերմաների զարգամցման, ջրեղենի ու պահածոների արտադրությունները:
«Մենք նաեւ խթանելու ենք եւ կողմ ենք լինելու փոքր, անհատական, ընտանեկան բիզնեսի զարգացմանը` որպես զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի համար կարեւոր պայման, նպաստելու ենք փոքր արտադրությունների զարգացմանը: Բայց մենք ադ հարցին ուզում են զգուշորեն վերաբերվել, որպեսզի հանքարդյունաբերության հետեւանքները բացասական չլինեն նման արտադրությունների համար, սննդի անվտանգության պահանջները պետք է ապահովված լինեն: Եթե կարիքը լինի մենք պատրաստ ենք միջազգային լաբորատորիաներում ստուգել պրոդուկտները կամ նույնիսկ նմուշները, որպեսզի անհրաժետության դեպքում օգնենք խնդրի ճիշտ կանոնակարգմանը», – հավելեց Գագիկ Մակարյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































