
Դժբախտաբար միայն Ավոյի բնորոշմամբ կարելի է բնութագրել հայկական կողմի անգործունեությունը ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովի գործում: Հակառակ 8 տարի շարունակվող ադրբեջանական հոխորտանքներին, տարբեր աղբյուրներից ստացվող նախազգուշացումներին, մեր պետական համապատասխան մարմինները ոչինչ, կամ գրեթե ոչինչ չարեցին ազերի ոճրագործին հունգարական բանտում ցմահ պահելու համար: Դիվանագիտական ասպարեզում արդեն 150 տարի է դեռ չենք սովորել, որ արդարությունը, այս պարագայումՙ արդարադատությունը, առանց համապատասխան պաշտպանվածության, խիստ անուժ է եւ անօգնական: Չենք ըմբռնել, որ միջազգային իրավաբանական թե բարոյական օրենքները, պայմանավորվածությունները, պայմանագրերն ու կոնվենցիաները առ ոչինչ են, եթե դրանք չեն ուղեկցվում ուժեղ վերահսկողությամբ կամ հակակշիռներով:
Իսկ այժմՙ ադրբեջանական «ա՛լ ավելի» էշշության մասին:
Իլհամ Ալիեւը Հունգարիայի ուխտադրուժ մեղսակցությամբ մարդասպանին Բաքու վերադարձնելուց հետո, անմիջապես ներում է շնորհել նրան եւ արժանացրել «հերոսական» ընդունելության: Դա, անշուշտ, նա արել է «հերոս» մարդասպանի «փառքից» իր բաժինը վերցնելու, 3-րդ անգամ եւ հավերժ իր սուլթանությունը ապահովելու համար: Դրանով իսկ նա հրաշալի առիթ է տվել մեզՙ հայերիս, մեր օտարերկրացի բոլոր բարեկամների օգնությամբ նաեւ, ողջ աշխարհին համոզիչ կերպով ցույց տալու, թե ում հետ է մեր գործը, թե ինչպիսի երկիր ու պետություն է Ադրբեջանը, թե ո՛վ է արցախցիներին «բարձրագույն ինքնավարության կարգավիճակ» խոստացողը, թե ինչ է նշանակել եւ ինչ է նշանակում ադրբեջանցի մարդասպանի եւ մարդասպան հրոսակի հետ համատեղ կյանքը, թե միայն միջազգայնորեն ճանաչված եւ մեր զինվորի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում հայ ժողովուրդը կարող է ապահով զգալ իրեն:
Կարդացեք նաև
Շնորհակալություն Ալիեւին Ադրբեջանի հավաքական կերպարը այսքան հստակ, այսքան ցցուն եւ այսքան համոզիչ ներկայացնելու համար:
Դիվանագիտական լայնածավալ աշխատանքի, քարոզչական խելացի ջանքերի եւ պետական ու ժողովրդական ազդու գործունեության միջոցով մենք կարո՛ղ ենք այսօրվա մեր պարտությունը վերածել տեւական հաղթանակի:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«Ազգ»


















































