Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արդյո՞ք ճիշտ է վերադարձը հին ուղղագրության

Սեպտեմբեր 29,2012 14:10

Գրաբարյան ավանդական ուղղագրության բարեփոխման հարցը ծառացել է դեռեւս 19-րդ դարի կեսերից: Այդ խնդրով մտահոգված որոշ քայլեր են արել հայ անվանի գրական-հասարակական գործիչներ Նահապետ Ռուսինյանը, Մինաս Չերազը, Խորեն Ստեփանեն, այնուհետեւ Ղազարոս Աղայանը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ: 1913թ., Գեւորգ V կաթողիկոսի հովանավորությամբ կազմվում է հանձնաժողով, որի նպատակն էր քննարկել հայոց ավանդական ուղղագրության մեջ որոշակի բարեփոխումներ կատարելու հարցը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Գեւորգ վարդապետ Չեորեքչյանը (հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս), լեզվաբան Մանուկ Աբեղյանը եւ ուրիշներ: Սակայն մոտալուտ համաշխարհային առաջին պատերազմը, այնուհետեւ 1915 թվականի մեծ ողբերգությունը, ցավոք, կասեցրին այդ հարցի լուծման ընթացքը: Ուղղագրության բարեփոխման խնդիրն առավելապես հուզել է ականավոր լեզվաբան, գրաբարի, միջին հայերենի եւ ժամանակակից հայոց լեզվի մեծ գիտակ Մանուկ Աբեղյանին: Նա նկատի ունենալով գրաբարյան ուղղագրության արդեն խիստ տարբերակվածությունը ժամանակակից հայ գրական-արտասանական լեզվից, 1922թ. հանձն առավ որոշ բարեփոխումներ անել եւ թարմացնել հայերենի ուղղագրությունը, իսկ 1940թ., լրացուցիչ շտկումներ անելով, հասարակությանը ներկայացրեց միանգամայն ընդունելի նոր ուղղագրություն: Եվ, ահա, 90 տարի է, ինչ մենք գրում ենք նոր ուղղագրությամբ, զերծ մնալով նախկինի ակնհայտ բարդություններից:

Կան մարդիկ, ովքեր այդ նորամուծությունը, որ այսօր իր հաստատուն տեղն է գրավել ժամանակակից արեւելահայ իրականության մեջ, ձգտում են ի չիք դարձնել, առաջարկելով կրկին վերադառնալ նախկին, գրաբարյան ուղղագրությանը: Այդ մասին գրում են պարբերականներում, բանավիճում հեռուստատեսությամբ: Բայց մենք չպետք է մոռանանք, որ լեզուն կենդանի համակարգ է, որն անընդհատ փոփոխվում է եւ բարելավվում: Անշուշտ, մենք ամեն քայլափոխում օգտվում ենք մեր մայր լեզու գրաբարից, նրա հարուստ բառապաշարից: Բայց, այնպես, ինչպես այսօր չենք կարող օգտագործել անցյալի մեծարժեք շատ իրեր եւ իրողություններ, որոնք հնացել են եւ պատմության գիրկն են անցել, այնպես էլ գրաբարյան 1600-ամյա ուղղագրությունը, այսօր անիմաստ է վերականգնել ու օգտագործել: Խոսք է գնում այն մասին, որ սփյուռքահայ հասարակությունը շարունակում է գրել հին ուղղագրությամբ եւ միմյանց չհակադրվելու, առավել եւս՝ միավորվելու միտումով հարկ է, որ մենք վերադառնանք անցյալին: Անշուշտ, շատ կարեւոր է արեւմտահայ եւ արեւելահայ հատվածների լեզվում ուղղագրական տարբերությունների վերացման անհրաժեշտությունը: Իսկ ինչո՞ւ չմտածենք աշխարհով մեկ սփռված, բայց, ցավոք, պետականությունից զուրկ արեւմտահայ մեր եղբայրների կողմից օգտագործվող ուղղագրությունը մոտեցնել արդեն ինքնուրույն պետականություն ունեցող մեր երկրի ուղղագրությանը: Գուցե հենց սա՛ է մեր երկու պառակտված լեզվաճյուղերի միացման առավել խելացի ու դյուրին ճանապարհը: Մենք դրանով դույզն-ինչ չենք նսեմացնում գրաբարյան ավանդական ուղղագրությունը, որ դարեր շարունակ ծառայել է մեզ:

Վերադարձը գրաբարյան ուղղագրության անվերապահորեն եւ միանգամից անգրագիտության գիրկը կնետի մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ, ընդհանրապես, ողջ արեւելահայությանը: Չպետք է մոռանանք, որ անցյալում, անգամ 18-19-րդ դարերում գրաճանաչ էին միայն բարձրակարգ հոգեւորականները, ուսուցիչները, փոքրաթիվ բժիշկներն ու գրողները: Այսօր իրականությունն արմատապես փոխվել է: Հանրապետության յոթ տարեկան երեխաներից մինչեւ ծերունական հասակի բոլոր հայերը կրթություն են ստացել եւ ստանում, ընդ որում՝ սովորել, սովորում եւ գրում են նոր ուղղագրությամբ: Ուրեմն, կարծում ենք, որ առավել ընդունելին մնում է մեր առաջարկությունը: Այն է, նոր ուղղագրությունն առաջարկենք մեր Սփյուռքի հայությանը, որոնց զավակների ու ժառանգների մեծ մասն այսօր, անգամ, հայկական դպրոց չի հաճախում (լավագույն դեպքում՝ կիրակնօրյա), ուստի նրանց համար այդ փոփոխությունը ոչ միայն դժվարության տեղիք չի տա, այլեւ առավել դյուրին կդարձնի ուսուցումը: Նկատի առնենք, որ խոսքը վերաբերում է ոչ թե լեզվին՝ արեւմտահայերենին, այլ միայն ուղղագրությանը: Չէ՞ որ վերջինիս փոփոխությունն ամենեւին չի խաթարի լեզուն: Իսկ, եթե արեւմտահայ (Սփյուռքի) հասարակության որոշ ներկայացուցիչներ ընդդիմանան, ապա, դա նրանց խնդիրն է եւ՝ իրավունքը: Բայց, պատկերացնո՞ւմ եք, թե այդ փոփոխության պարագայում ինչ դժվարությունների առաջ կկանգնի մեր հանրապետությունը: Ժամանակակից ուղղագրությամբ է տարվում Հայաստանի Հանրապետության ամբողջ պետական-պաշտոնական գրագրությունը, նրանով են գրվում քաղաքական, գիտական, մշակութային եւ այլ բազմաթիվ բնագավառների աշխատությունները, հրամանագրերն ու հանձնարարականները, ինչպես եւ հանրապետության քաղաքների, մարզերի ու գյուղերի, պաշտոնական ու մասնավոր ֆիրմաների, զանազան կազմակերպությունների բոլոր գրագրությունները, ողջ մամուլը, երկրով մեկ տարածված ու փակցված հազարավոր ցուցանակներ ու հայտարարություններ: Կարծում եք դյուրի՞ն կլինի այդ բոլորը վերափոխել: Հատկապես մեծ հարված կստանան ուսումնական հաստատությունները, որտեղ հարկադրված կլինեն հիմնովին փոխել տարբեր մասնագիտությունների գծով օգտագործվող հարյուրավոր դասագրքեր, ձեռնարկներ, դասընթացային ծավալուն ծրագրեր եւ այլն, եւ այլն: Էլ չենք խոսում հին ուղղագրության հետեւանքով իրենց գրագիտությունը կորցրած ուսուցիչների եւ դասախոսների մասին: Ինչպե՞ս կարելի է այդքան հեշտությամբ անսալ այդ անհեռատես առաջարկությանը եւ խարխլել երկրի պետական-քաղաքական-վարչական ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, գիտական, մշակութային եւ այլ կազմակերպությունների տեղեկատվական ու պաշտոնական գրությունների ամբողջ համակարգը: Եվ ո՞վ պետք է մեզ սովորեցնի արդեն մոռացված հին ուղղագրությունը: Մեր արեւմտահայ եղբայրներն ապրում են օտար երկրներում, որտեղ պետական-պաշտոնական լեզուն հայերենը չէ: Մնում է, որ այդ երկրներում բնակվող հայերը տիրապետեն հայոց նոր ուղղագրությանը:

ԹԵՐԵԶԱ ԳԱԼՍՏՅԱՆ

բանասիրական գիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930