Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ի «սեւ ցուցակում» է հայտնվել այն կլինիկան, որը պետական փողերի հետ կապ չունի

Հոկտեմբեր 10,2012 14:02 Share

Հանձնաժողովի հայտնաբերած օրինախախտ կլինիկաների ղեկավարները վստահեցնում են, որ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունն անհեթեթություն է:

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց մի քանի տասնյակ բուժհաստատությունների անունները, որոնք 2011 թվականին պետգնումներով դեղամիջոցներ են ձեռք բերել որոշ խախտումներով: Ընդ որում, հանձնաժողովի մատնանշած խախտումներն են՝ ուսումնասիրված 134 հիվանդանոցներից 100-ը մրցույթներ չեն հայտարարել, դեղամիջոցները ձեռք են բերել շուկայականից մի քանի անգամ բարձր գներով, եւ որոշ կլինիկաներ էլ հիվանդներին ուղղորդել են միեւնույն դեղատունը, որտեղից հիվանդը դեղը ստացել է անվճար, հետագայում պետությունը դրա համար վճարել է մի քանի անգամ բարձր գին: Հանձնաժողովի հրապարակած խախտումներ թույլ տված բուժհաստատությունների ցանկը վրդովեցրել է մի շարք կլինիկաների ղեկավարներին, որոնք մեզ հետ զրույցում չցանկացան, որ իրենց անունը հրապարակենք, սակայն վստահեցրին, որ միանշանակ իրենք անմեղ են:

Մեզ հետ զրուցած տնօրենները կասկածի տակ առան հանձնաժողովի ուսումնասիրությունը՝ պնդելով, որ այն կատարվել է միակողմանի եւ անլուրջ, քանի որ նախ՝ մրցույթ հայտարարել են, իսկ եթե անգամ դեղը ձեռք է բերվել թանկ գնով, ապա նրանք կարող են հիմնավորել, որ դա էլ օրենքի սահմաններում են արել եւ պետական միջոցների վատնում թույլ չեն տվել. «Գործը մարդկանց առողջությանն է վերաբերում, այլ ոչ թե ինչ-որ նախարարության համար ձեռք բերված թղթին կամ մատիտին, որը եթե անգամ էժանն էլ գնեն, դրանից վնաս չի լինի՝ ի տարբերություն էժան դեղերի: Իսկ պարտադրել էժան դեղ գնել հիվանդի համար, որը ոչ մի արդյունք չի տա, անհեթեթություն է: Չի կարելի անլուրջ վերաբերվել այս գործին եւ անլուրջ ուսումնասիրություն անել: Բացի այդ, անգամ գնային շեմ էլ գոյություն չունի, որը գերազանցելու դեպքում կարող ենք հայտնվել խախտում կատարած կլինիկաների ցանկում: Անհասկանալի է նաեւ, թե կարճ ժամանակահատվածում հանձնաժողովը ինչպես կարողացավ խորը վերլուծություն կատարել եւ պարզել, որ մենք խախտումներ ենք թույլ տվել: Մնում է կասկածել, որ սա եւս հերթական «շոու է», եւ Շաբոյանը փորձում է նախագահին ցույց տալ, որ գործ է անում եւ օրինախախտներին իբր թե հայտնաբերում է»: Բացահայտվել չցանկացող տնօրենները նաեւ նշեցին, որ հանձնաժողովը ցանկ է հրապարակել եւ չի հստակեցրել, թե որ կլինիկան ինչ կարգի խախտում է արել, ինչը մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, թե բոլորը նույն խախտումն են արել. «Թող հատ-հատ նշեն, ու ամեն կլինիկա իր պատասխանը տա»: Նշենք, որ հանձնաժողովը նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն, ուստի անմեղ բուժհաստատությունները հնարավորություն կունենան արդարանալու:

Ի տարբերություն իրենց անունը գաղտնի պահելու ցանկություն հայտնած տնօրենների՝ որոշ հիվանդանոցների ղեկավարներ ավելի բացահայտ խոսեցին մեզ հետ: Օրինակ՝ ՏՄՊՊՀ-ի՝ խախտումներ կատարած կլինիկաների ցանկում է հայտնվել նաեւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որը դեռեւս 2005 թվականին դեղորայք է ստանում «Գլոբալ հիմնադրամից», իսկ պետությունն այս կենտրոնի հիվանդների համար ոչ մի լումա չի ծախսում, հետեւաբար՝ պետգնումներով մրցույթ էլ չի հայտարարում:

«Առավոտը» փորձեց կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանից պարզել, թե ինչո՞ւ են իրենք էլ հայտնվել հանձնաժողովի «սեւ ցուցակում»: Պարոն Գրիգորյանն ասաց, որ կփորձի հենց հանձնաժողովից պարզել, թե ինչո՞ւ է իրենց անունն էլ շոշափվել. «Մեր կենտրոնը դեղերը ստանում է անհատույց, եւ դեղերը գնվում են ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում եւ անվճար տրամադրվում կենտրոնին ու հիվանդներին: Բացի այդ, մենք հիվանդներ չունենք, որոնց պետք է ուղղորդել դեղատուն, դեղատներում չի էլ վաճառվում ՁԻԱՀ-ի բուժման համար նախատեսված դեղորայքը: Դեղերը «Գլոբալ հիմնադրամը» գնում է եւ ուղարկում Հայաստան: Կան նաեւ ՁԻԱՀ-ին ուղեկցող հիվանդություններ, որոնց դեղերի գնումն իրականացնում է «Գլոբալ հիմնադրամի» ծրագրերը համակարգող խումբը եւ նույնպես անվճար տրամադրում կենտրոնին, որը պետական գումարների հետ ոչ մի կապ չունի»:

Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոնը» եւս հայտնվել է հանձնաժողովի հրապարակած օրինախախտ կլինիկաների ցանկում: Մինչդեռ մեզ հետ զրույցում հիվանդանոցի ղեկավար Սամվել Թորոսյանը եւս պնդեց, որ անմեղ են եւ կարող են ապացուցել. «Մենք բոլոր տարիներին շատ էժան գնումներ ենք կատարել, չգիտեմ՝ ինչի՞ մասին է խոսքը: Չեմ էլ ճանաչում այդպիսի հանձնաժողով»: Գուցե հիվանդներին ուղղորդե՞լ եք միեւնույն դեղատուն, մեր այս հարցը դեռ չավարտած՝ պարոն Թորոսյանն անմիջապես ասաց, որ իրենց հիվանդները չեն կարող գնալ դեղատուն՝ դեղ ձեռք բերելու, քանի որ «հիվանդների համար դեղերը կենտրոնացված գնումներով են կատարվում ու անվճար հատկացվում, չեն կարող գնալ դեղատնից ձեռք բերել: Նախարարությունը գնումը կատարում է, եւ նախարարության բազայից գնում ենք ստանում: Ստացիոնարի համար գնումներ ենք կատարում, բայց էժան գներով: Ինձ համար ինչ-որ անհասկանալի է, թե դա ինչ է»:

Իսկ «սեւ ցուցակում» հայտնված նախարարության հակատուբերկուլյոզային դիսպանսերի իրավաբանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք էլ որոշ դեղորայքներ ստանում են «Գլոբալ հիմնադրամից»: Այն դեղամիջոցներն էլ, որ պետական փողերով պետք է ձեռք բերվի, դիսպանսերի իրավաբանը վստահեցրեց, որ մրցույթով են դրանք գնում եւ ոչ մի խախտում չեն արել:

Ըստ իրավաբանի՝ «Բացառվում է այն հայտարարությունը, որ մի քանի անգամ թանկ գներով ենք ձեռք բերել դեղերը: Ձեր հիշատակած հանձնաժողովն էլ ստուգումներից հետո դրական եզրակացություն է տվել, դատախազությունն էլ 2 ամիս առաջ է եկել, բավականին լայնածավալ ուսումնասիրություն իրականացրել եւ կրկին դրական եզրակացություն տվել: Այսինքն՝ ոչ մի խախտում չի եղել, դատախազությունը գործը մեր մասով կարճել է»:

Մեր հարցին էլ՝ եթե ամեն ինչ օրենքի սահմանում է եղել, եւ իրենք ոչ մի խախտում չեն արել, այդ դեպքում ինչո՞ւ են հայտնվել հանձնաժողովի ցուցակում, դիսպանսերի իրավաբանն ասաց. «Մենք կկապնվենք հանձնաժողովի հետ եւ կպարզենք, թե սա ինչ է: Մենք կարող ենք ստուգումների ակտերը տրամադրել, որից պարզ կդառնա, որ մենք օրենք չենք խախտել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031