Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունքների եւ պարտականությունների խաչմերուկներում

Հոկտեմբեր 10,2012 14:13 Share

Այն խաչմերուկը, որտեղ երթեւեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանով, համարվում է կարգավորվող, ինչը չես ասի մայրաքաղաքի որոշ խաչմերուկների մասին, որտեղ տեղակայված լուսացուցային տեղակայանքները չնայած կատարում են իրենց աշխատանքը, սակայն տեսանելի չեն. ծածկվել են ծառերի ճյուղերով եւ մացառներով: Կան տեղեր, որտեղ լուսացույցը ուղղակի ծածկված է փողոցների ուղղությունը ցույց տվող ցուցանակներով, գովազդային վահանակներով՝ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծելով:

Որքան էլ վարորդները լավ իմանան Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը՝ այս տեղերում ամենեւին էլ հեշտ չէ կռահել, թե երբ է պետք սեղմել արգելակը: Մեր քաղաքում լինել վարորդ, հավատացեք, հեշտ չէ:

Երթեւեկության մասնակիցներ են վարորդները, ուղեւորները եւ հետիոտնը: Տրանսպորտային միջոցը առավել վտանգի աղբյուր է: Այդ իսկ պատճառով վարչական իրավախախտումների համար նախատեսված են բարձր վարչական տուգանքներ: Հետիոտների վարչական իրավախախտումների համար նախատեսված է նվազագույն տուգանքը: Աստված մի արասցե, եթե հանդիպես գրկախառնված երիտասարդ զույգի կամ սեւ արեւային ակնոցներով, ականջակալներով երիտասարդի, ովքեր փողոցն անցնում են չնախատեսված տեղով, կամ էլ արագընթաց անվաչմուշկներով Բաղրամյան պողոտայով դեպի Օպերային թատրոն, այնտեղից էլ Մաշտոցի պողոտա սլացող արտասահմանցի պապիկին, որն այնպես է հմտացել իր այդ «գործում», որ ՃՈ սպայական գումարտակների սպաներն անգամ չեն կարողանում կարգազանցին հեռացնել ճանապարհից, իսկ տեսախցիկները չեն էլ նկատում նրան. պետհամարանիշ չունի…

Մխրճվելով տրանսպորտային հոսքի մեջ՝ ամեն վայրկյան կարող է վթարային իրավիճակ առաջանալ, իսկ անպատժելիությունը նորից ծնում է նոր իրավախախտումներ:

Լուսացուցային տեղակայանքի կարմիր լույս ազդանշանի ներքո՝ կանգ գծի մոտ կանգնելով՝ զգում ես, թե որքան է ավելացել հետիոտնի քանակը, սակայն վերլուծելով այս ոլորտում կատարած ՀՀ կառավարության լայնածավալ աշխատանքը՝ հասկանում ես՝ ոչ թե հետիոտնի քանակն է ավելացել, այլ նրա տեղաշարժերը դարձել են ավելի կազմակերպված: Այս բնագավառում հետզհետե ձեւավորվում է նոր մշակույթ, որտեղ ցանկացած քաղաքացի պետք է մտածի ոչ միայն իր իրավունքների, այլեւ հասարակության եւ նրա անվտանգության հանդեպ ստանձնած իր պարտականությունների մասին, չպետք է անտարբեր լինի շրջապատող միջավայրի հանդեպ: Իսկ ինչպե՞ս կարելի է օգնել նույն հասարակությանը. միայն մի բարի ցանկության առկայության դեպքում: Կհամոզվեք ստորեւ…

Դեռ վաղուց մայրաքաղաքի Հալաբյան եւ Լենինգրադյան փողոցների շրջակայքում ապրող բնակիչների՝ վերոհիշյալ փողոցները հատելը վտանգված էր: Բազմաթիվ արձանագրություններ են կազմվել ու քրեական գործեր են հարուցվել, վթարների զոհ են դարձել մի քանի տասնյակ անձինք, հսկայական նյութական եւ բարոյական վնաս է պատճառվել պետությանը եւ քաղաքացիներին: Դեռեւս 23/09/2008թ. ՀՀ կառավարության ղեկավարին ուղղված թվով 32330 դիմում ներկայացրել եմ հասարակական անվտանգությանը միտված մի շարք միջոցառումների անհրաժեշտության մասին: ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, Երեւանի քաղաքապետին, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանապետին հանձնարարել է ուսումնասիրել վերոհիշյալ հիմնահարցը եւ ընթացք տալ: Քաղաքապետարանն իր հերթին, հաշվի նստելով վերոգրյալի հետ, ինձ ուղղված իր 13/12/2008թ. 50/1-կ-2732 պատասխանում նշել է, որ հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ որոշվել է վերգետնյա կամ ստորգետնյա հետիոտնային անցման կառուցումը նախատեսել՝

ա/ Լենինգրադյան փողոցի վրա՝ սկսած Ծիծեռնակաբերդի խճուղուց մինչեւ Սեբաստիա փողոցն ընկած որեւէ հատվածում,

բ/ Հալաբյան փողոցի վրա՝ սկսած Արզումանյան փողոցից մինչեւ Մարգարյան փողոցն ընկած հատվածում:

Քաղաքապետարանի թիվ 50/1-կ-4-2096 առ 16/07/ 09թ. գրությունից պարզվեց, որ նախատեսված վերգետնյա հետիոտնային անցումների նախագծային աշխատանքները ավարտվել են եւ ներկայացվել են փորձաքննության:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայությունից ստացված թիվ 17/3-4648 առ 04/08/

2009թ. գրությունից պարզվեց, որ ուսումնասիրվել է երթեւեկության կազմակերպումը Հալաբյան փողոցում. տեղադրված երթեւեկության կազմակերպման միջոցների մի մասը գունաթափված էին եւ շարքից դուրս էին եկել, իսկ որոշ հատվածներում դրանք ընդհանրապես բացակայում էին:

Երթեւեկության պայմանների բարելավման եւ անվտանգության ապահովման նպատակով մշակվեց երթեւեկության կազմակերպման նոր սխեմա, որի հաջորդիվ քայլերը ճանապարհային նշանների տեղադրումը, ասֆալտի վրա հորիզոնական գծանշումների իրականացումը եւ Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկի լուսացուցային տեղակայանքի վերագործարկումն էին:

Երկու տարի անց ՀՀ կառավարության հանձնարարականների համապատասխան՝ կառուցվեցին վերոհիշյալ վերգետնյա հետիոտնային անցումները, իսկ երթեւեկության նոր սխեման մշակվեց եւ ներդրվեց անհապաղ, որի շնորհիվ արդեն Հալաբյան-Էստոնական, Էստոնական-Շինարարների, Շինարարների-Աբելյան, ինչպես նաեւ Աբելյան-Հալաբյան փողոցների խաչմերուկներում տեղակայված են եւ գործում են լուսացուցային տեղակայանքները, ճանապարհային նշանները եւ երթեւեկությունը կրում է կազմակերպված բնույթ:

Առաջադրված խնդիրները լուծված են, առաջընթացը՝ ակնհայտ:

Սակայն մայրաքաղաքի մի շարք փողոցներում դեռեւս առկա են բազմաթիվ թերություններ, որոնց հայտնաբերման եւ վերացման գործում խիստ անհրաժեշտ է ոչ միայն իրավասու մարմինների, այլեւ մեր համաքաղաքացիների աջակցությունը:

Իմացեք Ձեր իրավունքների մասին եւ պաշտպանեք դրանք՝ հիշելով նաեւ պարտականությունների մասին:

Տարիներ առաջ, մի արեւոտ օր դիմացովս անցնող մի երիտասարդ ձեռքի պաղպաղակն ազատեց փաթեթից ու այն նետեց մայթեզրին: Շատ բարկացա. արդեն պատրաստվում էի նկատողություն անել, մեկ էլ… մի 7-8-ամյա աղջնակ դիմեց նրան. «Այ ձյաձյա, ինչո՞ւ եք կեղտոտում մեր քաղաքը»… Ամոթից այլայլված երիտասարդը կռացավ, մայթեզրից վերցրեց աղբն ու արագ հեռացավ:

«Բրավո, փոքրիկ,- մտածեցի ես,- ապագան քոնն է, քանզի դու արդեն իսկ գիտակցում ես քո իրավունքների ու պարտականությունների մասին»:

Այնպես որ, առաջ դեպի կարգապահ, օրինապահ եւ գիտակից հասարակություն, դեպի պայծառ ապագա…

ՀԱԿՈԲ ՂԱՎԱԶՅԱՆ

Ղավազյան իրավաբանական

ծառայություն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031