Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենսդիր մարմնում չկա ընդդիմություն, կա քաղաքական մեծամասնություն եւ քաղաքական փոքրամասնություն, երկուսն էլ իշխանություն են». Արտակ Զեյնալյան

Ապրիլ 04,2024 17:52

«Այն բոլոր արժեքները եւ իրավունքները, որոնք արձանագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ, դրանք հնարավոր է ավելի արդյունավետ իրականացնել, եթե մենք դառնանք Եվրոպայի միության մեծ ընտանիքի անդամ»,- Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

«Հաճախ եմ լսում, որ դառնանք այս կամ այն միության անդամ, դառնանք ենթակա, որպեսզի մեզ պահեն։ Ես այդ կարծիքին չեմ, եւ կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները համոզված են, որ ոչ միայն մենք պետք է ստանանք Եվրոպական միությունից, այլ պետք է կարողանանք տալ Եվրոպային, ինքնարտահայտվել, ինքնադրսեւորվել։ Ես համաձայն եմ այն դիտարկումների հետ, որ այսօր Հայաստանը շատ անելիքներ ունի մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության ոլորտում։ Ամենակարեւոր գործիքներից մեկն օրենքների ընդունումն է ու իրավական պաշտպանության մեխանիզմները»,- ասաց նա։

Ըստ Զեյնալյանի՝ օրենքների ընդունման համար անհրաժեշտ է, որ լինի ճշգրիտ հարաբերակցություն, Ազգային ժողովի ու օրենսդիր մարմնի յուրաքանչյուր միավոր ընկալի, որ ինքը իշխանություն է։ «Այսօրվա օրենսդիր մարմինը չի արտահայտում այդ պատկերը։ Օրենսդիր մարմնում չկա ընդդիմություն, օրենսդիր մարմնում կա քաղաքական մեծամասնություն եւ կա քաղաքական փոքրամասնություն։ Երկուսն էլ իշխանություն են»,- ասաց նա։

Արտակ Զեյնալյան ասաց, որ եթե իրավունքների պաշտպանությունը թողնենք միայն դատարանների վրա, ապա դատարանները չեն կարող այն իրականացնել։ Արդարադատությունը պետք է իրականացվի վարչական մարմիններում։ Արդյոք Հայաստանում իրավական պաշտպանության արտադատական մեխանիզմները բավարար են եւ կատարյալ, թե՞ ոչ. «Ես վստահաբար կարող եմ ասել՝ ոչ, եթե մենք պատասխանենք հետեւյալ հարցին։ Եթե պետական մարմինների կողմից տեղի է ունեցել միջամտություն մարդու իրավունքին, պետք է նաեւ լինի այդ իրավունքին միջամտության իրավաչափության ստուգում ու խախտման դեպքում՝ հատուցում։ Կարո՞ ղ ենք ասել՝ ՀՀ-ում քանի՞ դեպք է եղել, որ վարչական մարմինը հատուցել է խախտված իրավունքի դիմաց։ Ինձ չի հանդիպել որեւէ դեպք, Հայաստանի պատմության մեջ արտադատական կարգով վնասի հատուցման որեւէ դեպք չի հանդիպել։ Եվ եթե չկա վնասի հատուցման գեթ մեկ դեպք, նշանակում է՝ մենք իրավական պաշտպանության միջոցների զարգացման եւ եվրաինտեգրման ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունենք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930