Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդում է ապացույց ճանաչել Վահե Ավետյանի «գանգոսկրի մի հատվածը»

Հոկտեմբեր 10,2012 17:22

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի,  Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի սպանության գործով:

Այսօր Արմեն Բաղդասարյանի նոր պաշտպանը՝ Միհրան Պողոսյանը, կարճատեւ՝ 15 րոպե հանդիպում խնդրելով իր պաշտպանյալի հետ, ինչպես նաեւ երկրորդ հատորը պահանջելուց հետո դատարանում հայտնեց, որ առանձին տեսակցություն իր պաշտպանյալի հետ չի հաջողվել, ինչին դատավոր Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ նիստից հետո համապատասխան փաստաթղթով հնարավորություն կտրվի նրան մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ այդ հարցը կարգավորելու համար:

Միեւնույն ժամանակ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատարանի կողմից իրեն տրամադրված 2-րդ հատորից պակասում է 70-71 էջը, այսինքն՝ չկա իր պաշտպանյալի նկատմամբ կալանք ընտրելու որոշումը: Դատավորը այդ կապակցությամբ արձանագրեց, որ չի հետազոտվել քրգործի նյութերը, հետեւաբար չի կարող ասել, թե ինչ է պակաս գործի նյութերում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Եգորյանը ասաց, որ ունի 17 էջից բաղկացած 20 միջնորդություն: Սակայն 8-րդ միջնորդությունը դեռ չէր հասցրել ավարտել, երբ պաշտպանական կողմը ընդհատեց նրան, ասելով, որ հղումներ է արվում ամբաստանյալների ցուցմունքներից, դեռեւս չհետազոտված ապացույցներից:

Ռ. Եգորյանը հասցրել էր միջնորդել, որպեսզի տեղազննություն կատարվի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որպեսզի առգրավվեն այնտեղի տեսաձայնագրման պրոցեսորները, համակարգիչները, ինչպես նաեւ տուժող  Վահե Ավետյանի «գանգոսկրի եւ մարմնի համապատասխան հատվածը»… Հենց այդ պահին էր, որ պաշտպանական կողմը ընդմիջեց՝ ընդվզելով տուժողի ներկայացուցչի գործողությունների դեմ, անգամ հարցնելով. «Ի՞նչ կապ կա տուժողի գանգուղեղի հատվածի եւ պրոցեսորի միջեւ, ինչո՞ւ տուժողի ներկայացուցիչը չի հիմնավորում իր միջնորդությունը»:

Ռուբեն Եգորյանը պաշտոնական կողմի առարկությունները դիտեց իբրեւ իրենց իրավունքների, արտահայտվելու սահմանափակում, ինչին բնականաբար առարկեց նաեւ դատավորը, հավաստելով, որ որեւէ սահմանափակում չկա: Պաշտպանական կողմը խնդրում էր, որ միջնորդությունները քննարկվեն առանձին-առանձին, սակայն այստեղ էլ դատախազ Արթուր Դավթյանը «որեւէ վտանգ» չտեսավ, ասելով, որ միջնորդությունները կարող են ներկայացվել միասին  եւ որ կողմերը զրկված չեն լինի իրենց դիրքորոշումն արտահայտելուց: Սակայն պաշտպանական կողմը գտնում էր, որ մասնավորապես՝ ընթերականերին հրավիրելու, շենքի կրկնակի տեղազննություն կատարելու եւ այդ կարգի միջնորդությունները ոչ միայն պետք է առանձին-առանձին քննության դրվեն, այլ դատավորը պետք է մտնի խորհրդակցական սենյակ: Դատավորը կրկին թույլատրեց, որպեսզի Եգորյանը շարունակի իր միջնորդությունը: Ի դեպ, միջնորդության մեջ հղում արվեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի, «Հարսնաքարի» աշխատակիցների ցուցմունքներին, ինչը դարձյալ պատճառ դարձավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությունը ընդհատելուն: Դատախազը նույնիսկ ակնարկեց, որ վերախմբագրման կարիք կա, ինչին սակայն տուժող կողմը համաձայն չէր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031