Շենգավիթում 28-ամյա «Կյաժ Աշոտի» սպանության գործով մեղադրյալ Կոնստանտին Հունանյանին՝ «Կոկո»-ին, որը կալանքի տակ գտնվելու պայմաններում շուրջ 2 տարի առաջ փախուստի էր դիմել «Արթմեդ» ԲԿ-ից, արտահանձնվել է Հայաստանին։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները՝ նշելով, որ Հունանյանն այժմ ՔԿՀ-ում է գտնվում, իսկ քրեական գործերի քննությունը շարունակվում է։ Նշենք, որ Հունանյանը դեռ ամիսներ առաջ էր հայտնաբերվել Վրաստանում, սակայն արտահանձնման գործընթացը ձգձգվում էր։
Քրեական հեղինակություն համարվող «Ալավերդյանցի Կոկոն»՝ Կոնստանտին Հունանյանը, «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի է դիմել 2024թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հունանյանը ՔԿՀ-ից ԲԿ էր տեղափոխվել ստացիոնար բուժում ստանալու նպատակով։ Փախուստի դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի՝ կալանավորի փախուստի և 446-րդ հոդվածի ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։
Իրավապահների հսկողության տակ գտնվելու պայմաններում փախուստի դիմած Հունանյանը հայտնաբերվել է շուրջ վեց ամիս անց՝ 2025թ․ ապրիլին՝ Վրաստանում և արդեն շուրջ մեկ տարի չի արտահանձնվել, իսկ սպանության գործից Հունանյանի մասով դրվագն անջատվել է և քննվում է առանձին վարույթով, սակայն քննություն, որպես այդպիսին, չէր իրականացվում․ դատական նիստերը հետաձգվում էին՝ Հունանյանի՝ արտահանձնված չլինելու հիմքով, սակայն գործերի քննությունն այժմ բնականոն հունով է ընթանում։
Նշենք, որ Կոնստանտին Հունանյանը կալանքի տակ էր Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրեվել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի», սպանության գործով։ Մինչ այդ էլ՝ Հունանյանը դատապարտված է եղել ավազակային հարձակման գործով։
Կարդացեք նաև
Նշենք, որ Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի» աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2020թ հունիսի 9-ին՝ Շենգավիթում. Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ, որի ընթացքում վիճաբանության Աշոտ Պետրոսյանը ստացել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով «Շենգավիթ» ԲԿ-ում մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի։ Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող կարճափող ատրճանակ, մի խումբ անձանց՝ Կամո Խաչատրյանի, Սամվել Քրմոյանի, Համլետ Թորոսյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Թադևոսյանի և գործով չպարզված անձանց հետ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Աշոտ Պետրոսյանին, իսկ այնուհետև՝ ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաշեն գնդացիր-ատրճանակ, 1975թ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Համլետ Թորոսյանը մեղադրվում է ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ Աշոտ Պետրոսյանին սպանելու մեջ, Կամո Խաչատրյանը՝ ակոսափող հրազեն պահելու, կազմակերպված խմբի կողմից Պետրոսյանին սպանելու, ինքնաշեն գնդացիր-ատրճանակ և փամփուշտներ ձեռք բերելու և պահելու, Տիգրան Հակոբյանը՝ «АКМ» տեսակի ինքնաձիգ հրազեն ձեռք բերելու, կրելու, կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու, Դավիթ Թադևոսյանը և Սամվել Քրմոյանը՝ ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև՝ սպանություն կատարելու, իսկ Վարդգես Այվազյանը մեղադրվում է Աշոտ Պետրոսյանի սպանությանն օժանդակելու մեջ։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2021թ․-ին։ Գործն արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Լ․ Գրիգորյանի վարույթում է։ Հունանյանի մասով դրվագն անջատվել է, գտնվում է նույն դատավորի վարույթում։
Նշենք, որ նախաքննության փուլում ևս Կոկոն դիմել էր փախուստի ու շուրջ 1 տարի էր պահանջվել նրան հայտնաբերելու համար, թեև գտնվել էր Հայաստանում։ 2020 թվականից հետախուզման մեջ գտնվող «Կոկոյին» իրավապահները հայտնաբերել էին միայն 2021 թվականի օգոստոսին՝ Կենտրոնում գտնվող բնակարանում։ Այժմ Հունանյանի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ է ուղարկվել դատարան, որը նախօրեին է մակագրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։ Այս վարույթը վերաբերում է «Արմավիր» ՔԿՀ-ում Հունանյանի խուզարկությամբ կտրող-ծակող զենք հայտնաբերելու դեպքին։
Իզաբել Սահակյան



















































