
Տիկին Գյուլզադյանը փաստեց, որ երեխաների հաջողությունների գործում իրենց ներդրումն ունեն նաեւ ուսուցիչները, սակայն աստղագիտություն առարկան, ցավոք, մասսայականացված չէ եւ դասավանդումը համատարած բնույթ չի կրում:
Կորեայում հայ պատանիների հետ մրցել են 20-ից ավելի երկրի՝ Չինաստանի, Ինդոնեզեայի, Թայլանդի. Չեխիայի, Ռուսաստանի երեխաները:
«Մինչ օլիմպիադայի բացումը բոլոր երեխաներն անցել են մարզումներ, իսկ բացման ընթացքում ներկայացրել իրենց երկրի մշակույթը: Մեր օլիմպիականներից Սիրանուշ Բաբախանովան հայկական պար ցուցադրեց, ինչից բոլորը հիացած էին: Նախկինում մասնակիցները լսել են Հայաստանի պատմությունը, բայց այս անգամ մենք որոշեցինք մեր մշակույթը յուրահատուկ կերպով ներկայացնել»,-ասաց Մարիետա Գյուլզադյանը:
Կարդացեք նաև
Ֆիզմաթ դպրոցի սան Սիրանուշ Բաբախանովան Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ օլիմպիադայի մասնակիցների հետ շփվելու շատ ժամանակ չի ունեցել, բայց սոցցանցով կապ է պահպանում ռումինացի եւ ռուս տարեկիցների հետ. «Կցանկանայի հաջորդ տարի՝ Լիտվայում նույնպես տեսնել նրանց: Առհասարակ, օլիմպիադան մեզ համար ոչ թե քննություն էր, այլ գիտության տոն: Մենք հնարավորություն ունեինք ժամերով կենտրոնանալ առաջադրված խնդրի վրա եւ ուժերը միավորելով՝ դառնալ մեկ ամբողջություն: Ինձ հատկապես դուր եկավ Կորեայի ազգային ուտեստը եւ տարազները, անգամ թույլ տվեցին հագնել դրանք եւ լուսանկարվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































