Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը բավարարել է նախկին քաղաքապետի որդու հայցը

Նոյեմբեր 17,2012 15:46

Իջեւանի  նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2007թ. հունիսի 22-ին թիվ 133 որոշումով հաստատել է    քաղաքաշինական նպատակներով հողամասերի տրամադրման մրցույթի  եզրափակիչ արձանագրությունները եւ քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ա. Հակոբյանին, մասնագետ Է. Քամալյանին հանձնարարել է  կազմել հողահատկացման փաստաթղթեր, մրցույթի հաղթողների հետ կապել հողամասերի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագրեր:

Այդ որոշումով Իջեւանի Անկախության փողոցի 1/41 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր տարածքը 99 տարով,տարեկան 45000 դրամ վարձավճարով հատկացվել է Վարուժան Ներսիսյանի որդուն՝ Նաիրի Ներսիսյանին: Հողամասի տրամադրման նպատակը Տավուշի մարզպետարանի շենքից  մոտ 50 մ հեռավորությամբ  գտնվող քաղաքային զբոսայգու լճակի մոտ առեւտրի եւ սպասարկման օբյեկտ  կառուցելն է:

Դրանից հետո, 2007թ. հուլիսի 18-ին համայնքի ավագանու նիստում քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հայտնելով, որ «Սի-Էյչ-Էֆ» կազմակերպության աջակցությամբ քաղաքային զբոսայգու լճակի եւ դրա շրջակայքի նորոգման ծրագիր է իրականացվում, առաջարկել է որպես համայնքի ներդրում  հատկացնել  9 միլիոն դրամ(4 միլիոն դրամը՝ լճակի, 5 միլիոնը՝դրա շրջակայքի բարեկարգման համար): Ավագանին հաստատել է  քաղաքապետի առաջարկը: 2011թ. նոյեմբերի 11-ին Իջեւանի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղալումյանը: 2011թ. դեկտեմբերի 22-ին  Նաիրի Ներսիսյանի եւ Իջեւանի քաղաքապետարանի(լիազորված անձ Արամ Մելիքսեթյանի) միջեւ կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որը նոտարական վավերացում է ստացել: Դրա նախօրեին՝դեկտեմբերի 21-ին  Վ. Ներսիսյանի, որպես քաղաքապետի լիազորություններն ավարտվել են: Նույն օրը նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրավոր դիմել է  անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում  եւ հայտնել, որ Վարուժան Ներսիսյանի լիազորությունները ավարտվել են, եւ  վերջինիս կամ նրա լիազորած անձի հետ կնքված պայմանագրերը իրավական  ուժ չուեն: Կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումը այդ պատճառով մերժել է հիշյալ   հողամասի նկատմամբ իրավունքների գրանցման Նաիրի Ներսիսյանի դիմումը: Վերջինս հասարակական կառուցապատման իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  դեմ հայց  է ներկայացրել վարչական դատարան, որպես երրորդ անձ հանդես է եկել Իջեւանի քաղաքապետարանը:

2012թ. նոյեմբերի 6-ին վարչական դատարանը՝ նախագահությամբ Ռուզաննա Հակոբյանի բավարարել է Նաիրի Ներսիսյանի հայցը : Դատավորը  վճիռը մասնավորապես այդպես է հիմնավորել. «Համայնքի ղեկավարի պաշտոնատար անձի փոփոխությունը ինքնին չի կարող  հանգեցնել նախկին պաշտոնավորող անձի կողմից տրված լիազորորագրի գործողության դադարեցմանը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լիազորագրողը(համայնքի ղեկավարը) վերացնի լիազորագիրը,ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել»: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն  «Առավոտի» թղթակցին ասաց, որ համայնքի բյուջեից 9 միլիոն դրամ է ներդրվել այդ տարածքի բարեկարգման համար, սակայն դրանից հետո  կնքված  պայմանագրով քաղաքի կենտրոնում գտնվող 1500քմ տարածքի  տարեկան վարձավճարը նույնն  է մնացել՝ 45000 դրամ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930