Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները «ամենածանր բեռը» թողել են Ուկրաինայի եւ Ղազախստանի վրա

Հունվար 11,2013 13:31

ՌԴ-ի համար կարեւոր է, որ ՀՀ-ն նույնիսկ ձեւականորեն ցույց տա, թե չի խուսափում ՌԴ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներից:

Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան բանակցություններ են վարում Բրյուսելի հետ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ: Ինչպես հայտնի է, ակնկալվում է, որ փաստաթղթի ստորագրման դեպքում այս երկրներում արտադրված ապրանքները կարող են անարգել եւ շահավետ պայմաններով մուտք գործել եվրոպական գնողունակ շուկա: ԵՄ-ի պայմանագիրը իր առաջարկով կարող է նպաստել նոր ներդրումների իրականացմանը հետխորհրդային երկրներում, մինչդեռ ՌԴ նախագահի նախաձեռնած Մաքսային միության գաղափարի շուրջ հստակ հեռանկարներ դեռեւս չեն ուրվագծում:

Հունվարի 9-ին Եվրամիությունում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեեւը տեղական մամուլում հրապարակած հոդվածում ներկայացրել է պաշտոնական Կիեւի տեսակետը՝ Պուտինի նախաձեռնած Մաքսային միությունը անհնար է համատեղել Եվրամիության առաջարկած ազատ առեւտրի գոտու հետ: Դիվանագետը նկատել է, որ նախկին Խորհրդային Միության պետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ուկրաինան, կարող են միաժամանակ անդամակցել թե՛ ԵՄ ազատ առեւտրի գոտուն, թե՛ ԱՊՀ տարածքում ստեղծված նույնանման կառույցին, սակայն չեն կարող անդամակցել Մաքսային միությանը, որի շուրջ համախմբվել են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: «ԵՄ-ի հետ ազատ առեւտրի այս պայմանագիրը պահանջում է, որ ուկրաինական ընկերությունները աստիճանաբար բարելավեն իրենց արտադրած ապրանքների որակն ու արդյունավետությունը, մինչդեռ ԱՊՀ-ի հետ առեւտուրը գուցե տնտեսական իրողությունների պահանջ է, սակայն չի խթանում փոփոխություններ: Առեւտուրը Եվրամիության հետ ներդրում է ապագայի մեջ»,- գրել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպանը: Ի դեպ, Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Բրյուսելում, գագաթնաժողովի անցկացման ժամկետները համաձայնեցվել են Ուկրաինայի եւ Մաքսային միության հնարավոր համագործակցության վերաբերյալ բանակցությունների ակտիվացումից հետո:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը խուսափել էր ուղղակիորեն հաստատել ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի եւ «ԵվրԱզԷս»-ի միջեւ։ «Մենք այժմ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ։ Հայաստանը ազատ ու ինքնիշխան է ցանկացած համաձայնագրի մեջ մտնելու հարցում, այդ թվում նաեւ՝ երրորդ երկրների հետ համաձայնագրի մեջ մտնելու առումով»,- ասել էր Կոչիյանչիչը։ Խոսնակը հավելել էր, որ Հայաստանի անդամակցությունը ազատ առետրի պայմանագրին երրորդ երկրների հետ չի հակասում ԵՄ-ի հետ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի բանակցություններին։ Սակայն խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է առավելապես մաքսային միություններին. «Եթե Հայաստանը որոշի միանալ որեւէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կնքվելիք երկկողմանի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի հետ։ Բանն այն է, որ Մաքսային միությունը ընդհանուր արտաքին առեւտրական քաղաքականություն ունի, եւ անհատ երկրները, որոնք անդամակցում են այդ Մաքսային միությանը, այլեւս ինքնիշխան չեն իրենց արտաքին առեւտրի քաղաքականության բնագավառում»:

Այսպիսով՝ ասվածից կարելի է բխեցնել, որ ՌԴ-ի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ Մաքսային միության մեջ մտնելը հակասում է ԵՄ-ի հետ ընթացող բանակցությունների շրջանակում Հայաստանի ստանձնած պայմանավորվածություններին, հակասում է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրին, ուստի ԵՄ-ն զգուշացնում է Հայաստանին։

Նկատենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները եւս այս առիթով բավական հստակ եւ միանշանակ են արտահայտվել: Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն. Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որտեղ է իր շահը՝ Երեւանում վերջերս հայտարարել էր ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը՝ հավելելով. «Ես կարծում եմ՝ Հայաստանը դեռ ժամանակ ունի մտածելու, թե որտեղ են իր համար ամենաձեռնտու շահերը: Համոզված եմ, որ Հայաստանը կուզենա որոշակի հարաբերություններ ունենալ Եվրասիական միության հետ, բայց նաեւ կարծում եմ, որ ձեր կառավարությունն ավելի շատ հակված է այնքան մոտենալ ԵՄ-ին, որքան ԵՄ-ն թույլ կտա: Հենց այսպիսի ձեւակերպում է տվել ձեր նախագահը»:

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նոյեմբերին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ՀՀ բազմավեկտոր քաղաքականության՝ ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՊՀ-ի հետ համագործակցության, ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ նշել էր. «Դուք ինքներդ պատասխանեք՝ կուզեք ի՞մ երկրի հետ գործ ունենալ, թե՞ ինչ-որ միջինասիական երկրի: Մի կողմից՝ ԵՄ-ին ինտեգրվելը ես հասկանում եմ: Եվ եթե ես ճիշտ եմ հասկանում նախագահի եւ վարչապետի խոսքերը, ապա դա է երկրի արտաքին քաղաքականության բռնած ուղին: Իսկ ի՞նչ ունենք մյուս կողմում. Եվրասիական միություն: Կա՞ այդպիսի կազմակերպություն: Ի՞նչ է Եվրասիական միությունը: Երբ լինի այդպիսի կազմակերպություն, այդ ժամանակ էլ կխոսենք, թե ինչերի միջեւ է պետք ընտրություն կատարել: Նայեք՝ դուք ունեք տուն, ընտանիք, հարեւաններ, ամուսին, սիրեկան կամ ընկեր, ու դուք բոլորին գիտեք: Ու կա ապագայում ինչ-որ բան: Ընտրել ինչերի՞ միջեւ: Ընտրությունը պետք է իրական լինի: Եվրասիական միություն գոյություն էլ չունի»:

Իսկ ավելի վաղ՝ մայիսի վերջին, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում նկատել էր, թե ՀՀ իշխանությունները մի կողմից՝ հետաքրքրված են ԱՊՀ-ի հետ հարաբերությունները ինտենսիվացնելուն՝ հիմք ընդունելով ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի պայմանագիրը, իսկ մյուս կողմից՝ ԵՄ երկրների հետ առեւտրատնտեսական եւ քաղաքական հարաբերությունների խորացումը՝ Ասոցացման պայմանագրի ընդունմամբ։ «Իրարամերժ է եւ անհնար է մի կողմից, օրինակ, ԵՄ-ի հետ ազատ առեւտրի եւ խորը եւ համապարփակ գոտու համաձայնագրին միանալը, մյուս կողմից՝ միաժամանակ նաեւ Եվրասիական միության մաս կազմելը կամ Մաքսային միությանը միանալը»,- շեշտել էր նա:

«Առավոտ»-ի հետ զրույցում երեկ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադառնալով մեր դիտարկմանը, թե արդյոք առաջիկայում ՀՀ իշխանությունների կողմից ե՞ւս հնարավոր է կոնկրետ հայտարարություններ հնչեն Եվրասիական միության եւ Մաքսային միության անդամակցության հեռանկարների վերաբերյալ, նա նկատեց, թե ՀՀ իշխանությունները փորձում են խուսափել հստակ պատասխանից եւ միգուցե նաեւ ակնկալելով, որ Եվրասիական միության եւ Մաքսային միության հետ կապված գլխավոր խնդիրը առայժմ Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ է: «Գուցե սպասում են, թե այս «գործընթացը» տապալվի Կիեւի եւ Աստանայի մեղքով, եւ այդ դեպքում Հայաստանն արդեն ստիպված չի լինի սկզբունքային հայտարարություններով հանդես գալ: Հետեւաբար դա որեւէ ձեւով չի անդրադառնա Հայաստանի համար ավելի կարեւոր նշանակություն ունեցող, օրինակ՝ ռազմաքաղաքական էլեմենտի վրա Ռուսաստանի հետ՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների առումով»,- նշեց մեր զրուցակիցը։ Ս. Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ վերջին կես տարվա ընթացքում Սարգսյան-Պուտին հանդիպման քննարկումները, որոնք տեղի են ունեցել 2012թ. օգոստոսի հայտնի հանդիպումից հետո, բոլոր հայտարարությունները առավել քան մեղմ են: «Հայաստանի իշխանությունները գործընթացը դիտարկում են ոչ թե որպես իրատեսական տնտեսական շահ ունեցող գործընթաց, այլ ավելի շատ Հայաստանի դեպքում գործ ունենք Մոսկվային ուղղված լոյալության ինչ-որ մեսիջի հետ, այսինքն՝ Հայաստանն իբր պատրաստվում է այդ համագործակցությանը, բայց ոչ ավելին: Այս առումով ես կարծում եմ, որ Հայաստանը կշարունակի մոտակա ժամանակահատվածում եւս այս ռազմավարությունը՝ «ամենածանր բեռը» թողնելով Ուկրաինայի եւ Ղազախստանի վրա»,- նկատեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը:

Այսինքն՝ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ Մոսկվան ժամկետների հարցում չի՞ շտապեցնի Սերժ Սարգսյանին արագ կողմնորոշվելու՝ հարցրինք Սերգեյ Մինասյանին: «Իհարկե, մի հանգամանք կա: Կարծում եմ՝ եթե մինչեւ նախագահական ընտրությունները Վլադիմիր Պուտինը ժամանի Հայաստան, ապա այդ դեպքում հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները փորձեն ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ, որը Մոսկվայի կողմից կգնահատվի որպես լոյալության ազդանշան Հայաստանի կողմից Եվրասիական միության հետ համագործակցության շրջանակներում, ինչը ժամանակային առումով Հայաստանին հնարավորություն կտա մինչեւ վերջ սպասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան: Ես համոզված չեմ, որ Ռուսաստանում պատրաստ են ամբողջ տնտեսական բեռը իրենց ուսերին վերցնել: Տնտեսական առումով Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին իրատեսական կլինի միայն ՌԴ-ի կողմից բավական մեծ՝ միլիարդանոց պետական օժանդակության պայմաններում: Բայց այս պահին Ռուսաստանի համար կարեւոր է, որ Հայաստանը նույնիսկ ձեւականորեն ցույց տա, թե ինքը չի խուսափում ՌԴ-ի հետ տնտեսական ինտեգրման գործընթացների մասնակցությունից: Սակայն կարծում եմ, որ Մոսկվան հասկանում է՝ Հայաստանի դեպքում դա կարող է իրատեսական լինել միայն մեծ գումարների ներդրման պարագայում: Իսկ այժմ հարցը Ուկրաինայի եւ Ղազախստանի դեպքում հստակություն մտցնելու կարիք ունի, իսկ դա առնվազն մի քանի տարիների աշխատանք է պահանջում»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031